Հիմա ՕԵԿ-ը կադրային սով ունի՞, թե՞ 160 հազար անդամ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 29, 2012 15:48

“Սուսաննա Աբրահամյանը չի լքել և չի լքելու կուսակցությունը: Նա ընդամենը մամուլի քարտուղարի` իր աշխատանքի մասին է խոսել: Եվ դա քաղաքականացնել, ես կարծում եմ` այնքան էլ ճիշտ չէ”,- այսօր` մարտի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների` ՕԵԿ մամուլի խոսնակի կուսակցությունից նեղացած լինելու և լքել պատրաստվելու մասին  հարցին պատասխանեց ՕԵԿ նախընտրական շտաբի պետ, ԱԺ-ում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նա հերքեց մամուլի այն հրապարակումների թեզը, թե ՕԵԿ-ը կադրային լուրջ խնդիրներ ունի, քանի որ իր հրապարակած համամասնական ցուցակներում տեղ են զբաղեցնում նաև վարորդներ և այլն:

“Ես ծիծաղով եմ վերաբերվում, որովհետև բոլոր այդ մարդիկ ունեն բարձրագույն կրթություն, նույնիսկ երկու ինստիտուտ ավարտած` նույն այդ մատնանշված վարորդ ասվածը, այնպես որ մենք բոլոր սոցիալական շերտերից և խավերից, ելնելով հենց այն սկզբունքից, որ յուրաքանչյուր մարդ, անկախ նրանից, թե ինչ է աշխատում, ինքն իրեն մարդ զգա և գնահատված զգա: Սա խիստ կարևոր է”,- փորձեց պարզաբանել Հեղինե Բիշարյանը:

Մարտի 8-ին կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հավաստմանը, թե ՕԵԿ-ն ունի 160 հազար անդամներ, լրջորեն հավատում է նաև Հեղինե Բիշարյանը, ով ակնկալում է ստանալ բոլորի ձայները:

“Ունենալով մեծ փորձ` մշտապես լինում է այնպես, որ հավաքում ես ավելի շատ քվեներ, քան ունենում ես: Լինում է և հակառակը` որ ավելի պակաս է լինում, քան որ ունենում ես այդքան անդամներ: Հիմա ընտրությունները ցույց կտան, թե ինչպիսի ձայներ կհավաքենք, և հետո նոր մեկնաբանություններ կանենք: Հիմա նախապես կանխագուշակել, թե ինչպիսին կլինի, տալ գնհատականներ, կարծում եմ, այնքան էլ կոռեկտ չէ”,- նշեց ԱԺ-ում ՕԵԿ խմբակցության ղեկավարը:

Հայաստանում ընտրողների թվի` 168 հազարով ավելացման առումով, որի համար ոտիկանությունը բացատրություն էր ներկայացրել, Հեղինե Բիշարյանը նշեց, որ ինքը, պարզապես, ոչ մի հիմք չունի չհավատալու: Իսկ լրագրողների այն հարցեն, թե արդյոք հնարավո՞ր է, որ այդ 168 հազարից 160 հազարը ՕԵԿ-ի անդամներն են, Հեղինե Բիշարյանը պատասխանեց` “Ծիծաղելի է Ձեր հարցը, ես դրան հումորով կվերաբերվեի, եթե ապրիլի 1-ին տայիք, բայց երկու օր առաջ եք ընկել”:

Դիտվել է 895 անգամ:
Print Friendly

Leave a Reply