Առաջարկ. «Նոյան տապան»-ը կառուցել մարզում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 29, 2012 15:50

«Նոյան տապան» կառուցելու գաղափարը լավ է, բայց պետք է գտնել ճիշտ տեղ ու իրականացման ֆորմա: Ասուլիսում նման տեսակետ հայտնեց Ճարտարապետների Միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Հիշեցնենք, որ մի խումբ մտավորականներ, գիտնականներ հանդես են եկել առաջարկով` Երևանի «Հաղթանակ» զբոսայգու բարձունքում գտնվող անմշակ, չօգտագործվող հողատարածքում` Արարատ լեռան դիմաց, կառուցել «Նոյան տապան» պատմամշակութային գիտակրթական համալիր: Ճարտարապետական նախագիծը քննարկվել է Հանրային խորհրդի Մշակույթի ենթահանձնաժողովում, որը տվել էր իր համաձայնությունը կառուցման վայրի ու գաղափարի հարցում: Քննարկվել է` նաև քաղաքաշինության խորհրդում, որտեղ կառուցման վայրի հարցում համաձայնություն չեն եկել:

Մ. Մինասյանն ասաց, որ թեև այդ տարածքը ծառազուրկ է, բայց ցանկացած լանջ կարելի է ծառապատել: Սակայն, ըստ նրա, նման մեծ շինության կառուցումը լանջին` («Նոյան տապանն», ինչպես նկարագրված է ունենալու է 132 մ երկարություն, 22 մ լայնություն, 13 մ բարձրություն), կախված կլինի քաղաքի գլխին: «Պետք է կառուցել այնպիսի տեղում, որ և մատչելի լինի, միաժամանակ այդ մարզը դրանից դիվիդենտներ ստանա: Մարզերը գտնվում են վատ վիճակում: Ասում ենք, որ քաղաքը պետք է թեթևացնենք, ու միաժամանակ մենք մեր սկզբունքներին դեմ ենք հանդես գալիս»,- ասաց ճարտարապետը:

Հրապարակախոս Կարինե Հակոբյանն էլ ասաց, որ ընդհանրապես զբոսայգիներում ոչ մի շինություն չպետք է կառուցվի, այլ հարկավոր է բարեկարգել զբոսայգիները` ծառ ու խոտ աճեցնել: «Մեր Երևանի համար փրկություն կլինի կանաչ տարածքները, որը կապահովի մաքուր օդ, բնակիչները փողոցում սթրեսային վիճակում լինելուց հետո կկարողանան հանգիստանալ»,- ասաց Մ. Մինասյանը: Հրապարակախոսը համոզմունք հայտնեց, որ սխալ գաղափարախոսություն է դրված մեր քաղաքի զարգացման հիմքում:

«Պետք է հավատարիմ մնալ գլխավոր հատակագծին»,- ընդգծեց ճարատարապետը:

Panorama.am

Դիտվել է 1247 անգամ:
Print Friendly

Leave a Reply