Մանկական վախերն ու հետևանքները

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | April 5, 2012 7:00

«Խելո՛ք նստիր, աչքերդ փակի՛ր ու քնի՛ր, թե չե հիմա կախարդը կգա, գայլը կգա»: Շատ ենք  նման բան լսել: Փոքրիկը դեռևս չգիտի, թե ով է կախարդը կամ նույնիսկ գայլ էլ մի կարգին չի տեսել: Սակայն մեծերն այնպես են արտաբերում այդ բառերը, որ երեխան ակամա սկսում է վախենալ դրանցից, աշխատում է չաղմկել, վախենում է սենյակից սենյակ գնալ կամ դռան հետևը նայել: Եվ որքան մեծերը, երբեմն նույնիսկ հասակակիցները` մեծերի նմանակությամբ, խորհրդավոր են արտաբերում այդ բառերը, այնքան վախն ավելի խորն է լինում:

Ու հետո էլ նկատում ենք, որ երեխան վախենում է նստել թիկունքով դեպի դուռը, վախենում է սենյակում մենակ մնալուց, երբեմն նույնիսկ` հասակակիցների ընկերակցությամբ:  Այստեղից էլ  «չշփվող միայնակ երեխաները»: Գուցե նրանք վախենում են` պատկերացնելով ամենուր իրենց դարանակալած այդ «բոբոներին»:

Ահա մեր մանկությունից հիշվող  մի արտահայտություն, որը մինչ օրս էլ տեղ ունի երեխաների սաստման գործընթացում.«Դուռը չբացես, թե չէ քեզ կգցեն մեշոկն ու կտանեն քեզնից պերաշկի կսարքեն»: Կամ, որ ավելի ու ավելի «մեծ տարածում է» գտնում. «խելոք պահի քեզ, թե չէ մանկատուն կտանեմ ու էլ չեմ բերի»:

Մտածում ես` ո՞նց կարող է սիրող ծնողը նման ձևով վախեցնել սեփական երեխային: Դուռն օտարի առաջ բացելով`   հնարավոր է` երեխան անգիտակցորեն վտանգի կյանքը, բայց նույնիսկ նման բան մտքովդ անցնելու դեպքում էլ չես կարող բարձրաձայնել երեխային չհուզելու, չանհանգստացնելու համար:

Հասունանալով էլ երբեմն մանկական վախերից չենք կարողանում ձերբազատվել: Դրանք սովորություններ են սերմանում, որոնցից ողջ կյանքում էլ հաճախ չենք կարողանում ազատագրվել:

Ինչպե՞ս կարելի է հաղթահարել վախը

Վախն ուղեկցում է մեզ ծննդյան օրից մինչ  խոր ծերություն. «Մենք միշտ վախենում ենք ինչ-որ բանից: Հայտնի է, որ շատ կանայք վախենում են սարդերից ու մկներից, տղամարդիկ` աշխատանքը կորցնելուց, երեխաները` մթից ու փակ տարածությունից: Մենք չենք կարողանում լրիվ ազատվել վախից: Այս զգացումն ամենաուժեղ գործոններից  է, որոնք խանգարում են մարդուն բացել իր ներուժն ու կյանքում  հասնել հաջողության: Հաղթահարելու համար պետք է իմանալ, թե ինչպիսին է այն լինում:

Վախի կենսաբանական նշանակությունը

Կրիտիկական իրավիճակներում մարդը համախմբում է ուժերը ակտիվ գործունեության համար: Նման դեպքերում արյան մեջ ադրենալինի արտանետում է կատարվում, ինչն իր հերթին հանգեցնում է նրան, որ մկանային հյուսվածքին արյան հոսքով ավելի շատ թթվածին  ու սննդարար նյութեր են մատակարարվում:

Հավանաբար յուրաքանչյուրը վախի  կամ երկյուղի ժամանակ զգացած կլինի, թե ինչպես է մի բան ասես կուչ գալիս կրծքի տակ: Բացի այդ, սթրեսային իրավիճակներում մարդու դեմքը  խիստ գունատվում է: Դա կատարվում է  այն պատճառով, որ արյունը մաշկային ծածկույթից ու ստամոքսից ուղղվում է դեպի մկաններ:

