Նախկին քաղաքապետն ընդդեմ նախկին փոխնախարարի

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 30, 2012 16:55

Թիվ 37 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու, Գորիսի նախկին քաղաքապետ, ՀԱԿ քաղխորհրդի նախկին անդամ Սամվել Հարությունյանը դատի է տվել նույն տարածքում մեկ այլ թեկնածու` ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանին: Այսօր` մարտի 30-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Գորիսի նախկին քաղաքապետը ներկայացրեց այդ երևույթի հանգամանքները:

“Թեկնածուներից մեկը Թաթուլ Հակոբյանն է` առողջապահության նախկին փոխնախարար: 2010 թվականի նոյեմբերի 9-ին ազատվել է փոխնախարարի պաշտոնից: Այս մարդը մի կարճ ժամանակ անց գնաց և աշխատանքի անցավ Դանիայի Թագավորությունում` առողջապահության համաշխարհային կազմակերպությունում: Հիմնական աշխատանքի է անցել: Ես դիմել եմ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետին.  այդ ինչպե՞ս եղավ, որ այդ վարչությունը, սեփական նախաձեռնությանմբ, Խաչատուր Սուքիասյանի և Էդուարդ Մադաթյանի հետ կապված, ասում են նաև` ուրիշների, ապօրինի ճանաչեց իր իսկ բաժանմունքների կողմից տրված տեղեկանքները, բայց մյուսների նկատմամբ` օրինակ, Թաթուլ Հակոբյանի նկատմամբ չի կիրառել: Այս մարդն այնտեղ հիմնական աշխատանքի է, իսկ դա ենթադրում է, որ այնտեղի բնակիչ է”,- ասաց Սամվել Հարությունյանը:

Նա հայտնեց, որ ինքը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` պատգամավորության թեկնածու առաջադրված Թաթուլ Հակոբյանի` վերջին 5 տարում ՀՀ-ում բնակվելու մասին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Նոր-Նորքի բաժանմունքի կողմից տրված տեղեկանքը անվավեր ճանաչելու:

Ի դեպ` Թիվ 37 ընտրատարածքում առաջադրված 5 թեկնածուներից հանրությանն առավել հայտնի և ճանաչելի են նույն Սամվել Հարությունյանը` Գորիսի նախկին քաղխորհրդի գործկոմի նախագահը, և առողջապահության նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանը, ով ծագումով սիսիանցի է, հետևաբար տեղի բնակչությանը քաջածանոթ: “Անկախ”-ի հարցին, թե արդյո՞ք հենց այն պատճառով է պարոն Հարությունյանը դատի տալիս Թաթուլ Հակոբյանին, որովհետև նրան տեսնում է, որպես իրեն ամենահավանական հակառակորդ, բանախոսը պատասխանեց. “Վախի զգացումը ինձանից շատ հեռու բան է: Իմ արդյունքներն այնպիսին են եղել, որ որևէ մեկը` ես չեմ ուզում վիրավորել որևէ մեկին, բայց յուրաքանչյուր մարդ պետք է հարգի այդ արդյունքները: Կան մարդիկ, ում նկատմամբ անձնագրային և վիզաների վարչությունը վերաբերմունք է դրսևորել և ապօրինի է ճանաչել իր իսկ տված տեղեկանքները, և իմ ասածը միայն սա է, որ լինենք օրինապահ”

 

Դիտվել է 1038 անգամ:
Print Friendly

Leave a Reply