«Երեք-ույու-չորս» չասած` քարոզարշավը սկսվել է
Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | Գևորգ Ավչյան | March 30, 2012 15:05
Ազգային Ժողովի 2012 թ. ընտրությունների նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկից առաջ` արդեն հիմա, քաղաքական ուժերն ու գործիչները սկսել են իրենց նախընտրական քարոզարշավը: Այն այժմ դրսևորվում է առաջադրումների, հայտարարությունների, ինքնաբացարկների, առաջարկների ու մերժումների ձևով: Սա մի մեխանիզմ է, որով քաղաքական ուժերն ու գործիչները կարողանում են, առանց օրենքը շրջանցելու, խախտել այն: Այսինքն` տարբեր ինտրիգներ հորինելով, խաղեր խաղալով` այսպես թե այնպես խոսում են իրենց, իրենց նպատակների ու ծրագրերի մասին, անում հայտարարություններ և այլն, որոնք ոչ այլ ինչ են, քան գովազդ, որքան էլ պաշտոնապես այդպես չեն հայտարարվում:
Այդպիսի ինտրիգներից օգտվում են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը: ՀՀԿ-ն, օրինակ, միևնույն տեղամասում առաջադրում է իր թեկնածուներին, բայց թույլ է տալիս նաև, որ կուսակցական այլ ընկերներ ևս ինքնառաջադրվեն (թիվ 4, 13, 17, 19 և 22 ընտրատարածքներում): Ընդ որում, թիվ 17 ընտրատարածքում ՀՀԿ-ն առաջադրել է Կարինե Պողոսյանին, բայց ինքնառաջադրվել է, ոչ ավելի, ոչ պակաս, Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանը, որը հետագայում ինքնաբացարկ հայտնեց, իբր ցույց տալով, թե ՀՀԿ-ում նշանակություն չունի, թե ում եղբայրն է առաջադրվում և որտեղ:
Իսկ այս կապակցությամբ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ կուսակցությունը որոշել է թիվ 17 ընտրատարածքում առաջադրել Կարինե Պողոսյանին, և Հենրիկ Աբրահամյանի ինքնաբացարկի հետ կուսակցությունը, բնականաբար, կարող է կապ ունենալ: «Բայց դա պետք է պարոն Աբրահամյանին հարցնել: Կուսակցությունը որոշել է բոլոր 33 ընտրատարածքներում պաշտպանել այն թեկնածուներին, որոնց առաջադրել է»,- նշեց Շարմազանովը: Իսկ այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ հետագայում ինքնառաջադրված մյուս ՀՀԿ-ական թեկնածուները նույնպես ինքնաբացարկ հայտնեն, Շարմազանովը պատասխանեց, որ քաղաքականության մեջ տեսականորեն ամեն ինչ էլ հնարավոր է:
ՀՀԿ-ն թեժացրել է կրքերը նաև թիվ 19 ընտրատարածքում` Էջմիածնում, որտեղ կուսակցությունն առաջադրել է Սեդրակ Սարոյանի (գեներալ Սեյրան) թեկնածությունը, բայց «ինքնառաջադրվել» են նաև ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանները: Մեկն, ընդ որում, դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, թիվ 19 ԸԸՀ-ին, որպեսզի ստուգեն և մերժեն Սեդրակ Սարոյանի ներկայացրած փաստաթղթերը, քանի որ նա վերջին 5 տարում մշտապես Հայաստանում չի բնակվել, ինչպես օրենքն է պահանջում: Այսինքն` Հակոբ Հակոբյանն իբր ձեռնոց է նետել ՀՀԿ-ին կամ նրա առաջադրած «անկուսակցական» գեներալին: Ի դեպ, երբ ՀՀԿ գրասենյակին հարցրինք, թե այս երկու Հակոբ Հակոբյանները «հանրությանն ինչպե՞ս են հայտնի», խորհուրդ տվեցին դիմել կուսակցության Էջմիածնի կառույց: Ասացինք, որ պարզապես ուզում ենք ճշտել` արդյոք մեր իմացած հայտնի մականունավորնե՞րն են` Լեդի և Ճոյտ: «Եթե ընդամենը դա եք ուզում իմանալ,- պատասխանեցին,- այո, նրանք են»:
«Կուսակցությունը պաշտպանում է նրանց, ում վերաբերյալ ընդունել է համապատասխան որոշում: Կուսակցությունը 33 ընտրատարածքներում հստակ ներկայացրել է թեկնածուներ ու այդ թեկնածուներին էլ պաշտպանելու է մինչև վերջ: Թիվ 19 ընտրատարածքում կուսակցությունը պաշտպանում է անկուսակցական Սեդրակ Սարոյանի թեկնածությունը, ոչ թե կուսակցական երկու ինքնառաջադրված թեկնածուներին: Իսկ եթե Հակոբ Հակոբյանը դիմել է տարբեր պատկան մարմինների` անվավեր ճանաչելու Սեդրակ Սարոյանի ներկայացրած փաստաթղթերը, Էդուարդ Շարմազանովը ո՛չ դատավոր է, ո՛չ էլ դատական համակարգի ներկայացուցիչ, որ այս առումով բան ասի: Մեզ մոտ դատական իշխանությունն անկախ է, դատի է տվել` դա քաղաքացու իրավունքն է` դատի տալ կամ չտալ: Նրա պարտականությունն այն է, որ սահմանված կարգով ներկայացնի համապատասխան թղթերը»,- այս առիթով նշեց Էդուարդ Շարմազանովը:
Կուսակցական ընկերների այդպիսի կոշտ ընտրապայքարին Շարմազանովը վերաբերվում է շատ հանգիստ. «Բոլորն ազատ են իրենց ընտրության մեջ, իսկ բոլոր այն խնդիրներին, որոնք դուրս են կոռեկտության ու մրցակցության ժողովրդավարական սահմաններից, բնականաբար, վատ ենք վերաբերվում»:
Թիվ 22 ընտրատարածքում էլ ՀՀԿ-ական երեք թեկնածու կա առաջադրված` Մանվել Բադեյան, Վահագն Հակոբյան և Գրիշա Հովեյան: Բայց ՀՀԿ-ն այստեղ պաշտպանում է Բադեյանի շահերը:
Նույնն պատկերն է մայրաքաղաքի թիվ 4 ընտրատարածքում: Այստեղ առաջադրված 6 թեկնածուներից 2-ը ՀՀԿ անդամ են` Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ), որին առաջադրել է ՀՀԿ-ն, և ինքնառաջադրված Արմեն Եփրեմյանը: Այստեղ հանրությանը հայտնի անձանցից է նաև «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը:
Սկզբում Արտակ Սարգսյանը ստեղծեց «Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամը, որը ընտրությունների նախընտրական քարոզչության շրջանում նույնպես պետք է «բարեգործությամբ» զբաղվի: Թե ինչ բնույթի բարեգործություն դա կլինի, մնում է միայն ենթադրել: Բայց պակաս դիրքերում չէ նաև Սաթիկ Սեյրանյանը, որի ամուսինը` Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը, պակաս «բարեգործ», նույնիսկ ավելին` պակաս «հրաշագործ» չէր և ժամանակին իր ունեցած լծակներով կարող էր այս ընտրատարածքում պատգամավոր դարձնել անգամ մումբա-յումբա ցեղերի առաջնորդի որդու աներձագի հորեղբոր փեսային: Այնպես որ ապագան ցույց կտա, թե ինչպես կծավալվեն դեպքերն այս ընտրատարածքում, բայց, ըստ ամենայնի, քաղաքական մեծամասնությունը չի կարողանա հավատարիմ մնալ այստեղ իր` արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու խոստմանը:
Սաթիկ Սեյրանյանը նշում է, որ նրանք արդեն իսկ խախտում են այդ խոստումը. «Հույս ունեի, որ ինչպես խոստացել են իշխանությունները, ընտրությունները լավ որակով կանցկացնեն և այլն, որ իսկապես կպահպանեն իրենց խոստումը: Բայց որն արդեն իսկ չեմ տեսնում: Որովհետև իշխանությունների թեկնածուն` Արտակ Սարգսյանը, արդեն իսկ սկսել է իր քարոզարշավը և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի հետ շրջայցեր է կատարում, բակային հանդիպումներ է կազմակերպում, արդեն խոստանում են ընտրակաշառքներ բաժանել, արդեն համայնքում մարզերից մարդիկ են գրանցում և այլն: Որքան էլ խոսում ենք, թե կցանկանայինք, որ այս ընտրությունները որակապես նոր ընտրություններ լինեն, այս պահին արդեն ընտրությունները կեղծվում են»:
Այս ընտրատարածքը հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն ՀՀԿ-ի, այլև ընդդիմադիր քաղաքական ուժերի առումով: Այստեղ առաջադրված են «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանն ու ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը: Երկուսն էլ ակտիվ ընդդիմադիր գործիչներ են ու հասարակությանը քաջածանոթ: Սա այն ընտրատարածքներից է, որտեղ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել էր ՀԱԿ-ին հանել իր թեկնածուներին` հօգուտ «Ժառանգության» ներկայացուցիչների: Մի՞թե «Ժառանգությունն» անկեղծորեն հավատում էր, որ ՀԱԿ-ը կզիջեր ՀՀՇ վարչության նախագահին հանուն Զարուհի Փոստանջյանի: Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, որ ինքնառաջադրվել էր թիվ 7 ընտրատարածքում` Սամվել Ալեքսանյանի և Նիկոլ Փաշինյանի հետ, հրապարակային հայտարարությամբ ընդդիմադիր ուժերին առաջարկել է բոլոր ընտրատարածքներում թողնել միայն մեկ ընդդիմադիր թեկնածու և միասին աջակցել նրան:
