Նարեգ Հարթունյանի գործը մակագրվել է դատավոր Ազարյանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 30, 2012 14:21

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի N1 դահլիճը ճնշող տպավորություն է թողնում ներս մտնողի վրա. դահլիճը երկու մասի բաժանող ապակե միջնապատը, որ բաժանում է դատավարության մասնակիցներին ու դահլիճում նստածներին, ստեղծում է տպավորություն, որ ապակուց այն կողմ` փաստաբանների կողքին, նստած են առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձինք, որոնց անհրաժեշտ է մեկուսացնել դահլիճում նստածներից:

Այս անգամ,իր փաստաբանների հետ մեկտեղ, ապակու մյուս կողմում էր գտնվում Նարեգ Հարթունյանը. նրա մասնակցությամբ քրեական գործի դատալսումն էր:

Հիշեցնենք, որ Նարեգ Հարթունյանը մեղադրվում է հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու և փողերի լվացման մեջ:

Քրեական գործը խորհրդավոր հանգամանքներում մակագրվել էր դատավոր Նելլի Բաղդասարյանին, որն էլ նախագահում էր դատական նիստը:

Դատալսումը սկսվեց: Փաստաբան Հայկ Ալումյանը, ներկայացնելով դատավորի հանդեպ ունեցած անվստահություն հիմքերը, միջնորդեց, որպեսզի դատավորն ինքնաբացարկ հայտնի:

Նշենք, որ դատական գործերի բաշխման փուլում կողմնակալ մոտեցումներից խուսափելու, այդ գործընթացը վստահելի դարձնելու համար դրանք դատարաններում բաշխվում են համակարգչային ծրագրի միջոցով:

Սակայն Նարեգ Հարթունյանի գործով տեղի ունեցավ հետեւյալը: Նախ 24.02.2012 թվականին գործը համակարգչային եղանակով փոխանցվել էր դատարանի նախագահ Սուրեն Կոստանյանին: Նույն օրը Ս.Կոստանյանը հետ էր հանձնել գործը` իր հիվանդության պատճառաբանությամբ, այնուհետև համակարգչային եղանակով այն վերահանձնարարվել էր դատավոր Ալեքսանդր Ազարյանին, որը նույնպես` հիվանդության պատճառաբանությամբ, հանձնել էր գործը:

Դրանից հետո գործը հանձնարարվել էր դատավոր Նելլի Բաղադասարյանին:

Վերը ներկայացված եռաքայլ գործողությունը կասկածի տակ է դրել 2011թ. Դեկտեմբերի 15-ից դատական համակարգում ներդրված համակարգչային եղանակով գործերի բաշխման ծրագրի արդյունավետությանը:

Ըստ էության, երկու դատավորների միաժամանակ, սակայն “ժամանակավորապես անաշխատունակ” լինելու հանգամանքով հատուկ նպատակ է հետապնդվել, որ այս գործը հանձնվի հենց դատավոր Ն. Բաղդասարյանին:

Մինչ դատական նիստը պարզվել է որ դատավոր Ն. Բաղդասարյանի երկու քույրերի ամուսինները աշխատում են ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում, ընդ որում, նրանցից մեկն այդ կառույցում զբաղեցնում է բարձրագույն պաշտոններից մեկը: Եթե հաշվի առնենք, որ այս գործը հարուցվել, բոլոր “ապացույցները” հավաքվել և մեղադրական եզրակացությունը կազմվել է հենց ՊԵԿ-ում, իսկ գործը դատարան մուտք գործելու օրը դատավորի քրոջ ամուսնու անմիջական ղեկավարը` ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ա.Ալավերդյանը հրապարակային և պաշտոնական հայտարարություն է արել Նարեգ Հարթունյանի մեղավորության վերաբերյալ, ապա պարզ է դառնում, որ, Նարեգի գործը քննելու համար, ՊԵԿ-ի համար ամենաձեռնտու դատավորի թեկնածությունը հանդիսանում էր հենց դատավոր Ն. Բաղդասարյանը:

Պարզվել է նաև, որ դատավորը հանդիսանում է գործով մեղադրող Բագրատ Պետրոսյանի քրոջ` ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանի համակուրսեցին, ինչը ևս մեկ անգամ փաստում է դատավորի կապվածությունը մեղադրող կողմի հետ և կասկածի տակ է դնում դատավորի անաչառությունը:

Այդ ամենի հետ մեկտեղ, ինչպես դատարանում հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը, իր և իր պաշտպանյալների դեմ` որպես մի յուրահատուկ ՙզսպաշապիկ՚ է օգտագործվելու նաև այն, որ դատական նիստի քարտուղար է հանդիսանում Ռուզաննա Բադիրյանը, որն իր կնոջ քույրն է:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` դատավորի ինքնաբացարկի հիմքերը, ի թիվս այլի, ներառում են այն դեպքը, երբ դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, պաշտպանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ: Տվյալ դեպքում դատավորն, առավել, քան այս դատարանի մեկ ուրիշ դատավոր, ազգակցական և ընկերական կապերով կապված էր մեղադրանքի կողմի` նախաքննությունն իրականացրած մարմնի և մեղադրող դատախազի հետ:

Փաստաբանի խոսքերով այս ամենը նրանց բերել են այն համոզման, որ գործերի համակարգչային բաշխման շրջանցումը և այդ եղանակով գործը Ն.Բաղդասարյանին վերահանձնարարվելը եղել է նպատակադրված և բխել է մեղադրանքի կողմի շահերից:

“Ելնելով վերը շարադրվածից, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ և 9-րդ կետերով, ես Ձեզ բացարկ եմ հայտնում և միջնորդում եմ ինքնաբացարկ հայտնել”,-հայտարարեց փաստաբան Հայկ Ալումյանը:

Դատական նիստը հետաձգվեց մինչև ժամը 15:00:

Դատաքննությունն սկսվեց երեք ժամ անց, եւ դատավոր Ն.Բաղդասարյան բավարարեց միջնորդությունը և ինքնաբացարկ հայտնեց:

Գործը հանձնվել է դատավոր Ալեքսանդր Ազարյանին:

Առաջին հայացքից դատավոր Ն.Բաղդասարյանի ինքնաբացարկը մեկ քայլ առաջ է, սակայն դրա նախապատմությունն ամենևին էլ չի հուսադրում, որ Շենգավիթի դատարանում գործի քննության հետ կապված “պարտադիր ցուցումներ” չեն լինի դատավորին: Մնում է հուսալ, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանը ինքնաբացարկի հիմքեր չի ունենա և գործը կքննի ու որոշում կկայացնի քրեական օրենսդրության պահանջներին համապատասխան:

Դիտվել է 781 անգամ:
Print Friendly

Leave a Reply