Ծաղկազարդ

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | April 1, 2012 6:00

 

Լուսանկարը` Նազիկ Արմենակյանի

Տոնը հայտնի է նաև Ծառզարդար, Ծառկոտրունք անուններով: Սա շարժական տոն է և նշվում է Զատիկից մեկ շաբաթ առաջ: Համաձայն քրիստոնեական եկեղեցու` տոնը խորհրդանշում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ: Երբ Հիսուսն ավանակի վրա նստած մտնում է Երուսաղեմ, համաձայն Աստվածաշնչի, դիմավորողները նրա առջև փռում են իրենց զգեստներն ու ձիթենու, արմավենու ճյուղեր: Հագուստներ փռելը հին աշխարհում խորհրդանշել է մեղքերից քավություն ստանալը, իսկ ծառի ճյուղերը` փառքը, հաղթանակը (հիշենք դափնեպսակը հին Հունաստանում):

Իրականում այս տոնը նույնպես նախաքրիստոնեական արմատներ ունի և նվիրված է եղել գարնան զարթոնքին, հարություն առնող բնությանը: Բնության և գարնան պաշտամունքը հայոց հին դիցարանում կապված էր Արա Գեղեցիկի պաշտամունքի հետ:

Ինչպես ավանդությունն է պատմում, Արա Գեղեցիկի սպանությունից հետո Շամիրամը նրա դին դնում է բարձր լեռան գագաթին, որպեսզի արալեզները նրան կենդանացնեն: Այսինքն` Արա Գեղեցիկը խորհուրդն է մեռնող և հարություն առնող բնության, և Ծաղկազարդը ի սկզբանե նվիրված էր հենց նրան:

Ծաղկազարդը կոչվում է նաև Ծառազարդ և անմիջականորեն կապված է եղել նաև Կենաց ծառի պաշտամունքի հետ: Հայաստանում ծառի պաշտամունքը ամուր արմատներ է ունեցել: Պաշտամունքի առարկա են եղել հատկապես բարդին, սոսին: Արմավիր մայրաքաղաքի մոտակայքում էր նշանավոր Սոսյաց սրբազան անտառը, որտեղ նաև հայոց աստվածների բագիններն էին կանգնեցված: Ծառերին անգամ նվերներ ու զոհաբերություններ էին մատուցում:

Արա Գեղեցիկի սպանությունից հետո հայոց գահն անցավ նրա Անուշավան որդուն, որին կոչում էին Սոսանվեր: Սոսենին այնքան մեծ պաշտամունք է ունեցել, որ քրիստոնեության ընդունումից հետո, երբ արգելվեց  այդ պաշտամունքը, նրա անվանումը դարձավ անձնանուն` Սոս կամ Չինար:

Քրիստոնեության ընդունումից դարեր անց, անգամ Ներսես Շնորհալու ժամանակներում` XII դարում, Հայաստանում կային արորդիներ, որոնց մոտ պահպանվել էր ծառի, տվյալ դեպքում` բարդու պաշտամունքը: Նմանատիպ մի համայնքի մասին, որն ապրել է Ծոփքում` Սամոսատում, գրում է ինքը` Շնորհալին:

Ծաղկազարդի նախօրեին աղջիկները դաշտ ու անտառ էին գնում` կանաչի հավաքելու: Ծաղկազարդի տոնին անպայման պետք է նոր դուրս եկած կանաչեղեն ուտեին: Շատերը տապակած կամ հում կանաչեղենը եկեղեցում բաժանում էին որպես մատաղ: Լոռվա ձորում այդ օրը հատկապես բանջար (եղինջ) են եփել, որպեսզի նրա ծակող զորությունը վերանա, քանզի հավատացած էին, թե Հիսուսին բանջարով են ծեծել:

Ծաղկազարդի նախօրեին բացվում են եկեղեցիների խորանի վարագույրները, իսկ բուն տոնին կատարվում է պատարագ` բաց վարագույրներով: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնվում են ուռենու, ձիթենու ոստերը և բաժանվում հավատացյալներին: Օրհնված ճյուղերը համարվում էին չարխափան: Այս ճյուղերով խփում էին անասուններին, որ չար աչքից հեռու լինեին, կախում էին խնոցուց, որ կաթը յուղոտ լիներ, կախում էին տան պատերից, որպեսզի տնեցիք հաջողակ լինեին: Նաև հարվածում էին միմյանց` ասելով. «Մեջքը տեղը, կամքը տեղը»: Չնայած ծաղկազարդը պահքի ժամանակաշրջան է, այդ օրը թույլ էր տրվում նշանադրության արարողություն կատարել, սակայն պարել կարող էին միայն տղամարդիկ, որ պարում էին Ծաղկազարդի վերվերի պարը:

