Աուտիզմ. 21-րդ դարի չբացահայտված հիվանդություն

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | April 3, 2012 13:58

Յոթնամյա Մերիի ամենասիրած զբաղմունքը նկարչությունն  է: Սիրում է նկարել հատկապես գուաշով: Նա խուսափում է նայել մարդկանց աչքերին. հիմնականում մայրիկի հետ է շփվում:

Մերիի մոտ բժիշկներն աուտիզմ են ախտորոշել 6-7ամսականում, սակայն ծնողները սկսել են նրան տանել հատուկ մասնագետի մոտ համեմատաբար ուշ շրջանում: «Սկզբում ընդհանրապես չէր մնում առանց ինձ, բայց քիչ-քիչ սովորեց մանկավարժին: Հիմա թողնում եմ նրա մոտ, որ ինչ-որ կերպ կարողանա հարմարվել:  Մերին շատ յուրահատուկ բնավորություն ունի: Ես զգում եմ, որ նա հասկանում է իմ ասածները, սակայն անտարբեր է դրանց նկատմամբ, չի արձագանքում»,- պատմում է Մերիի մայրը` Ալինան:  Նրանք ուշ են դիմել մասնագետի օգնությանը, քանի որ դրա համար գումարներ են պետք եղել, ինչի հնարավորությունը չեն ունեցել: «Անընդհատ նրա հետ եմ եղել, չեմ կարողացել աշխատել: Հետո ռիսկ արեցի, դիմեցի մասնագետին, ես էլ սկսեցի աշխատել:  Հիմա էլ  ինտերնետի միջոցով գտել եմ կազմակերպություններ, արտասահմանում ապրող մարդիկ, որոնք երբեմն գնում են Մերիի որոշ աշխատանքներ: Ճիշտ է, դա չնչին գումար է, սակայն այս պայմաններում նրան ինչ-որ կերպ օգնելու իմաստով էլի ինչ-որ բան է»: Ալինան գիշերները հաճախ է անցկացնում համակարգչի առաջ` համացանցում աուտիզմով հիվանդ երեխաների հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպություններ փնտրելով, այդ հիվանդությամբ տառապող երեխաների ծնողների հետ կապեր հաստատելով:

Ալինայի խոսքերով`  իրենք սկզբում շատ են տառապել երեխայի հիվանդության պատճառով, սակայն աստիճանաբար հաղթահարում են, փորձում  պարզապես ապրել: «Ինչ անեմ, կա՛մ պետք է հարմարվենք, փորձենք այս խնդրով ապրել, կա՛մ էլ կործանվել, կորչել: Այո, ես պետք է ուժեղ լինեմ, ես ուժեղ եմ պետք իմ երեխային: Պետք է պայքարեմ այնքան, ինչքան ի վիճակի եմ»:

Ի՞նչ է աուտիզմը

Աուտիզմ բառացի թարգմանությամբ նշանակում է «ինքն իր մեջ փակված»: Սա այն արատներից է, որ դիտարկվում է բժշկական, հոգեբանական, մանկավարժական տեսանկյուններից:

Մինչ այժմ աուտիզմի ֆիզիոլոգիական հիմքերը բացահայտված չեն:

Հիվանդությունը դրսևորվում է մինչև երեխայի կյանքի հինգ տարիները: Կարող են բացահայտել նաև ավելի վաղ, այն շրջանում, երբ երեխան սկսում է կապ հաստատել արտաքին աշխարհի հետ: Սա համարվում է XXI դարի հիվանդություն և դեռևս լուրջ ուսումնասիրության չի ենթարկվել: Նախկինում այն դիտարկվել է շիզոֆրենիա հիվանդության համատեքստում, և միայն վերջերս է առանձնացվել իբրև առանձին հիվանդություն:

Հիմնական դրսևորումը անտարբերությունն է շրջապատող աշխարհի նկատմամբ, հիվանդներն ունենում են նաև պատրանքներ, խոսքի խանգարումներ:

Աուտիզմով հիվանդ երեխաները ոչ մի հետաքրքրություն չեն ցուցաբերում արտաքին աշխարհի նկատմամբ և վախի զգացում ունեն: «Վախենում են տեխնիկայի ձայներից, տունը փոշեծծիչով մաքրելու դեպքում, օրինակ, երեխաներ կան, որ վախից կարող են գոռալ, լաց լինել:  Նրանց ինքնապաշտպանական ռեակցիան ավելի արտահայտված է, ավելի ընդգծված: Նրանք  շփվող չեն, սիրում են մենակություն,  ունեն շատ վախեր: Պատկերացրեք, որ երեխայի ու նրան շրջապատող աշխարհի միջև ապակյա պատ կա, որը նա չի կարողանում հաղթահարել: Մանկավարժի, հոգեբանի խնդիրն է երեխային ադապտացնել շրջապատող աշխարհին, սովորեցնել ապրել մեր աշարհում»,- բացատրում  է հատուկ մանկավարժ Մարիամ Օհանյանը:

Նա ասում է, որ աուտիզմի առաջացման հետևանքները մինչ այժմ բացահայտված չեն, և հնարավոր չէ լիովին խուսափել հիվանդությունից, սակայն մասնագետների օգնությամբ հնարավոր է հասնել որոշ արդյունքների, գոնե նրան, որ երեխան ընդլայնի իր հետ կոնտակտի մեջ մտնող մարդկանց շրջանակը:

Տղաներն այս հիվանդությամբ հինգ անգամ ավելի շատ են հիվանդանում:

Մ. Օհանյանը նաև շեշտեց, որ  հիվանդ երեխա ունենալու դեպքում շատ ծնողներ ուղղակի ամաչում են իրենց երեխաներից. ահա առաջանում է նաև ծնողների հետ հոգեբանական աշխատանք տանելու անհրաժեշտություն. «Շատ ծնողներ ամեն ինչ անում են, որ ցույց չտան, թե հիվանդ երեխա ունեն: Ավելին` նրանցից շատերի համար մեծ խնդիր է երթուղայիններից օգտվելը, քանի որ երեխաներ կան, որոնք վախենում են տնից դուրս գալ, նստել երթուղային: Այս տեսակ երեխաների ծնողների համար խնդիրը կրկնակի դժվարանում է: Մեր հասարակությունն էլ  հատուկ վերաբերմունք ունի, ինչն էլ ավելի է կոմպլեքսավորում ծնողներին, իսկ երեխաներին ավելի հեռացնում մյուսներից»:

Աուտիզմով հիվանդ մարդիկ` մեր հասարակության լիարժեք անդամներ

Խնդիրն այն է, որ Հայաստանում դեռևս լուրջ մասնագետների կարիք կա, սակայն  ավելի լուրջ խնդիր է մեր վերաբերմունքը հիվանդների նկատմամբ:  Իրականում հենց մեր վերաբերմունքը կարող է այնպես անել, որ աուտիզմով հիվանդ մարդիկ դուրս գան իրենց փակ տարածություններից` դառնալով հասարակության լիարժեք անդամ:

 

 

Մարիամ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ

 

Դիտվել է 4990 անգամ:
Print Friendly

Leave a Reply