«Ես չգիտեմ, թե ինչ է հայտարարվել հրապարակայնորեն: Մեզ առաջարկվել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կհանի իր թեկնածությունը 7-րդ ընտրատարածքից, փոխարենը ՀԱԿ-ը Երևանի 5 ընտրատարածքներից` 1, 4, 6, 9 և 12, կհանի իր թեկնածուների` Գայանե Ռուստամյանի, Արամ Մանուկյանի, Լևոն Զուրաբյանի, Ավետ Պողոսյանի և Տիգրան Տեր-Պետրոսյանի թեկնածությունները և կպաշտպանի «Ժառանգության» թեկնածուներին: Եթե որևէ մեկը այս առաջարկը կհամարի ադեկվատ, լուրջ առաջարկ, ապա ես զերծ կմնամ մեկնաբանությունից: Այդ առաջարկը, ըստ էության, որևէ հիմք չէր թողնում բանակցություններ շարունակելուն»,- ասաց ՀԱԿ-ի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Իսկ առաջարկված 5 ընտրատարածքներում առաջադրված են ՀԱԿ-ի ամենաերևացող դեմքերից. թիվ 1-ում` Գայանե Առուստամյանը, «Ժառանգությունից»` Ստյոպա Սաֆարյանը, թիվ 4-ում` ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը, «Ժառանգությունից»` Զարուհի Փոստանջյանը, թիվ 6-ում` ՀԱԿ-ից Ավետ Պողոսյանը, «Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանը, թիվ 9-ում` ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը, «Ժառանգությունից» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը և թիվ 12-ում` ՀԱԿ-ից Տիգրան Տեր-Պետրոսյանն ու «Ժառանգությունից» Անահիտ Բախշյանը: «Ժառանգությունը», իմանալով Հայաստանում առկա քաղաքական մշակույթն ու ավանդույթները, չպետք է հույս փայփայեր, որ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն երջանկությամբ կնետվեն իրեն ընդառաջ: Մի՞թե «Ժառանգությունում» հավատում էին, որ կհանեն, օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանի եղբորորդի Տիգրան Տեր-Պետրոսյանի կամ Լևոն Զուրաբյանի թեկնածությունը:
«Չեմ կարող պարտադրել, որ որևէ մեկն ընդունի մի առաջարկ, որի հիմքում ընկած տրամաբանությունն առաջարկվել է հենց մերժողի կողմից: Նկատի ունեմ այն, որ թիվ 7 ընտրատարածքում մտահոգություն հայտնվեց այն մասին, որ թե՛ «Ժառանգությունը» և թե՛ ՀԱԿ-ն առաջադրեցին իրենց թեկնածուին, և ճիշտը միասնական թեկնածուով մասնակցելն է` ընդդիմադիր էլեկտորատի ձայները չփոշիացնելու կամ չտրոհելու համար: Եթե դա ճիշտ է թիվ 7 ընտրատարածքի համար, ապա պետք է ճիշտ լինի նաև մյուս 40-ի համար: Այս տրամաբանության շրջանակներում «Ժառանգությունը» արել է առաջարկ, որպեսզի բոլորս ընտրատարածքներում թողնենք ընդդիմության ներկայացուցիչ մեկական թեկնածու` այդպիսով բոլորս պաշտպանելով 21 տարածքներում ՀԱԿ-ի թեկնածուներին, 5 տարածքներում` «Ժառանգության» թեկնածուներին և մնացած տարածքներում` ՀՅԴ-ի թեկնածուներին: Եվ չափազանց տրամաբանված, չափազանց իրատեսական առաջարկ է, որի հիմքում ընկած են, թիվ 7 ընտրատարածքի հետ կապված, ՀԱԿ-ի առաջարկած խաղի կանոնները: ՀԱԿ-ն առնվազն ապացուցում է, որ իր համար ոչ թե կան խաղի համընդհանուր կանոններ, այլ խնդիրը զոռբայությունն է: Այդտեղ նաև «Ժառանգության» էլ ավելի երևացող դեմքեր են առաջադրված: Թող իրենք այս ամենը չվերածեն առուծախի և սակարկության»,- ասաց ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը մերժվել է նաև ՀՅԴ-ի կողմից. մարտի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը տարակույս է հայտնել, թե ինչու «Ժառանգությունում» հիմա հիշեցին համագործակցության մասին:
Կրկնառաջադրման մեկական դեպքեր են արձանագրվել նաև ԲՀԿ-ի կողմից թիվ 14 ընտրատարածքում, որտեղ կուսակցությունն առաջադրել է Բազմասեր Առաքելյանի թեկնածությունը, իսկ ԲՀԿ-ից ինքնառաջադրվել է նաև Ալեքսանդր Հակոբյանը, և ՕԵԿ-ի կողմից` թիվ 11 ընտրատարածքում, որտեղ կուսակցությունն առաջադրել է Հեղինե Բիշարյանի թեկնածությունը, բայց ինքնառաջադրվել է նաև Էդուարդ Մադաթյանը: Վերջինիս ևս, ինչպես Խաչատուր Սուքիասյանին, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը մերժել էր տրամադրել տեղեկանք, որ նա վերջին 5 տարիներին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում:






Facebook
Tweet This
Email This Post