Ծաղկազարդը, ըստ էության, բխում է նաև բնության, հատկապես ծառերի և կենաց ծառի պաշտամունքից: Ծաղկազարդի տոնին հնում պաշտամունքային վայրերում ծառերը զարդարում էին զանազան գունավոր լաթերով:

Եթե Ամանորին չոր ճյուղերից ծառը զարդարում էին մրգերով և չրերով, ապա Ծառզարդարի ծառը զարդարվում էր փնջած ձվերով, որոնք աչքխափան հուռութք են եղել. ձուն եղել է կյանքի սկզբնավորության, նաև տիեզերքի խորհրդանիշ:

Այն նաև Նուրի (Նար, Հուրի, Նուարդ) աստվածուհուն նվիրված տոն էր: Քանի որ քրիստոնեության մուտքից հետո հին տոտեմներն արգելվեցին, ժողովուրդը հին աստվածությունները պահպանեց տիկնիկների ձևով: Նուրին պատկերված է որպես խատուտիկ տիկնիկ, որի աչքերից կաթիլներ էին թափվում: Նուրին նաև անձրևի հովանավոր աստվածուհին էր, և երաշտի ժամանակ գյուղացիները Նուրիին պտտեցնում էին համայնքում` որպեսզի նա անձրև պարգևեր մարդկանց: Նուրիի շապիկը  նկարազարդ էր, իսկ մեջքի գոտին` ծիածանակերպ:

Նուրիի պաշտամունքը խոր արմատներ ուներ Հայաստանում և դեռ մի քանի տասնամյակ առաջ Նուրիի ծիսակատարությունը տարածված էր Հայաստանի շատ գավառներում: Մասնավորապես, երաշտի ժամանակ Լոռիում հաճախ խաչքար էին գցում ջուրը, խոտ էին այրում և սկսում Նուրիի ծեսը:

Երեխաները Նուրիի տիկնիկը ձեռքին շրջում էին տնետուն, փողոցներում ու երգում.

-Նուրի-Նուրին էկել ա,

Շիլա-շաբիք հագել ա,

Կարմիր գոտին կապել ա,

Ձու բերեք թաթին դնենք,

Եղ բերենք` սրտին քսենք…

Սրտին քսել` նշանակում է սիրաշահել:

Կա երգի այլ տարբերակ ևս.

-Նուրի-Նուրին էկել ա,

Դուռն ի դռան կանգնել ա,

Շալե շաբիք հագել ա,

Կեշմե գոտիք կապել ա,

Ձու բերեք, թաթը դնենք,

Եղ բերեք` վարսը քսենք,

Ջուր բերեք` գլխին ածենք,

Աստուծանե ցող թող գա,

Գետնիցը` պտուղ դուս գա…

Երեխաներից մեկը զամբյուղ է պահում, որի մեջ տանտերերը ուտելիք և գումար են դնում, ճանապարհելիս ջրում: Վերջում հավաքված համայնական միջոցներով գառ են գնում, մատաղ անում, տոնը նշում երգով և ուրախությամբ:

Չնայած եկեղեցական տոն լինելուն` Նուրիի մասին երգը հուշում է, որ բնապաշտական ժամանակաշրջանում տոնը պասուց չի եղել:

Հատիկ

Երկու ձևով է մատուցվում.

