Ո՞վ կարող է ընտրվել ՀՀ ԱԺ պատգամավոր

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | April 2, 2012 0:30

ՀՀ Աժ պատգամավոր ընտրվելու համար ներկայացվող պահանջներն ու դրան առնչվող շատ մանրամասներ կարգավորվում են ՀՀ ԱԺ կողմից 2011 թ. մայիսի 26-ին ընդունված ընտրական օրենսգրքով:

 Պետք է նշել, որ Ազգային ժողովի պատգամավորների թիվը սահմանվում է ՀՀ Սահմանադրությամբ, որի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Ազգային ժողովը կազմված է 131 պատգամավորից: ՀՀ ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են համամասնական և մեծամասնական ընտրակարգերով: 90 պատգամավոր ընտրվում է համամասնական ընտրակարգով, Հանրապետության ողջ տարածքն ընդգրկող մեկ բազմամանդատ ընտրատարածքից` կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակներով առաջադրված պատգամավորի թեկնածուների թվից, 41 պատգամավոր ընտրվում է մեծամասնական ընտրակարգով, յուրաքանչյուր ընտրատարածքից` մեկ պատգամավոր:

Յուրաքանչյուր ընտրող ունի մեկ ձայնի իրավունք` համամասնական ընտրակարգով ընտրության և մեկ ձայնի իրավունք` մեծամասնական ընտրակարգով ընտրության ժամանակ, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի:

Պատգամավոր ընտրվելու համար օրենսդիրը ներկայացնում է որոշակի պահանջներ, որոնք ամրագրված են ՀՀ ընտրական օրենսգրքի 105-րդ հոդվածում, ըստ որի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, այլ պետության քաղաքացի չհանդիսացող, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»:

Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները: Պատգամավորի թեկնածուն կարող է առաջադրվել միայն մեկ կուսակցության ընտրական ցուցակով և միայն մեկ մեծամասնական ընտրատարածքում:

ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված են նաև մի շարք սահմանափակումներ, որոնք վերաբերում են պատգամավորի առաջադրմանը: Այսպես, Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու չեն կարող առաջադրվել սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, դատախազները, ոստիկանությունում, ազգային անվտանգությունում, դատական ակտերի հարկադիր կատարման, փրկարարական, հարկային, մաքսային մարմիններում, քրեակատարողական հիմնարկներում ծառայողները, զինծառայողները: Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու չեն կարող առաջադրվել և պատգամավորի թեկնածու չեն կարող գրանցվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն այլ պետության քաղաքացիություն:

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներն ու պաշտոնատար այն անձինք, որոնց նկատմամբ չեն տարածվում վերոհիշյալ  սահմանափակումները, Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու գրանցվելուց հետո մինչև նախընտրական քարոզչության ավարտը ժամանակավորապես ազատվում են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց, բացառությամբ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց:

Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրելու մասին կուսակցության որոշումը, քաղաքացու ինքնաառաջադրման մասին դիմումը ներառում են ընտրատարածքի համարը և թեկնածուի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները`

1) ազգանունը, անունը, հայրանունը,

2) ծննդյան ամսաթիվը,

3) հաշվառման վայրը,

4) աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը),

5) կուսակցական պատկանելությունը, ինչպես նաև թեկնածուի մինչև երկու լիազոր ներկայացուցչի վերաբերյալ տվյալներ (նրանց ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի համարը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը)):

Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրելու մասին կուսակցության որոշմանը, քաղաքացու ինքնաառաջադրման մասին դիմումին կից ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում նաև`

1) թեկնածուի գրավոր հայտարարությունը` տվյալ ընտրատարածքում պատգամավորի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին (միայն կուսակցության կողմից առաջադրվելու դեպքում),

2) նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով ընտրական գրավի մուծման անդորրագիրը,

3) տեղեկանք թեկնածուի` վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացի չհանդիսանալու և վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին,

4) թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է 3113 անգամ:
Print Friendly

Leave a Reply