Դահսավատտի Դանսազարյայի արտաքինը հայի նման չէ . Հայերն ու Հայաստանը հնդիկ պատմաբանի աչքերով

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | April 4, 2012 12:01

Հնդիկ պատմաբանը` Դահսավատտի Դանսազարյանուսումնասիրում է XVII-XVIII դարերի հնդկահայերի կյանքը: Այժմ ապրում է Եգիպտոսում: Մենք զրուցեցինք նրա հետ հայերի, մասնավորապես` Կալկաթայի հայերի մասին:

 Ինչո՞ւ որոշեցիք հետազոտել հայերի կյանքը Հնդկաստանում:

– Ասեմ, որ իմ թեկնածուական ատենախոսության թեման էր «Հնդկաստանի ծովային առևտուրը XVII-XVIII դարերում»: Ուսումնասիրության ընթացքում ամենուր հղումներ էի տեսնում հայերին: Եվրոպական ճամփորդական ու արխիվային նյութերում, հեղինակների մտադրությունից կախված, հաճախ և՛ դրական, և՛ բացասական ակնարկներ կարելի էր  գտնել հայ վաճառականների մասին: Թեմային վերաբերող երկրորդական գրականության մեջ նույնպես նշվում էր հայերի կարևոր դերը Ասիայի և Եվրոպայի առևտրի գործում:

Ուսումնասիրություններից առաջ որևէ հայի ճանաչո՞ւմ էիք:

 – Գիտեի, որ հայեր կան Հնդկաստանում, ավելի կոնկրետ՝ Կալկաթայում: Քանի որ  սովորում էի պատմության ֆակուլտետում, կարդացել էի XVIII դարի Բենգալի պատմության դասագրքերը, որոնցում մանրամասն խոսվում է Պլեսիի ճակատամարտերից առաջ Բենգալի առևտրում ու քաղաքականության մեջ վաճառականներ խոջա Պետրոս Հարությունի և խոջա Վազիդի ազդեցության մասին: 1757-ին անգլիացիները պարտության մատնեցին Բենգալի վերջին անկախ տիրակալին ու իրենց ձեռքում կենտրոնացրին տարածաշրջանի քաղաքական իշխանությունը:

Դուք տեղեկություններ ունե՞ք այնպիսի հայերի մասին, որոնք փոխել են իրենց կրոնը կամ համայնքը:

 – Ինչպես գիտեք, նույնիսկ Հայաստանում ոչ բոլորն են եղել առաքելական եկեղեցու հետևորդներ: Պատահել են նաև փոքրաթիվ կաթոլիկներ: Բնակություն հաստատելով Հնդկաստանում, Ֆիլիպիններում, այնտեղ սերտ առևտուր անելով պորտուգալացիների ու իսպանացիների հետ՝ հայերի մի մասը կաթոլիկություն է ընդունել, իսկ մի փոքր մասն էլ դարձել է բողոքական: Գիտեմ, որ այժմ մի քանի հոգի կա, որ հայ և հնդկապորտուգալացի ծնողների սերունդ են: Հաճախ են հանդիպում երեխաներ, որոնց հայրը հայ առաքելական է, մայրը՝ կաթոլիկ, և երեխաները կնքվել են կաթոլիկ եկեղեցում: Ցավով պետք է ասեմ, որ այս ոլորտին այնքան էլ չի անդրադառնում ժամանակակից պատմագրությունը: Իսկ համայնքը փոխելու հարցը նաև սրա հետ է կապված:

Բայց որո՞նք են հայ համարվելու չափանիշները

 – Իսլամի հետ կապված հարցը շատ նուրբ է, ուստիև՝ ավելի բարդ: Հայաստանը շատ մոտ է քրիստոնեական ու իսլամական քաղաքակրթություններին: Պատմությունը վկայում է, որ շատ հայեր են գաղթել Մերձավոր Արևելք: Օրինակ՝ XVI դարի սկզբներին մեծաթիվ հայ բնակչություն կար Իրանում, մասնավորապես՝ Նոր Ջուղայում: Իրանում եղել են և՛ բռնի, և՛ կամավոր կրոնափոխություններ:

Հնդկաստանում հայերի մասին գրելիս Մեսրոպ Սեթը (հնդկահայ գրող է, գրել է «Հայերը Հնդկաստանում» ծավալուն աշխատությունը – Մ. Ա.) նշում է, որ հայ պոետ Սարմադը, որ թաղված է Դելիի Ջամմա մեջիթի մոտ, ասկետիկ կյանք էր վարում: Սակայն նա շատ քիչ բան է պատմում խոջա Վազիդի՝ XVIII դարի Բենգալի հզոր վաճառականի մասին: Եվրոպական աղբյուրները Վազիդին նշում են որպես հայ, մինչդեռ հոլանդական աղբյուրները նրան մավր են համարում:

Ինչո՞ւ պետք է գեղեցիկ հնդկուհին, որը խոսում է մի քանի լեզուներով, իր գիտական ուղին ընտրեր՝ հետաքրքրվելով հենց հայերի ու Հայաստանի մասին:

  Գիտեք, այս հարցը երբեմն ես էլ եմ ինձ տալիս: Պատասխանը մինչև հիմա էլ, ցավոք, չեմ կարողանում գտնել: Գուցե պատմական այն ժամանակաշրջանում, որ ես եմ ընտրել, հայերի ու Հայաստանի կապը, հասարակական-քաղաքական, մշակութային ազդեցությունն անչափ մեծ է: Բացի այդ, պատմության մեջ քիչ են հանդիպում անհետաքրքիր բաներ, կարծում եմ՝ իսկական պատմաբանի, հետազոտողի համար պատմական յուրաքանչյուր փոքր աղբյուր լուրջ աշխատանքի կարիք ունի, ու եթե հետևողական լինես, կարող ես նույնիսկ լուրջ արդյունքների հասնել:

Դահսավատտի, Հնդկաստանում փորփրելով մեր անցյալը` չե՞ք հետաքրքրվել` արդյոք հայեր չկա՞ն այդ կողմերում:

 – Այս թեմայով ուսումնասիրություններ անելուց առաջ՝ ոչ: Պատճառն առաջին հերթին ժամանակն էր, ես փորձում էի որքան հնարավոր է ժամանակ տրամադրել ժամանակի պատմագրությանը ու հստակեցնել ժամանակահատվածը:

Իսկ երբ ամեն ինչ բարեհաջող ավարտ ունեցավ, ինձ հաջողվեց հանդիպել Կալկաթայում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչների հետ:  Որոշ առումով նրանք բրիտանական իշխանության մնացորդներն են: Եթե տեսել եք տիկին Փըրդիի հյուրանոցը, կհասկանաք, թե ինչ նկատի ունեմ: Որպես շատ փոքր համայնք` հայերը պետք է որ իրենց չափազանց խոցելի զգան, և ավելի շատ՝ իրենց ներքին ընդհարումների պատճառով: Հետևանքն այն է, որ կասկածի տակ են առնվում համայնքից դուրս գտնվող օտարները:

Դահսավատտի, չնեղանաք, բայց ընդունված է համարել, որ այն պատմաբանները, որոնք մի ազգի կամ պետության վրա են կենտրոնացել, լրտես են կամ լավագույն  դեպքում մոլորեցնող:

 – Չէ, չեմ նեղանում, պատմությունն այդպիսի բան է: Հայերով կամ նրանց պատմությամբ հետաքրքրվող ոչ բոլորն են կառավարության պատվիրված լրտեսներ, կամ էլ բոլորը չէ, որ աչք ունեն հայոց եկեղեցու բանկային հաշիվների վրա: Այսպիսի կասկածամտությունը հանգեցնում է տարօրինակ վարվելաձևի, որը, իհարկե, շատ տհաճ է: Ես գիտեմ, օրինակ, Կալկաթայի հարգարժան քաղաքացիների, որոնք ասում են. «Ես ձեռքերս լվացել եմ հայերից»:

Հնդկաստանի, Իրանի և Հայաստանի հայերի մեջ կա՞ն առանձնահատկություններ:

 – Իհարկե, արևադարձային անխնա արևը թողել է իր դրոշմը Հնդկաստանում ապրող շատ ու շատ հայերի արտաքին տեսքի վրա: Հանգուցյալ տիկին Ջոյս Փըրդին չափազանց վիրավորվել ու ազդվել էր, երբ մի ոչ այնքան նրբանկատ լրագրող նրան ասել էր. «Ձեր արտաքինը հայի չէ»:

Հայի ու հնդկապորտուգալացու կամ հայի ու անգլիահնդիկի երեխաներն ավելի շատ նման են հարավավստրիացիների կամ հնդկապորտուգալացիների: Հայկական համայնքը նրանց հայ չի համարում:

Ինչո՞ւ:

 – Սա չափազանց հետաքրքիր է, քանի որ համայնքի անդամները, որոնք հայի նման են, համարվում են համայնքի անդամ, չնայած որ առաքելական եկեղեցու անդամ չեն: Ասեմ մի հետաքրքիր բան. Հայաստանից եկած երիտասարդներն ավելի բաց են դեպի հնդկական քաղաքակրթությունը:

Իսկ ինչո՞ւ հայերը լքեցին Հնդկաստանը, ո՞րն է պատճառը:

 – Գիտեք, հաճախ նշվում է, թե արգելվում էր Հնդկաստանում վաստակած գումարը փոխանցել այլ երկրներ: Սակայն սա մասամբ է բացատրում հարցի էությունը:

Ըստ Ձեզ, ո՞րն է հնդկահայ համայնքի ապագան:

 – Իրականում շատ բան կարելի է անել: Հայաստանը կարող է օգտագործել Կալկաթայում եղած կապիտալը: Բայց սա կարող է իրագործվել միայն այն ժամանակ, երբ Կալկաթայի հայերն ու Հայաստանի կառավարությունը միասին գործեն ու ինչ-որ բան անեն: Իսկ ամենակարևորն այն է, որ հարկավոր է ունենալ իսկապես գործի նվիրյալներ, ոչ թե փողը սեփականի պես օգտագործող մարդիկ…

 Հարցազրույցը վարեց

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆԸ

Դիտվել է 1431 անգամ:
Print Friendly

Leave a Reply