Հունգարիայի նախագահին զրկել են գիտական աստիճանից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 30, 2012 7:01

Հունգարիայի նախագահ Պալ Շմիթին զրկել են գիտական աստիճանից: Նման որոշում է կայացրել Զեմելվայսի համալսարանի գիտական խորհուրդը:

Շմիթի դոկտորական ատենախոսությունը գիտական աշխատանքի պրոֆեսիոնալ ու վարքականոնի պահանջներին անհամապատասխան է ճանաչվել, պարզաբանել է համալսարանի ռեկտոր Տիվադար Թուլասայը: Շմիթին գիտական աստիճանից զրկելու օգտին է  քվեարկել գիտխորհրդի 33 անդամ, դեմ` ընդամենը 4-ը:

Շմիթը “Ժամանակակից Օլիմպիական խաղերի ծրագրի վերլուծություն” թեմայով դոկտորական ատենախոսություն է  պաշտպանել 1992-ին, Հունգարիայի ֆիզկուլտուրայի համալսարանում, որն ավելի ուշ մտավ Զեմելվայսի համալսարանի կազմի մեջ: 2012-ին հունգարական HGV ամսագիրը վերլուծելով  այն, եզրակացրեց, որ աշխատանքում տեղ են գտել հատվածներ բուլղարացի գիտնական Նիկոլայ Գերգիևի աշխատանքից: Ստուգման համար հատուկ հանձնաժողով կազմվեց (4 պրոֆեսոր և իրավաբան): Նրանց հաշվետվության մեջ ասվում է, որ Շմիթի 215 էջանոց դիսերտացիայի 200 էջը  “ուղղակի թարգմանություն” է կամ էլ “մասնակի փոխառություն” ուրիշ աշխատանքներից:

Ի դեպ, Շմիթը միակ քաղաքական գործիչը չէ, որին մեղադրում են գրագողության մեջ: 2011-ին Գերմանիայի պաշտպանության նախարար Կառլ-Թեոդոր ցու Գուտենբերգը նույնպես մեղադրվեց գրագողության մեջ, նրան զրկեցին գիտական աստիճանից, որից հետո նա հեռացավ պաշտոնից:

Դիտվել է 973 անգամ:
Print Friendly

Leave a Reply