Որդու համար ոչինչ չի խնայում, բայց…

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 30, 2012 9:26

Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում միմյանց դեմ պայքարելու է 5 թեկնածու, որոնցից 3-ը ինքնաառաջադրվածներ են: ՀՀԿ-ն այստեղ առաջադրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդու` գործող պատգամավոր Վահե Հակոբյանի թեկնածությունը, իսկ ՀՅԴ-ն` գործող պատգամավոր Գագիկ Գեւորգյանի թեկնածությունը: Ակնհայտ է, որ պայքարը հիմնականում ծավալվելու է հենց այս երկու թեկնածուների մեջ: Իսկ ոմանք արդեն գործի են անցել…

Yerkir.am-ը Սյունիքում տիրող նախընտրական իրավիճակի շուրջ զրուցել է Կապանի ՀՅԴ մարզային կառույցի ներկայացուցիչ Արմենակ Ստեփանյանի հետ:

– Պարո’ն Ստեփանյան, այստեղ` Երեւանում, որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածել, թե իբր Սյունիքի ՀՅԴ կառույցում խառնաշփոթ է…
– Այսօր մենք ավելի ուժեղ ենք եւ համախմբված, հատկապես, որ Գագիկ Գեւորգյանն էլ մեծամասնականով թեկնածու է առաջադրվել: Բոլոր կապանցիները համախմբվել են, ու այդ պատճառով ոմանք խառնվել են իրար: Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի տնօրենը ամենաշատն է խառնվել իրար, ուզում է խառնաշփոթ ստեղծել: Կապանում բոլորն էլ գիտեն, որ ՀՅԴ-ն մարզի սիրտն է:

– Լուրեր են շրջանառվում, թե ոմանք լքում են ՀՅԴ շարքերը, տեղի դաշնակցականների հարաբերությունները Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի հետ էլ վատ չեն…
– Այնքան «լավ» են, որ գործարանում կանչել են բոլոր աշխատողներին, այդ թվում` նաեւ դաշնակցականներին, հավաքել են անձնագրերը, անձնական տվյալները, ինչ-որ ցուցակներ կազմել եւ սպառնացել, որ եթե Վահե Հակոբյանին ձայն չտան, ապա աշխատանքից ազատելու են անխտիր բոլորին: Մեր դաշնակցական ընկերները հայտարարել են, որ չեն կարող ձայն տալ Վահեին, քանի որ ՀՅԴ-ն առաջադրած թեկնածու ունի: Երկու-երեք դաշնակցականներ, կարծես, համաձայնել են նրանց պահանջներին, դե, ընտանիք են պահում, բայց մենք խիստ նկատողություն ենք տվել նրանց, անգամ զգուշացրել, որ կարող են հեռացվել կուսակցությունից, պետք է հավատարիմ լինեն կուսակցության որոշմանը:

– Այդուհանդերձ, ընտրապայքարը դժվար է լինելու:
– Ինչքան էլ փող բաժանեն, մեկ ա` ժողովուրդն իր ուզած թեկնածուին է ձայն տալու: Վահե Հակոբյանն ո՞վ ա, կապանցին նրա երեսը վերջին 4 տարվա մեջ անգամ չի էլ տեսել, ու հանկարծ եկել ուզում է նորից պատգամավոր դառնալ:

– Ընտրակաշառք բաժանո՞ւմ են:
– Բա ինչ են անում, շտաբը բացել են, փողերն էլ բաժանում են, հերթով մարդկանց կանչում են, սպառնում…

– Հայտնի է, որ ՀՀԿ Սյունիքի շտաբը ղեկավարելու է Մաքսիմ Հակոբյանը, ով եւ ամեն ինչ կանի որդու համար ձայներ ապահովելու հարցում:
– Ծեծելու ենք, ծեծելու (ծիծաղում է): Էս Սյունիքն ա, սյունեցին ուրիշ ա: Կարող ա փողը վերցնեն, բայց երբեք ձայն չեն տալու Վահե Հակոբյանին: Իսկ մենք փող չենք բաժանելու, մերը դուխն ա ու հայրենասիրությունը:

– Ճի՞շտ է, որ ՀՅԴ շարքերը նոսրանում են:
– Ո՞վ է ասել, ո՞վ է նման սուտ լուրեր տարածում, չնայած` հասկանալի է: Հակառակը` ՀՅԴ շարքերն ավելանում են ընտրություններից առաջ: Մի քանի օր առաջ էլ ընդունելություն էինք կազմակերպել, նոր անդամներ ունենք:

– Վստա՞հ եք, որ ձեր թեկնածուն է անցնելու:
– Իհարկե, բա էլ ինչի համար ենք պայքարում: Կապանցին ա պատգամավոր ընտրողը, ոչ թե` Մաքսիմ Հակոբյանը: Մարզպետն էլ է խառնվել իրար, որովհետեւ շատերն են համախմբվել մեր թեկնածուի շուրջը, անգամ անհանգստանում են, որ որոշ ՀՀԿ-ականներ գնում-գալիս են մեր թեկնածուի շտաբ:

Դիտվել է 1004 անգամ:
Print Friendly

Leave a Reply