ա.- 1 բ. խաշած ձավարի վրա լցնել 1 ճ. գ. շաքարավազ, ընկուզեղեն ու չամիչ:

բ.- Խաշած ձավարեղենը (ձավար, լոբի, սիսեռ, բակլա) մատուցել աղով:

Աղամաղ (աղի-մաղի)

Այս կերակուրը տարածված էր հատկապես Մարաշում և Կիլիկիայի մյուս շրջաններում:

0,5 կգ սմբուկ

1 սոխ

2 պճեղ սխտոր

քացախ

կարմիր և սև պղպեղ

անանուխ

աղ

Սմբուկը մանրացնել ու խաշել քիչ ջրով: Ավելացնել մանրացված սոխն ու սխտորը, համեմել և մատուցել սառը վիճակում:

Բաղարջ

Գոլ ջրի  մեջ աղ և խմորիչ լուծել, ավելացնել հալեցրած յուղ, ձու, շաքար, լավ խառնել: Ալյուրը մաղել սեղանի վրա, բլրի ձև տալ, մեջը ակոս անել, պատրաստի խառնուրդը լցնել փոսի մեջ և 15-20 րոպե հունցել խմորը: Ապա խմորը ծածկել սրբիչով և մեկ ժամ թողնել: Մեկ ժամից hունցել կրկին, ապա թողնել, որ խմորը բարձրանա:

Պատրաստի խմորը բաժանել 200 և 500 գրամանոց կտորների: Մեծ կտորները կլոր բլիթի ձև տալ, դնել յուղաթերթի վրա, բլիթի երեսին և կողերին ձվի դեղնուց քսել և վրան պատառաքաղով ցանցաձև ակոսներ անել:

Խմորի փոքրիկ կտորներից երկար լարեր պատրաստել, երկտակել և պարանի պես հյուսել: Պարանաձև խմորի լարերը շրջանաձև կպցնել ջեռոցի մեջ դրված բլիթի շուրջը, ձվի դեղնուց քսել և վրան խաշխաշ ցանել: Թխել վառարանի տաք ջեռոցում 18-20 րոպե:

Խմոր – անհրաժեշտ է 900 գր ալյուր, 100 գր կարագ, 1 ձու, 300 գր շաքարավազ, 30 գր խմորիչ, 10 գր աղ, 200 մլ ջուր, 1 ձվի դեղնուց, 15 գր խաշխաշ:

Քացխլա շորվո (քացախով համեմված ոսպապուր)

1 բ. ոսպ

1 կարտոֆիլ

1 սոխ

2 ճ. գ. ձեթ

քացախ

կանաչի

սև պղպեղ

աղ

Խաշել ոսպը, ավելացնել մանրացրած կարտոֆիլը: Ձեթով սոխառած անել, լցնել ապուրի վրա: Կրակն անջատելուց հետո համեմել, լցնել քացախը և մատուցել սառը:

Օձի թթու

1 բ. մանր կորկոտ

1 բ. ոսպ

1 բ. ալյուր

3 սոխ

կարմիր և սև պղպեղ

չորացրած խառը կանաչի

կաղամբի թթու և թթվի ջուր

Խաշել ոսպը, ավելացնել կորկոտը, ալյուրն ու մանրացված կանաչին, համեմել և շաղախել: Պատրաստել ընկույզի մեծությամբ կոլոլակներ և խաշել թթվի ջրի մեջ. ընթացքում մանրացնել թթուն և եփել կոլոլակների հետ:

Աղանձ

Ցորենը և կանեփը բովել ջեռոցում առանձին-առանձին: Ժամանակ առ ժամանակ վրան փոքր-ինչ ջուր ցանել: Բովելու ընթացքում ավելացնել նաև աղ:

Թթվապուր

1 բ. կարմիր ոսպ

1/3  բ. ձավար

1/3  բ. սիսեռ

1 կապ բազուկի տերև

1 կիտրոն

2 պճեղ սխտոր

2 ճ. գ. ձեթ                                                                                                                             կարմիր պղպեղ                                                                                                                                     անանուխ, աղ

Խաշել հատիկեղենը: Ավելացնել մանրացված բանջարը: Ձեթի մեջ տաքացնել սխտորը, համեմել և լցնել ապուրի վրա: Կրակն անջատելուց առաջ լցնել կիտրոնի հյութն ու անանուխը:

 

Թթվեպաս

0,5 բ. լոբի

0,5  բ. սիսեռ

0,5  բ. ոսպ

0,5  բ. ձավար

0,5  բ. արիշտա

0,5  բ. չամիչ

0,5  բ. սալորաչիր

0,5  բ. քացախ

2 կապ սպանախ

աղ

Արմտիքը խաշելուց հետո ավելացնել արիշտան, չամիչը, սալորաչիրն ու սպանախը: Մատուցել քացախով:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է 7425 անգամ:
Print Friendly

Leave a Reply