Ո՞վ գիտի, թե ինչպես են ֆինանսավորվում պետբյուջեից

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | March 30, 2012 6:00

«Ո՞ւր են մեր փողերը, կամ ինչպե՞ս են բյուջեից  ֆինանսավորվում»,- այս հարցն է ակամա առաջանում, երբ ծանոթանում ենք Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուքոյանի դատական վճռին:

Դատարանը քննեց վարչական գործը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցով, որով նա պահանջում է պարտավորեցնել «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ ՓԲԸ-ին` «Անկախ» շաբաթաթերթին տրամադրել որոշ տեղեկություններ:

2011 թ. նոյեմբերի 11-ին  «Անկախ» շաբաթաթերթը դիմել է «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ ՓԲԸ-ին` խնդրելով տեղեկություններ ՈւՎԿ-ի կողմից ֆինանսավորված ֆիզիկական և իրավաբանական անձանց և ֆինանսավորման չափերի մասին: «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ ՓԲԸ-ն մերժել է` հայտնելով, որ պահանջվող տեղեկությունները համարվում են բանկային գաղտնիք: Դատարանն էլ արդարացրեց վարկային կազմակերպության պնդումները` մերժելով հայցը:

«Դատարանը վճիռը կայացրեց, ինչպես պարոն Սուքոյանն է մեկնաբանել, հղում կատարելով օրենքի տառին, սակայն վճռում այնպիսի մտքեր են արտահայտվել, որոնք չեն բխում օրենքի տառից»,- ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ներկայացուցիչ, իրավաբան Աշոտ Վարելջյանը:

Փաստորեն, վճիռը կայացնելիս դատավորը նշել է, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը չի վերաբերում առևտրային գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին, հատկապես` վարկային կազմակերպություններին: Հիմնավորում է այսպես` հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետին,  ըստ որի` սույն օրենքի գործողությունը  տարածվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներից ֆինանսավորվող, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների և դրանց պաշտոնատար անձանց վրա: Իսկ պատասխանող կողմը, ըստ դատավորի, հանդիսանալով վարկային կազմակերպություն, իր գործունեությունը ծավալում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված նորմատիվային դաշտում և չի գտնվում այդ իրավանորմի սուբյեկտների շրջանակներում:

«Գտնում եմ, որ շատ սխալ, չհիմնավորված, օրենքից չբխող վճիռ է կայացվել: Փաստորեն, դատարանն իր մեկնաբանություններով սխալ ուղղությամբ է գնացել: Այսինքն` կիրառել է մի օրենք, որը չպետք է կիրառեր, և չի կիրառել այն օրենքը, որը պետք է  կիրառեր: Ես, միանշանակ, բողոքարկելու եմ այս վճիռը վերաքննիչ դատարանում: Ու այնտեղ կփորձենք հարցը լուծել: Որովհետև պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերը, միջոցները հանրային նշանակություն ունեն. պետբյուջեն պետք է թափանցիկ լինի հանրության համար: Եվ այն կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվում են բյուջեից, նույնպես պետք է թափանցիկ լինեն: Մենք «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ-ից գաղտնիք պարունակող տեղեկություն չէինք ուզում, այլ ընդամենը հարցնում էինք`  եթե պետբյուջեից ես ֆինանսավորվել, ո՞ր կազմակերպություններին ես տվել այդ միջոցները: Չենք հարցնում` թե իր փողերից ում է տվել, կամ ինչ-ինչ առևտրային գործունեությունից գոյացած փողերն ուր են ուղղվել»,- ասաց Աշոտ Վարելջյանը:

Հիշեցնենք, որ «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ ՓԲԸ-ն ստեղծվել է ՀՀ կառավարության 2009 թ. հունիսի 26-ի  թիվ 717-Ա որոշմամբ հաստատված  «Տնտեսության կայունացման վարկավորման» ծրագրի  շրջանակներում: «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ի միակ բաժնետերը «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամն է:  Վարկային կազմակերպության կանոնադրական` 1 միլիարդ 150 միլիոն 500 հազար դրամ կապիտալը, ի գիտություն դատավոր Սուքոյանի, ֆինանսավորվել է ՀՀ պետական բյուջեից: Իսկ իր առաքելությունը կազմակերպությունը համարում է համախառն ներքին արդյունքի աճը խթանելը ֆինանսական ճգնաժամի պայմաններում տնտեսվարող սուբյեկտների վարկային պահանջարկը մասնակի բավարարելու միջոցով և վարկային ռիսկի հսկողության գործուն համակարգի ստեղծմանը նպաստելը:

Մի՞թե այս առաքելությունն ու նպատակները հանրային հետաքրքրություն չեն ներկայացնում:

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Դիտվել է 1853 անգամ:
Print Friendly

Leave a Reply