Ըստ սփյուռքահայ գործչի` նախագահի համահայկական այցը ձևական բնույթ ունի

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 6, 2009 15:55

Արամայիս Միրզախանյան

Արամայիս Միրզախանյան

«Նախագահ Սարգսյանի համահայկական այցելությունը ձևական բնույթ ունի,-այսօր «Հայ-թուրքական գործարքի ստվերային մեխանիզմները» թեմայով քննարկմանն ասաց Շվեդիայի ձախ կուսակցության անդամ, սփյուռքահայ Արամայիս Միրզախանյանը,-Քայլեր ձեռնարկելուց հետո նոր միայն Սփյուռքի կարծիքն է հարցնում: Եթե Սփյուռքը դեմ լինի հայ-թուրքական արձանագրություններին, միթե՞ դրանք չեն ստորագրվելու»:

Միրզախանյանն ասում է, որ անգամ արձանագրությունները չստորագրելու դեպքում Սփյուռքը «դժգոհ ու արհամարհված կմնա»: Նրա խոսքով` Սփյուռքի իսկական ներկայացուցիչները Փարիզում բողոքի ցույցի դուրս եկածներն են, ոչ թե հյուրանոցներում Սարգսյանի հետ հանդիպողները:

Միրզախանյանն ասում է, որ մինչ արձանագրությունների նախաստորագրման ուղղությամբ քայլեր ձեռնարկելը պետք է հստակ տնտեսական, քաղաքական վերլուծություններ կատարվեին, այլապես կողմ կամ դեմ լինելն այս պահին անիմաստ է, քանի որ չգիտես, թե ինչ կհաջորդի դրան:

ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Վարդան Խաչատրյանն  էլ ասաց, որ մինչ օրս կառավարության կողմից տնտեսական

Վարդան Խաչատրյան

Վարդան Խաչատրյան

հաշվարկներ չեն ներկայացվել հանրությանը, որը հնարավոր կլիներ ընդունել որպես հիմք՝ արձանագրությունների ստորագրման և սահմանի բացման համար:

Խաչատրյանի կարծիքով՝ չկա նաև փոխադարձ վստահություն բանակցող 2 երկրների միջև. հայկական կողմը պնդում է, որ փաստաթղթում նախապայմաններ չկան, և Հայաստանը չի զիջել իր դիրքերը, մինչդեռ թուրքական կողմը բացահայտ հայտարարում է նախապայմանների մասին և նշում, որ առանց դրանց կատարման սահմանները չեն բացվի:

«Հայ-թուրքական սահմանի բացմամբ Թուրքիային Հայաստանի վրա ազդեցության մեծ լծակ ենք տալիս: Թուրքիան Հայաստանը դիտարկում է որպես Ադրբեջանի հետ կապի միջոց»,- ասաց  Խաչատրյանը:

Նրա խոսքով` սահմանը բացելու ուղղությամբ քայլեր պետք է ձեռնարկվեին  Հայաստանում «տևական և խորը» հակակոռուպցիոն ծրագիր իրականացնելուց հետո միայն:

Խաչատրյանը նշեց, որ սահմանի բացմամբ թուրքական կապիտալով աշխատատեղեր կստեղծվեն Հայաստանում, ինչը ավելի կմեծացնի Թուրքիայի ազդեցությունը Հայաստանի վրա:

«Արդյոք սահմանի բացմամբ Արցախի անվտանգության մակարդակը նու՞յնը կմնա»,- հարցնում է Խաչատրյանը` հավելելով, որ սառեցված կոնֆլիկտներն այդպիսին են մնում, քանի դեռ չի փոխվել իրավիճակը, իսկ այս պարագայում «իրավիճակի փոփոխությունը հօգուտ Հայաստանի չի լինելու»:

Քննարկման մասնակից, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն էլ ասաց, որ Հայաստանի ապաշրջափակումը Թուրքիայի պարտականությունն է, որ բխում է միջազգային իրավունքի նորմերից, մինչդեռ Թուրքիան դա ներկայացնում է որպես բարեգործություն: «Իրականում դա գոյություն ունեցող պատերազմական վիճակի դադարեցում է՝ այն էլ ժամանակավոր»:

Դիտվել է 1315 անգամ:
Print Friendly

Leave a Reply