Ժողովո’ւրդ, հույսներդ կտրե’ք ՕԵԿ-ի հեռախոսներից

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 29, 2012 16:35

ՕԵԿ-ը մարտի-8-ին նվերներ է բաժանել բացառապես իրենց կուսակցության անդամ հանդիսացող կանանց: Այսօր` մարտի 29-ին,  այս մասին ևս մեկ անգամ ասաց կուսակցության կարկառուն ներկայացուցիչ Հեղինե Բիշարյանը:

“Ես պետք է ասեմ, որ մեր քաղաքական կազմակերպությունը ներկայացված է ողջ երկրով մեկ` և’ քաղաքում, և’ գյուղերում: Չկան այնպիսի համայնքներ, որ ՕԵԿ-ը չունենա իր գրասենյակները, գրասենյակների ղեկավարները:  Իրենք որոշել են, որ տարբեր տեղեր տարբեր մոտեցումներ են եղել, և իրենց կուսակցության կին անդամներին վերաբերմունք ցույց տալ: Այնպես, ես կարծում եմ, որ սրա մեջ միմիայն լավ բան կա: Մենք, գիտեք, համատարած օգնություններ չենք բաժանում, քաղաքացիներին փողով չենք առնում, չենք ցուցակագրում և չենք էլ անելու: ՕԵԿ-ը խոսելու է և պայքարելու է փողով քվե գնելու նկատմամբ ունենալու իր խիստ մոտեցումները: Ինչ մնում է, թե կուսակցական կառույցներում ինչպիսի վերաբերմունք են ցուցաբերում կանաց, կամ ինչպիսի վերաբերմունք են ցուցաբերում կուսակցականներին, կարծում եմ, որ սա այնքան էլ հանրության դատին ներկայացնելու թեմա չէ”,- ասաց Հեղինե Բիշարյանը:

Լրագրողների ճշտող հարցին, թե արդյո՞ք միայն ընտրյալ կանանց են բաժանել, Բիշարյանը նշեց` “Ես ասացի, որ կուսակցության կառույցի ղեկավարները իրենք են որոշել, որ իրենց կառույցի ներկայացուցիչ կանանց ինչպիսի վերաբերմունք  ցույց տան և ինչպես անցկացնեն այդ միամսյանկը”:  Ընտրությունների ժամանակ հեռախոսներ բաժանելու մասին խոսակցությունները բնորոշվեցին սուտ և իրականությանը չհամապատասխանող: Իսկ հանգամանքին, որ “ընտրաջեմ” և “ընտրամուրաբա” է բաժանվել, օրինակ, Աջափնյակ համայնքում մի ամբողջ մուտքի, Բիշարյանը արձագանքեց, թե ուրեմն այդ ամբողջ մուտքը “Օրինաց երկիր” կուսակցության անդամ են եղել: Իսկ նրանց, ով ՕԵԿ անդամ չի եղել ու առհասարակ ոչ մի առնչություն չի ունեցել կուսակցության հետ, բայց ստացել է այդ ջեմերից ու մուրաբաներից, Հեղինե Բիշարյանը ցանկանում է բարի ախորժակ: Նա հավաստեց, որ ՕԵԿ-ը կանանց նվերներ է բաժանել նաև նախորդ բոլոր մարտիութերին`շեշտելով` “Երբ ինչ ունեցել ենք, այն էլ բաժանել ենք”:

 

 

Դիտվել է 1114 անգամ:
Print Friendly

Leave a Reply