Ընդդիմադիրի քաղաքական սալտոն

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 30, 2012 17:00

ՀԱԿ քաղխորհրդի նախկին անդամը ողջունում է ԲՀԿ-ին և նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանի կեցվածքը: Այսօր` մարտի 30-ին նկայացած մամուլի ասուլիսի ժամանակ, Գորիսի նախկին քաղաքապետ, ՀԱԿ քաղխորհրդի նախկին անդամ Սամվել Հարությունյանը, ով ընդամենը մի քանի շաբաթ առաջ է լքել ՀԱԿ շարքերը և այժմ ինքնառաջադրմամբ թեկնածություն է ներկայացրել թիվ 37 ընտրատարածքից (Սիսիան և Գորիս քաղաքները` գյուղերով) մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր ընտրվելու համար, նշեց, որ ԲՀԿ վերջին համագումարն իրեն շատ է դուր եկել և, Բարգավաճ Հայաստանի հետ կապված, ինքը շատ ուրախ է:

“Համագումարն ինձ դուր եկավ, շեշտադրումները դուր եկան`  ոչ միայն մանր ու միջին բիզնեսի պաշտպանության, ոչ միայն արտագաղթի հետ կապված, առավել ևս` արդարության հետ կապված: Ես ուրախ եմ, որ այդ ուժը, որ շատ լուրջ լծակներ ունի, ենթարկվել է, իր նախագահի գլխավորությամբ` Գագիկ Ծառուկյանի, Հայաստանում վերջապես ազատ ու արդար ընտրություն անցկացնելու հրամայականին”,- նշեց Սամվել Հարույթունյանը:

Որպես ՀԱԿ-ից հեռանալու պատճառ, նա նշեց, որ ռազմավարության ու մարտավարության հետ կապված շատ անհաղթահարելի խոչընդոտների պատճառով է դուրս եկել քաղխորհրդից և ՀԱԿ-ից, այլ  ոչ թե ընտրությունների մասնակցության հետ կապված:  Սամվել Հարությունյանը ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանին դեմ հանդես եկող ամենաակտիվ գործիչներից մեկն էր, հետո` Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին կանգնած ու սատարող ամենաակտիվ գործիչներից մեկն էր, իսկ այժմ հեռացել է ՀԱԿ-ից ու գովերգում է ԲՀԿ-ի համագումարն ու Գագիկ Ծառուկյանի կեցվածքը:

“Անկախ”-ի այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ մոտ ապագայում լինի Գագիկ Ծառուկյանի ամենաակտիվ աջակիցներից մեկը, նա պատասխանեց. “Իսկապես,  ես Լևոն-Տեր-Պետրոսյանին խստագույնս քննադատել եմ, և ոչ թե ու ոչ միայն հանրահավաքների ժամանակ, այլև իր աշխատասենյակում` իր մոտ անցկացված նիստերի և խորհրդակցությունների ժամանակ` կառավարության նիստերում և այլն, և այլն: Կրկնում եմ` ես, համոզվելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ընդունում է իր սխալները, վերաիմաստավորում է անցյալը և վճռականորեն ներկայանում է հայոց ասպարեզում, ոչ թե նախագահ դառնալու, ինչպես ինքը քանիցս ասել է, այլ, իր խոսքերով ասած, “ավգյան ախոռները” մաքրելու վճռականությամբ, ես ողջունել եմ այդ”:

Գորիսի նախկին քաղաքապետը նշեց նաև, որ ինքը երբևէ ներբող չի ձոնել Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին: Այլ այդ պայքարին մասնակցել ու շարունակում է մասնակցել: Կհամագործակցի նաև ոչ միայն կոնգրեսի, այլև մյուս բոլոր ուժերի հետ, որպեսզի մեր երկրում հաստատվի արդարության մթնոլորտ:

“Ինչ վերաբերում է իշխանական կուսակցություններին, ես քննադատել եմ, ոչ միայն ՀՀԿ-ին, նաև ԲՀԿ-ին, առավել ևս` ՕԵԿ-ին: Իսկ եթե մարդիկ ընդունում են, որ ենթարկվում են այդ հրամայականին, որ արտագաղթի կանխման, Հայաստանի զարգացման խոչընդոտը անարդարությունն է, մանավանդ անարդար ընտրությունը և պատրաստ են վճռականորեն պայքարել անարդարության դեմ և այլն, ապա ոչ միայն ես, այլ նաև բոլոր հայորդիները, պետք է ողջունեն: Ես ընդամենը դա ասացի: Ես բոլորի հետ ուս-ուսի կտամ` Լևոն Տեր-Պետրոսյանի, Գագիկ Ծառուկյանի և մնացած բոլորի, որպեսզի այս վայրի կամայականություններին վերջակետ դնենք”,- նշեց բանախոսը:

Դիտվել է 957 անգամ:
Print Friendly

Leave a Reply