Որտե՞ղ է թաքնված շան գլուխը, շինարարի գրպանո՞ւմ, թե՞ քարտեզագրողի ոտքի տակ

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | April 3, 2012 7:00

«Անկախ» թերթի 2011 թ. դեկտեմբերյան  համարներից մեկում տպագրվեց «Քանակ` որակի հաշվին» հոդվածը` հավատացած, որ բարձրացված խնդիրն անարձագանք չի մնա հենց միայն երկու պարզ պատճառով. այն առնչվում է ճակատագրի հեգնանքով արդեն մեկ անգամ հայրենազուրկ, տնազուրկ եղած շահումյանցիներին, երկրորդ` միջոցներ կձեռնարկվի, քանի դեռ ստեղծված իրավիճակը նոր ողբերգության չի հանգեցրել: Չգիտես ինչո՞ւ, հավատացած էի, որ կառավարությունը ոչ միայն կգտնի գլխավոր մեղավոր շինարարին, այլև կստիպի, որ իր եփած ճաշն ինքն էլ ուտի, ասել է թե` վերացնի թերությունները, եթե, իհարկե, դա դեռ հնարավոր է:

Իսկ թե խոսքն ինչ ճաշի մասին է, մի փոքր մանրամասնեմ: Այն եփվել է 2003 թ. Նորվեգիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ, բայց մրցույթը շահած շինարարների ուժերով, իսկ թե հատկապես որ շինարարի ձեռամբ, ինձ այդպես էլ չհաջողվեց պարզել, անգամ բազմաթիվ դեգերումներից հետո: Եվ որ տարօրինակ է, այդ մասին  չգիտեին կամ չեն հիշում անգամ բնակիչները: Գուցեև չցանկացա՞ն այդչափ անկեղծանալ` հետագա ակնկալիքները չբացառելով, համենայն դեպս ինձ համար մինչ օրս այդպես էլ հանելուկ է մնացել: Այնուամենայնիվ, այստեղ ոչ այնքան շինարարի ով լինելն է կարևոր, որքան խնդրի լուծումը: Գուցե նաև մեկ այլ շան գլուխ էլ այստեղ է թաղված, որ ոչ մեկս չգիտենք:

Ինչևէ,  Սիլիկյան թաղամասի վագոն-տնակների` Շահումյանից ու Բաքվից մազապուրծ եղած բնակիչների համար 2003 թ. կառուցվեց 66, իսկ երկու տարի անց` ևս 66 քոթեջ: Այսպիսով, այդ բնակավայրում ծնունդ առավ 132 քոթեջանոց մի նոր թաղամաս: Մեկ քոթեջը երկու ընտանիքի համար է նախատեսված: Սակայն կարճ ժամանակ անց նոր թաղամասի բնակիչները մի նոր խնդրի բախվեցին, ուրախությունն ու ոգևորությունը կարճ տևեց, որովհետև կամաց-կամաց ի հայտ եկավ ավանը կառուցող շինարարի «ուրույն ձեռագիրը»:

Հոդվածից հետո արդյոք որևէ բան փոխվե՞ց, որևէ պաշտոնյա հիշե՞ց այդ մարդկանց ու նրանց խնդիրները. այս հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով կրկին զրուցեցի բնակիչների հետ: Ասել, թե ոչինչ չի փոխվել նրանց կյանքում կամ նրանց ոչ ոք չի հիշել, դժվարանում եմ մի պարզ պատճառով. փոխվել է այն, որ բնակարանների ճաքերն  են շատացել ու խորացել: Եվ որ ամենակարևորն է, շինարարն է վերջապես ի հայտ եկել և թիվ 51 քոթեջում ապրող Շահումյանի Վերիշեն գյուղի բնակիչ Գրետա Զարգարյանին, որին, ի դեպ, բնակիչները հասարակական կարգով իրենց լիազոր են կարգել ու իրենց իրավունքների պաշտպանությունը նրան վստահել, խոստացել է, որ գարնան գալուն պես կվերանորոգի քոթեջը:

Արդյոք այդ բախտը միայն տիկին Զարգարյան՞ին կժպտա. առայժմ նա դժվարացավ որևէ բան ասել: Թեև գարունն արդեն իր իրավունքների մեջ է մտել, շինարարը դեռ չի հայտնվել: «Քաղաքապետարանի, քաղաքաշինության նախարարության, փախստականների վարչության դուռը թակելով` առ  այսօր դեռ ոչնչի չեմ հասել: Օրինակ` պրն Եգանյանը իրավիճակին ծանոթանալուց հետո հայտարարեց, որ նման միջոցներ չունեն, որ պետք է դիմել ՄԱԿ-ի գրասենյակին»,- ասաց տիկին Զարգարյանը: Տարօրինակ պատասխան. փոխանակ շինարարի պոչը բռնեն, ՄԱԿ-ի գրասենյակի տեղն են ցույց տալիս, ասես նրանք են անորակ շինարարություն իրականացնողը: Այստեղ են ասել` «լավություն անողի գլուխը միշտ ծակ է»:

Առավել տարօրինակ է այն, որ երբ պրն Եգանյանի հետ հեռախոսազրույց ունեցա, նա խնդրին անտեղյակ ներկայացավ` միաժամանակ հիշեցնելով, որ նորվեգական գրասենյակն արդեն 3-4 տարի է, ինչ  Հայաստանում փակել է իր գրասենյակը: Ի պատասխան տիկին Գրետայի 2010 թ. հոկտեմբերի 24-ի դիմում նամակի, ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիայի պետական ծառայության աշխատակազմի ղեկավար Բ. Հակոբյանը տեղեկացնում է. «ՀՀ տարածքում փախստականներին պատկանող տների շինվերանորոգման աշխատանքները  հիմնականում իրականացվում է ՄԱԿ-ի ֆինանսական միջոցների հաշվին: Ցավոք, ներկայումս նման ծրագրեր չեն իրականացվում վերջինիս ֆինանսական և նյութական միջոցների բացակայության պատճառով: Հետագա ծրագրի դեպքում Ձեր դիմումը կքննարկվի»: Այստեղ տրամաբանական կամ հռետորական մի հարց է ծագում. մի՞թե  աշխատակազմի ղեկավարն այս նամակը գրել է առանց ղեկավարին տեղեկացնելու:

Եթե շատ քոթեջների  ներսի պատերն են վնասված, ապա տիկին Գրետայի տան մուտքի գլխավոր պատն է ճաքած դրսի կողմից, որը օր օրի մեծանում է` հասնելով լոգարանին: Իրավիճակից ահաբեկված` տիկինը դիմել է սեյսմիկ կայանին, բայց քանի որ ծառայությունը վճարովի է, նրանից 45 հազար գումար են պահանջել, հրաժարվել է: Եթե մեկ ամսվա կենսաթոշակը տար, ապա ողջ ամիսն ինչպե՞ս գոյատևեր: Ստիպված արտակարգ իրավիճակների նախարարություն է ահազանգել, որի մասնագետները եկել են, նկարել և 0,04 մմ  վթարայնության  աստիճանի, ինչպես նաև  ստորգետնյա ջրերի հոսքի առկայության կամ կոյուղու վնասվածքի հավանականության մասին 6 էջանոց մի եզրակացություն գրելով` հեռացել: Դարձյալ հարց է ծագում` միթե՞ բոլորի կոյուղիներն են վնասվել:

Լավ, ենթադրենք, թե կոյուղին է վնասված, այդ դեպքում ինչո՞ւ է ողջ տարածքը ճաքում, անգամ ասֆալտապատ ճանապարհները, և այդ վիճակն ավելի ու ավելի է խորանում: Ու այս իրավիճակում մարդիկ չգիտեն, թե ում գլխավոր մեղավորը համարեն, շինարարի՞ն, թե՞ քարտեզագրողին:

Լավ է, որ սայլը տեղից շարժվեց, և շինարարը գոնե իր գոյության մասին հիշեցրեց, բայց քիչ հավանական է, որ տիկին Գրետայի քոթեջից բացի, այլ տներ էլ կվերանորոգի: Մի ծաղկով գարուն չի գա: Իսկ պատերազմում ամուսնուն կորցրած տիկին Ժաննան, որի երկու որդին ծառայել են հայկական բանակում, կամ մյուսներն ի՞նչ հույսով ապրեն… Խնդիրն ընդհանրական է, հետևաբար ընդհանրական  մոտեցում է պահանջում: Ուրեմն քանի դեռ երկրում «բարիության», ժողովրդին խոստումներ տալու և ծառայություններ մատուցելու մթնոլորտ է, հուսամ, որ ավտոբուսով մարզեր շրջագայող վարչապետը մի օր էլ այդ թաղամաս կայցելի ու մի խոստում էլ դրա բնակիչներին կտա:

 

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

Դիտվել է 1600 անգամ:
Print Friendly

Leave a Reply