Հետաքրքրական է, սակայն, որ վախը  մարդուն օգնում է տեղեկության պակասի պայմաններում «ռազմավարական» որոշումներ կայացնելու: Յուրաքանչյուր մարդ, հաղթահարելով վախը, նոր հնարավորություններ է բացում իր մեջ ու սկսում կյանքն այլ տեսանկյունով ընկալել: Նա սկսում է գնահատել իրականությունն իր բոլոր դրսևորումներով, աշխարհը նրա համար ավելի գունեղ է, յուրաքանչյուր իրադարձությունը գնահատվում է հաղթահարված վախի դիրքերից:

Ինչպիսի՞ վախեր են լինում

Իրական վախը մարդու ռեակցիան է արտաքին վտանգի նկատմամբ: Այն ենթագիտակցական մակարդակում է ու ազդանշանային ֆունկցիա է կատարում. վտանգը մոտ է, հարկավոր է օրգանիզմը պատրաստել պաշտպանության կամ փախուստի համար:

Նևրոտիկ վախ. հաճախ այն ոչ մի հիմք չունի, սակայն երբեմն դրա դրսևորումը կապված է որոշակի իրավիճակների ու օբյեկտների հետ: Նևրոտիկ վախի ժամանակ մարդիկ պատրաստ են ամենավատին, ապրում են  ցանկացած պահին դժբախտության  սպասման ճնշման տակ: Այն համարվում է փսիխոսոմատիկ, այսինքն` միաժամանակ և՛ ֆիզիկական,  ՛և հոգեկան  դրսևորում է ունենում: Ֆիզիկական դրսևորման դեպքում կարող է սրտխփոց առաջանալ, շարժողական անհանգստություն կամ դող, սառը քրտինք, չորություն բերանում ու լուծ: Զանազան ֆոբիաները` վախերը, ոչ իրական վախեր են, որոնք զգալիորեն  կարող են խանգարել հանգիստ ապրելուն, աշխատելուն ու մարդկանց հետ շփմանը: Ցանկացած ֆոբիա կարող է կապված լինել որոշակի օբյեկտի ու իրավիճակի հետ, ինչպիսին, ասենք` ատամնաբույժին այցելելն է, բարձրությունը, ինքնաթիռով թռիչքը, սողուններից ու շներից  վախը: Տարբեր ֆոբիաներ իրարից տարբերվում են ոչ թե բովանդակությամբ, այլ ինտենսիվությամբ:

Միայնության վախ. որքան ինքներս մեր մեջ խորասուզվում ենք, այնքան հեռանում ենք մարդկանցից, մատնում մեզ մեկուսացման: Դա վախի շատ տարածված տեսակ է, որը  երբեմն ստիպում է շփվել մեզ համար շատ տհաճ մարդկանց հետ: Հասկանալի է, որ հաճախ հոգնում ենք ամեն ինչից ու փորձում միայնակ հանգստանալ: Բայց եթե այդ վիճակը երկարաձգվում է, մարդուն վախն է պատում. նրան թվում է , թե աշխարհում ոչ ոքի պետք չէ: Մարդը սոցիալական էակ է, ու բոլորս էլ հասարակության լիարժեք անդամ զգալու համար ցանկանում ենք որ մեզ հարգեն, գնահատեն ու սիրեն:

Վստահության վախ. եթե սիրտներս ինչ-որ մեկի մոտ բաց ենք անում, ապա մեր մեջ նստած վախ-սատանան մեզ   անընդհատ հարցնում է. «Ճի՞շտ եմ անում արդյոք, որ վստահում եմ այս մարդուն: Կարելի՞ է նրան հավատալ»: Այդ վախն է մարդուն այցելում սիրահարության կամ ինչ-որ մեկին համակրելու ժամանակ:

Փոփոխությունների վախ. մեզանից յուրաքանչյուրը գիտի, որ աշխարհում հավերժ ոչինչ չկա, վաղ թե ուշ ամեն ինչ փոխվում է: Եվ, առանց բացառության, բոլորս վախենում ենք փոփոխությունից, քանի որ յուրաքանչյուր փոփոխություն անորոշություն է: Շատ հաճախ մարդիկ նորությունը  վախվխելով են ընդունում, քանի որ դրանում  վտանգ ու սպառնալիք են տեսնում: Երբեք չգիտես, թե ինչի կհանգեցնի փոփոխությունը, ինչով կվնասի,  և որ ամենակարևորն է, ինչպես կարելի է դրանից պաշտպանվել: Իզուր չէ, որ չինական  անեծքն ասում է.«Փոփոխությունների ժամանակ ապրես»:

Կախվածության վախ. հասարակության մեջ ապրելով` կախված ենք հասարակության օրենքներից, դրվածքներից ու ավանդույթներից: Որքան շատ ենք ցանկանում ազատ լինել հասարակության  կապանքներից, այնքան սուր ենք զգում, որ դա անհնար է: Մենք կախված ենք մարդկանցից, իրավիճակներից, զանազան հանգամանքներից: Մշտապես ապրում ենք բոլորի հետ համաքայլ ընթանալու անհրաժեշտությամբ, իսկ եթե դա չենք ուզում, ապա ներքին պայքար է սկսվում:

Ինչպե՞ս կարելի է հաղթահարել այդ  վախը

Վախը բացասական ազդեցություն է ունենում, քանի որ մշտական լարվածության մեջ է պահում, անվստահություն ծնում ու թույլ չի տալիս, որ բացվես որպես անհատականություն:

Վախի դեմ լավագույն դեղամիջոցը բարձր ինքնագնահատականն է ու ինքնավստահությունը: Պետք է հավատաս ինքդ քեզ, որ կարող ես ամենաբարձր մակարդակում լինել: Որոշ մարդկանց  մեջ տհաճությունների սպասման  անհանգստությունը պայմանավորված է սխալ արժեհամակարգով ու սեփական անձի նկատմամբ մեծ պահանջներով:

Առաջին քայլ.  պարզեք, թե ինչից եք վախենում և ինչու: Եթե ձեզ ինչ-որ բան չի հաջողվում միանգամից, չպետք է դրա համար ինքներդ ձեզ մեղադրեք կամ ինքնաձաղկմամբ զբաղվեք: Փորձեք ինքներդ ձեզ ներշնչել, որ այդ ամենը ժամանակավոր դժվարություն է, և դուք, միևնույն է, կհասնեք ձեր ուզածին: Երբեք ուրիշների ուշադրությունը մի հրավիրեք ձեր սխալների վրա:

Երկրորդ քայլ. պետք է ազատվեք այն մտքից, որ անհաջողակ եք: Եթե մշտապես այդպես մտածեք, ապա դա իրականություն կդառնա, չէ՞ որ միտքը նյութական է:

Երրորդ քայլ. փորձեք խուսափել այն մարդկանցից, որոնք անընդհատ վախեցնում են ձեզ իրենց պատմություններով ու անհաջողություններով: Ուրիշի վախերը վարակիչ են: Այդ մարդկանց հետ շփումից, հավանաբար, ձեր տրամադրությունը փչանում է:

Չորրորդ քայլ. եթե վախենում եք մտերիմ մարդու կամ ղեկավարության հետ լուրջ խոսակցությունից, ուրեմն այդ խոսակցությունը նախապես մտովի ձևակերպեք այնպես, ինչպես դուք եք ուզում: Հետո պատկերացրեք, որ իրավիճակը զարգանում է ձեր սցենարով: Դա կարող է բարելավել ձեր տրամադրությունը ու նվազագույնի հասցնել չհիմնավորված վախերը:

Հինգերորդ քայլ. ձեր վախերից ուրախությամբ ազատվեք:  Դիտեք ուրախ ներկայացումներ ու կատակերգություններ, հումորային գրքեր ընթերցեք ու  դրական տրամադրվածությամբ մարդկանց հետ շփվեք: Գուցե դա օգնի ձեր խնդիրը  թեթև ընդունելուն: Լավատեսներն ավելի հաջողակ են ու կյանքում երջանիկ, քան մռայլ ու հումորից զուրկ մարդիկ: Եթե չափից դուրս զգուշավոր եք, իմացեք, որ դա նույնպես անհաջողության վախի թաքնված զգացում է: Մի վախեցեք ռիսկի դիմել, առանց դրա հաջողության չեք հասնի:

Դիտվել է 2481 անգամ:
Print Friendly

Leave a Reply