Մարտի 8-ին` դդումի ջեմը կերա՞ք, դե ապրիլի 7-ին`հայդե’ հանրահավաք

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 29, 2012 15:56

Այս մեթոդով ՕԵԿ-ն ակնկալում է այս տարվա մայիսի 6-ին կայանալիք Ազգային Ժողովի ընտրություններում ունենալ ներկայումս ունեցած քվեների կրկնակից ոչ պակասը: “Ես պետք է ասեմ, որ մենք ապրիլի 7-ին նախատեսել ենք հանրահավաք և Ազատության հրապարակում, որից հետո քարոզարշավի հենց առաջին օրը` ապրիլի 8-ին, մենք պետք է մամուլի աշխատողներին ու ողջ հանրությանը ներկայացնենք մեր նախընտրական ծրագիրը”,- մարտի 29-ին կայացած ասուլիսի ժամանակ լրագրողներին տեղեկացրեց ՕԵԿ կուսակցության անդամ, ՕԵԿ նախընտրական շտաբի պետ և ԱԺ-ում ՕԵԿ խմբակցության ղեկավարՀեղինե Բիշարյանը: Նա պարզաբանեց, որ հանրահավաքը կլինի նախընտրական ծրագրի շնորհանդեսը, որից էլ կսկվի քարոզարշավը:
“Մենք ունենք հստակ գրաֆիկ, թե որ մարզերն ենք գնալու, որ օրը` որտեղ և ինչ ձևաչափով պետք է լինեն այդ հանդիպումները: Ինչ մնում է, թե ընդհանրապես ինչ ակնկալիքներ մենք ունենք, ես պետք է ասեմ, որ պատրաստակամ ենք և վճռական` ունենալու կրկնակիից ոչ պակաս, քան ունենք այսօր”,- նշեց Հեղինե Բիշարյանը և ավելացրեց, որ սոցիոլոգների հնչեցրած կարծիքներն ամեն օր կարող են փոխվել: ՕԵԿ նախընտրական շտաբի պետի համոզմամբ` բոլոր քաղաքական ուժերն էլ միշտ չէ, որ համաձայն են լինում սոցիոլոգների կարծիքի հետ: Նա իր ասածը պարզաբանեց` “Որովհետև ամեն օր աշխատանքները շատ հագեցած են քաղաքական ուժերում, և ամենօրյա հետևողական աշխատանքի արդյունքում և առավել ևս կազմակերպված ու գրագետ քարոզարշավի արդյունքում` միշտ բարձրանում են քաղաքական ուժերի վստահության քվեները: Ես այս առումով պետք է ասեմ, որ դեռ վաղ է գնահատական տալ նրանց ասածին և դեռ վաղ է որոշել, թե ինչպիսի տոկոս կլինի”:
Իսկ ճիշտ ու գրագետ քարոզարշավը, դատելով վերջին մեկ ամսվա ընթացքում ՕԵԿ-ի կատարած քայլերից, հավանաբար, “ՕԵԿ-ի ջեմ ուտողը հանրահավաք … կգնա” բանաձևն է: Հեղինե Բիշարյանն իր խոսքում ավելացրեց, որ ՕԵԿ-ն իր բողոքն է հայտնելու փողով քվե գնելու հարցում: Իսկ թե ո՞ւմ դեմ, նա պարզաբանեց` “Չգիտեմ` Հանրապետական կուսակցությունը, Բարգավաճ կուսակցությունը, թե որ կուսկացությունն է այդպես մտածում անել, բայց ես վստահ եմ, որ կոալիցիոն քաղաքական ուժերը արդեն այնքան աշխատանքներ են կատարել, որ իրենց քվեները հավաքելու համար, կարծում եմ, այդ ճանապարհին դիմելու կարիք էլ չկա: Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն այդ ճանապարհով կսկսի քվե հավաքել, և մենք դա կտեսնենք, ի՞նչ նշանակություն ունի, թե որ կուսակցությունից կլինի, մենք կխոսենք դրա մասին: Մենք այդ երևույթի մասին ենք խոսում, այստեղ խոսել որևէ կուսակցության մասին` ճիշտ չէ”:

Դիտվել է 1467 անգամ:
Print Friendly

Leave a Reply