«Ծիրանագույն երազներ»` մանուկների համար

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 30, 2012 0:32

Մարտի 29-ին Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում տեղի ունեցավ Կորյուն Առաքելյանի “Ծիրանագույն երազներ” գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր` հասարակական, մշակութային գործիչներ, գրողներ, բանաստեղծներ:

Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, շնորհավորելով բանաստեղծին նոր գրի լույս ընծայման առթիվ, նշեց, որ մանկագրությունը ոչ միայն շատ կարևոր է ոլորտ է, այլև բավականին բարդ. “Պատահական չէ, որ միության շուրջ 400 անդամների մեջ մանկագիրները մեկ տասնյակ էլ չեն կազմում”,-նկատեց նա,-մանկագրության համար պետք է կենսափորձ, մանկական հոգեբանության իմացություն և իհարկե տաղանդ”:

Նա ներկայացրեց նաև մարտի 27-ին մեկնարկած Մանկական գրքի և երաժշտության շաբաթվա միջոցառումները` հույս հայտնելով, որ ընթերցանության ճգնաժամը կհաղթահարվի, եթե շեշտը դրվի մանուկների վրա:

“Լիաննա Զուրաբյան” ասմունքի կենտրոնի փոքրիկ սաներ Թամարան ու Թելմանը արտասանեցին նորընծա գրքի բանաստեղծություններից: Թելմանին հատկապես դուր էր եկել “Թելման զինվորը” բանաստեղծությունը. “Թելմանն եմ ես, զինվոր եմ ես, զենք ու զրահ կապած այսպես, ամուր հեծած թուր-կեծակին, օգնում եմ ես մեր բանակին…”,-արտասանեց նա:

Կենտրոնի ոււսուցչուհին նշեց, որ երեխաներն ամբողջ գիրքն արդեն անգիր են արել. “Գիրքը շատ պայծառ է, շատ վառ է, ամեն թեմա կա, այն նաև դաստիարակչական նշանակություն ունի, որ պետք է աշխատասեր լինել, մեծամիտ չլինել և այլն: Այսօր, այս համակարգչային, ցանցային դարում երեխաների համար նման պարզ ու վճիտ ստեղծագործությունները շատ կարևոր են”,-նշեց նա:

Շնորհանդեսի ընթացքում մեջբերվեց այն հայտնի խոսքը, որ մանուկների համար պետք է գրել նույն ձևով, ինչ մեծերի համար, բայց ավելի լավ:

Կորյուն Առաքելյանը ծնվել է 1944 թ. նոյեմբերի 24-ին Իջևանում: 1968 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը` ստանալով հայոց լեզվի և գրականության ուսուցչի մասնագիտություն: Պարգևատրվել է ԽՍՀՄ ԳԽ “Աշխատանքային գերազանցության համար” մեդալով (1986 թ.): Աշխատել է Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցում` որպես ուսուցիչ, եղել է Իջևանի շրջկոմի առաջին քարտուղար: 2003թ. –ին “Ազգային միաբանություն” կուսակցության ընտրացուցակով պատգամավոր է ընտրվել: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է եղել: 2010թ.-ին հրապարակել է “Մայր իմ” բանաստեղծությունների ժողովածուն:

Այժմ նա ՀՀ Հանրային խորհրդի անդամ է, ՀԽ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ:

Դիտվել է 1139 անգամ:
Print Friendly

Leave a Reply