Իրաքի իշխանությունները մտադիր են վերաթաղել Սադամ Հուսեյնի մնացորդները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 29, 2012 17:33
Իրաքի իշխանությունները կարգադրել են այցելությունների համար փակել նախկին նախագահ Սադամ Հուսեյնի գերեզմանը ու մտադիր են մահապատժի ենթարկված առաջնորդի մնացորդները վերաթաղել այլ վայրում` ուխտագնացությանը վերջ դնելու համար:
Ինչպես այսօր հայտնել է “Ալ Արաբիա” հեռուսաալիքը, նրա հարազատներն արդեն պաշտոնական ծանուցում են ստացել ՆԳՆ-ից: Ներկայումս նրանց առաջարկվել է տեղ գտնել վերաթաղման համար: Գործին խառնվել է նաև նահանգապետը և Սալահ էդ Դինի մարզային խորհրդի ղեկավարը, որտեղ հայրենի Ուջայում 2006-ին թաղվել է մահապատժի ենթարկված նախագահը: Նրանք մտադիր են կառավարության այդ որոշումը չեղյալ դարձնել:
Նրանց կարծիքով, իշխանությունները վախենում են Հուսեյնի աճող ժողովրդականությունից, քանի որ նրա գերեզման ձգվող հոսքը գնալով մեծանում է:
Իշխանությունների հետ բախումներից խուսափելու նպատակով ընտանիքը փակել է մուտքը` մինչ հետագա կարգադրությունը: Սակայն լրիվ այն դադարեցնել հնարավոր չէ, քանի որ բացի Սադամ Հուսեյնից, այնտեղ են հանգչում նաև նրա նախորդները` Աբդել Ռահման Արեֆն ու Աբդել Քերիմ Կասեմը:
Հունվարի վերջին ոստիկանական ստորաբաժանումը ձերբակալման սպառնալիքով արգելել է այցելել Սադամ Հուսեյնի գերեզման: Երկու տարի առաջ, 2009-ին Իրաքի կառավարությունն արգելք է մտցրել անգամ պաշտոնական պատվիրակությունների ու մասնավոր անձանց համար:
Սադամ Հուսեյնը 2006-ի դեկտեմբերի 30-ին մահապատժի ենթարկվեց մարդկության դեմ կատարած հանցագործության համար: Նրան մահապատժի ենթարկեցին արաբական գլխավոր տոնի` Իդ ալ Ադհայի (զոհաբերության տոն) առաջին օրը, ինչը սկզբունքորեն հակասում է իսլամական նորմերին ու ավանդույթներին






Facebook
Tweet This
Email This Post
