ՕԵԿ-ը մարտունակ է դդումի ջեմո՞վ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 29, 2012 14:40


Գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար ՕԵԿ-ը մարտունակ է, ձևավորել է բոլոր կառույցները` ամբողջ երկրով մեկ: ՕԵԿ-ի ներկա կարգավիճակը այսօր` մարտի 29-ին կայացած ասուլիսի ժամանակ, այսպես ներկայացրեց կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար և ՕԵԿ նախընտրական շտաբի պետ Հեղինե Բիշարյանը:
“Չորրորդ անգամ է, որ “Օրինաց Երկիր” կուսակցությունը, որպես քաղաքական ուժ, մասնակցում է համապետական ընտրությունների` խորհրդարանական ընտրություններին, և ես պետք է ասեմ, որ, ինչ խոսք, բոլոր ընտրություններն էլ մեկը մյուսից քիչ թե շատ տարբերվում են: 1999 թվականի ընտրություններն առաջինն էին, որ ՕԵԿ-ը անփորձ մասնակցում էր, դեռևս անկախ Հայաստանի պատմության մեջ դժվար տարիներ էին այդ տարիները, և դեռ կայացած չէր այն քաղաքական մշակույթը, որ այսօր, գոնե կա` ընտրությունների հետ կապված”,- ասաց Հեղինե Բիշարյանը:
Թե ինչ քաղաքական մշակույթ է այսօր ձևավորված Հայաստանում, ասում են միջազգային կազմակերպություններն` իրենց տարբեր ու տարաբնույթ զեկույցներով ու միջազգային ամբիոններում Հայաստանի հանդեպ ընդունած բանաձևերով: Իսկ այն մասին, որ այդ “մշակույթն” արդեն յուրացրել է ՕԵԿ-ը, բարձրաձայնում է ոչ այլ ոք, քան կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը:
Նա նշեց նաև, որ 2003 թվականին նույնպես ՕԵԿ-ը մասնակցել է խորհրդարանական ընտրություններին, որի ժամանակ ավելի կազմակերպված և ձևավորված քաղաքական ուժ է եղել, 2007 թվականին նույնպես մասնակցել է, այսօր` առավել ևս:
“Այսօր արդեն մեծ փորձ ունենք` չորրորդ անգամ ենք մասնակցում: Կազմակերպչական առումով և բոլոր առումներով` “Օրինաց երկիր” կուսակցությունն այսօր մարտունակ է, պատրաստակամ է: Եվ մենք պատրաստ ենք լավ, բարձր մակարդակի քարոզարշավ անցկացնելու և հաջողելու խորհրդարանում”,- նշեց Հեղինե Բիշարյանը:
Իսկ որ ՕԵԿ-ը “մարտունակ” է, հավանաբար, պետք է կռահել ՕԵԿ-ի “մարտավարական զինանոցի”` դդումի ջեմերի ու մուրաբաների առատությունից:

Դիտվել է 962 անգամ:
Print Friendly

Leave a Reply