Կին, որ երկու անգամ դարձավ Ֆրանսիայի թագուհի

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | March 31, 2012 15:30

Աննա Բրետանացի` տարօրինակ մի կերպար ֆրանսիական պատմության մեջ, որը կարողացավ դառնալ Ֆրանսիայի թագուհի և արդեն մի քանի դար` անկախության խորհրդանիշ հարազատ Բրետանում:

Ծննդյան օրից սկսած (1477 թ. հունվարի 29)` Աննան ողջ Եվրոպայի ուշադրության կենտրոնում է եղել: Նրա հայրը, փորձելով պահպանել Բրետանի անկախությունը, սկսեց հարմար փեսացուներ փնտրել, որոնք պատրաստ էին սատարել Բրետանի դուքսին հարևան Ֆրանսիայի հետ պատերազմում: Այն տևեց 3 տարուց ավելի ու ավարտվեց բրետանացիների պարտությամբ, այդ պատճառով էլ ֆրանսիացի պատմաբանները ներողամտորեն նրան անվանում էին «խելառ»: Դուքսը վշտից մահացավ, ու Աննան դարձավ գլխավորը Բրետանում: Այն ժամանակ նա ընդամենը 11 տարեկան էր: Պաշտպանի ու  հենարանի անհրաժեշտություն առաջացավ , ու փոքրիկ դքսուհու ընտրությունը կանգ առավ ավստրիական կայսր Մաքսիմիլիանի վրա: Անմիջապես ամուսնության դաշինք կնքվեց  դքսության մայրաքաղաք Ռեննում (դրա մասին է  հիշեցնում քաղաքի կենտրոնում փակցված ցուցանակը): Կայսրը չկարողացավ անձամբ ներկա  գտնվել ամուսնական արարողությանը, ուստի ուղարկեց իր ներկայացուցչին: Տարեգրության մեջ է մտել դքսուհի Աննայի ամուսնական առաջին գիշերը, երբ հիշյալ ներկայացուցիչը բոբիկ ոտքը մտցրել է դքսուհու  վերմակի տակ, ապա`  հեռացել հարգալից:

Ֆրանսիայի Կառլ VIII թագավորը,  լսելով այդ  ամուսնության մասին, զայրացավ ու զորք հավաքելով գնաց Բրետան,  պաշարեց  դքսության մայրաքաղաքն ու Աննային ստիպեց իր հետ ամուսնանալ: Այդպես նա դարձավ Ֆրանսիայի թագուհի: Հարսանիքը տեղի ունեցավ 1491-ին,   Լուարայի հարթավայրում գտնվող Լանժ դղյակում: Այսօր կարելի է հարսանիքի որոշ դրվագներ տեսնել` վերարտադրված  մոմե տիկնիկներով: Մաքսիմիլիան Հաբսբուրգը վիրավորվեց, որ Կառլը ոչ միայն իրենից խլեց իր թեկուզև հեռակա կնոջը, այլև հետ ուղարկեց նախկին հարսնացուին` Մաքսիմիլիանի դստերը: Ո՛չ հայրը, ո՛չ դուստրը չներեցին ֆրանսիացուն ու անդավաճան կերպով սատարեցին Կառլի հակառակորդներին, որոնք  15-րդ դարում բազում էին:

Հայտնի չէ, թե ինչպես էր Աննան վերաբերվում իր ամուսնուն, որն արգելել էր  անգամ մտածել Բրետանի անկախության մասին` գտնելով, որ կնոջ` տերությանը միանձնյա  իշխելու ձգտումն  ընդամենը քմահաճություն է: Կառլը համոզված էր, որ կանանց միակ կոչումը ժառանգներ ծնելն է: 7 տարվա ամուսնությունից թագուհին 7 երեխա ծնեց:  Նրանցից միայն մեկն ապրեց մինչև երեք տարեկան` Շառլ Օռլանդը, մնացածը նույնիսկ ծննդյան օրից մեկ ամիս չեն ապրել: Տուրում  պահպանվել է փոքրիկ արքայազնի  դամբարանը, ինչը զարմանալի է հեղափոխությունն անցած երկրի համար, որը  թագավորական հուշարձանների ոչնչացումը պատվի խնդիր էր համարում:

Քանի որ Կառլը ժառանգներ չուներ, գահը փոխանցվեց նրա հեռավոր ազգականին, Աննայի հոր զինակիցներից Լուի Օռլեանցուն, որը դարձավ Լուի XII: Պատմաբանները փորձում են հասկանալ, թե ինչու Լուին առաջարկություն արեց նոր այրիացած թագուհուն: Գուցե նա էլ էր առաջնորդվում նույն պատկերացումներով` գերադասելով Բրետանը գրավել ոչ թե ուժով, այլ ամուսնական պայմանագրով: Սակայն ավելի հաճելի է մտածել, որ Լյուդովիկոսի ու Աննայի միջև ռոմանտիկ կապ գոյություն ուներ: Աննան նրան ընդունեց և ուղիղ մեկ տարի անց տեղի ունեցավ նրանց հարսանիքը: Այդ ժամանակ  թագուհին 22 տարեկան էր, իսկ թագավորը` 37:

Ի տարբերություն նախորդի, Լյուդովիկոսը չէր  սահմանափակում կնոջ իրավասությունները և թույլ էր տալիս ինքնուրույն կառավարել Բրետանը: Այս  ամուսնությունից Աննան կրկին 7 երեխա ծնեց, սակայն կենդանի մնացին միայն աղջիկները:

Աննայի ու Լյուդովիկոսի ամուսնությունը տևեց 15 տարի: Թագավորի կառավարումն առանձնապես ոչնչով աչքի չէր ընկնում, չնայած նախորդի համեմատությամբ, որը Ֆրանսիան սնանկացման էր հասցրել, կարողացավ արժանանալ «Ազգի հայր» տիտղոսին: Լյուդովիկոսի հիմնական երազանքը իտալական տարածքների գրավումն էր, ինչին նա նվիրեց թագավորելու գրեթե ամբողջ ժամանակը, իսկ Աննա թագուհին Բլու դղյակում, որը Լյուդովիկոսը կառուցել էր հատուկ իրենց հարսանիքի կապակցությամբ, հավատարմորեն սպասում էր նրան:

Աննա Բրետանացին մահացելէ 1514-ի հունվարի 9-ին, իր 37-ամյակից մի քանի ամիս առաջ:

Սգո արարողությունները տևեցին 40 օր (համեմատության համար` Կառլ VIII-ին սգացին 2 շաբաթ): Լյուդովիկոսը հուսահատվել էր, երազում էր Աննայի հետ  երկնքում շուտափույթ հանդիպման մասին, ինչը, սակայն, չխանգարեց, որ նա կրկին փորձի որդի ժառանգ ունենալ: Սակայն Անգլիայի թագավոր Հենրիխ VIII-ի քրոջ` Մարիա  Թյուդորի հետ ամուսնությունը տևեց ընդամենը մի քանի ամիս. 1515-ի հունվարի 1-ին Լյուդովիկոսը մահացավ: Թաղվեց Աննայի կողքին, թագավորական դամբարանում, Փարիզի մոտ: Սակայն հեղափոխությունը չխնայեց նաև թագավորական դամբարանը, և այսօր կարելի է ընդամենը ժամատանը համեստ տապանաքարեր տեսնել:

Սակայն Աննա Բրետանացու սիրտը, այն ժամանակվա  սովորության համաձայն, տեղափոխվեց Նանտ` իր հայրենի քաղաք, ու այժմ պահվում է  թանգարաններից մեկում: Նրա մասին մինչ օրս գրքեր են գրվում, բանաստեղծություններ ձոնվում, և նույնիսկ ռոք օպերա է գրվել: Բրետանի ցանկացած քաղաքում փողոց կամ հուշատախտակ կա Աննայի անունով.«Այստեղ…    թվին եղել է թագուհի Աննան»:

Աննա Բրետանացին իր ժամանակի Եվրոպայի ամենահարուստ կինն է եղել:

Նանտի հրապարակում գտնվող դղյակի առջև ցանկացած զբոսաշրջիկ անպայման նկարվում է  ժամանակից կանաչած «փոքրիկ դքսուհու» հուշարձանի մոտ,  կին, որ ոչ միայն երկու անգամ կարողացավ Ֆրանսիայի թագուհի դառնալ, այլև վերածվեց  Բրետանի լեգենդի:

Նա Եվրոպայում առաջին թագուհին է, որ հարսանիքին կրել է սպիտակ զգեստ, ինչը մինչ այդ համարվում էր սգո  խորհրդանիշ:

Դիտվել է 3530 անգամ:
Print Friendly

Leave a Reply