Մասաչուսեթսի դատարանը մերժել է թուրքական կողմի հայցը. Թուրքիան նոր խորամանկությունների է դիմում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 11, 2009 19:19

Ալեքսանդր ՄանասյանՄասաչուսեթս նահանգի շրջանային դատարանը մերժել է հայցը, որով թուրքական կողմը պահանջում էր թույլ չտալ դպրոցական դասագրքերում ընդգրկել Հայոց ցեղասպանության մասին փաստերը: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում ևս օրենք է ընդունվել, ըստ որի` դպրոցական դասագրքերում ներառվելու են Հայոց ցեղասպանության մասին պատմող նյութեր: Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը սա համարում է առաջընթաց Ցեղասպանության ճանաչման գործում. Թուրքիան հասկացել է` ապարդյուն է պահանջել հայերից հրաժարվել ցեղասպանության պահանջատիրությունից:

Նա կարծում է, որ հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիան այժմ հանդես է գալիս քողարկված նախապայմաններով և փորձում է խորամանկություն անել. ոչ թե պահանջում է Ղարաբաղը «վերադարձնել», այլ առաջարկում է հարաբերությունները սկսել տարածաշրջանի համար այդ կարևոր խնդրի լուծմամբ:

«Ադրբեջանը վերածվել է Թուրքիայի մեծ նահանգներից մեկի և ամբողջությամբ թուրքականացված է,- ասում է Մելքոնյանը,- Պանթուրքիստական գաղափարախոսությունն այսօր էլ ակտիվ է. Թուրքիան միջինասիական թուրքալեզու պետություններում ձգտում է ավագ եղբոր դեր ստանձնել, ակտիվ է նաև թուրքական համայնք ունեցող երկրներում»:

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն էլ նշում է, որ Թուրքիան և Ադրբեջանը արտաքին հարաբերություններում ներկայանում են համաձայնեցված սցենարով. «Թուրքիան Եվրամիություն մտնելու խնդիր ունի, այդ պատճառով էլ Հայաստանի հետ ավելի մեղմ է «խոսում», իսկ գրոհողի դերը ստանձնել է Արդբեջանը»:

Ռուբեն ՄելքոնյանԹուրքիան, ըստ Մելքոնյանի, այժմ առաջնային է համարում Կարսի պայմանագրի ճանաչումը Հայաստանի կողմից, քանի որ հողային հարցը թուրք հասարակության կողմից շատ ցավոտ է ընդունվում. «Հայրենիքի սահմանը փոխել հնարավոր չէ» կարգախոսով սերունդներ են դաստիարակվել: Սակայն Կարսի պայմանագիրը հաստատել ցանկացող Թուրքիան ինքն է խախտում այդ պայմանագրի դրույթները. փակ է հայ-թուրքական սահմանը, չի գործում երկու երկրների միջև երկաթգիծը»:

Մելքոնյանն ասում է` հայ-թուրքական հարաբերություններն ավելի դանդաղ կզարգանան և մոտ ապագայում հավանական չէ, որ սահմանը կբացվի. «Թուրքիայում հայերի մեջ թշնամի են տեսնում, քանի որ տարիներ շարունակ հակահայկական քարոզչություն է տարվել պետական մակարդակով: Կեսարիայում 250 000 ստորագրույթուն են հավաքել` ընդդեմ հայ-թուրքական սահմանի բացման»:

Միևնույն ժամանակ, ըստ Մելքոնյանի, թուրքական լրատվամիջոցներն աշխատում են ստեղծել բարի և մեծահոգի Թուրքիայի և խղճահարության արժանի ու սահմանից կախում ունեցող Հայաստանի պատկեր, որպեսզի հիմնավորեն սահմանի հնարավոր բացումը: Ըստ թուրքագետի` թուրքական լրատվամիջոցներն աղավաղում են հայաստանյան իրականությունը` փորձելով ցույց տալ, որ ցեղասպանության ճանաչում պահանջում են միայն փոքրաթիվ ազգայնամոլները:

Դիտվել է 1064 անգամ:
Print Friendly

Leave a Reply