Արծաթե, բրոնզե մեդալներ` այլ հասցեներով

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | April 4, 2012 7:00

Տարին օլիմպիական է և շարունակում ենք ներկայացնել այդ ստուգատեսում հայ մարզիկների ունեցած հաջողությունները: Ընթերցողներին ծանոթացրել ենք օլիմպիական խաղերի Հայաստանի բոլոր մրցանակակիրներին, նաև այլ երկրներում բնակվող հայ  չեմպիոններին: Այժմ ներկայացնենք այլ երկրներում բնակվող մեր այն հայրենակիցներին, որոնք նույնպես անմասն չեն մնացել օլիմպիական խաղերում վիճարկված արծաթե, բրոնզե պարգևներից, սակայն  մեդալները մեր հինավուրց հողը բերելու փոխարեն` տարել են այլ հասցեներով:

Մոսկվայում բնակվող մեր հայրենակից Արմենակ Ալաջաջյանը բասկետբոլի ԽՍՀՄ հավաքականի կազմում արծաթե մեդալակիր է դարձել հեռավոր 1964-ին Տոկիոյում կայացած օլիմպիական խաղերում: ԽՍՀՄ հավաքականը եզրափակչում 59:73 հաշվով զիջել է ԱՄՆ-ի ընտրանուն: Ի դեպ, ոչ բարձրահասակ Ալաջաջյանը մրցաշարի ընթացքում իր թիմին բերել է 32 միավոր:

Մոսկվայում բնակվող մեր մեկ այլ հայրենակից` վոլեյբոլիստուհի Նինա Մուրադյանը ԽՍՀՄ հավաքականի կազմում նույնպիսի պատվի է արժանացել  Մոնրեալում կայացած օլիմպիական խաղերում: Նրա թիմը վճռական խաղում պարտվել է Ճապոնիայի հավաքականին: Նույն ստուգատեսում Կիևում բնակվող և Ուկրաինան ներկայացնող Նելսոն Դավիդյանը երկրորդն էր ճանաչվել հունահռոմեական ոճի ըմբիշների մրցաշարում:

1980-ին կայացած մոսկովյան խաղերում Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում բնակվող լողորդ Արսեն Միսկարովը պատվո պատվանդանի  2-րդ աստիճանին է կանգնել: Այս մարզիկները հանդես են եկել  միասնական երկրի` ԽՍՀՄ դրոշի ներքո:

Իսկ ահա արծաթե մեդալակիր դարձած մեր 6 հայրենակիցներ այլ երկրներից են:

1996-ին Ատլանտայում այդպիսի պարգևի է արժանացել Ռումինիայի մարմնամարզության հավաքականի անդամ Ջինա Գոգյանը: Նույն ստուգատեսում  Ուզբեկստանի հավաքականին արծաթե պարգև է բերել  ձյուդոյիստ Արմեն Բաղդասարովը: 2000-ին Սիդնեյում կազմակերպված օլիմպիական խաղերում պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին են կանգնել մարմնամարզիկ Բենիամին Վարոնյանը (Ֆրանսիա) և վոլեյբոլիստուհի Ինեսա Սարգսյանը (Ռուսաստան): Նույն պատկերն է նաև 2004-ին Աթենքում կայացած օլիմպիական խաղերում: Ջրագնդակի կանանց մրցաշարում  երկրորդ մրցանակի է արժանացել Դմիտրա Ասիլյանը, իսկ հունահռոմեական ոճի ըմբիշների պայքարում աչքի է ընկել նախկին գյումրեցի Արա Աբրահամյանը (Շվեդիա):

ԽՍՀՄ հավաքականի կազմում բրոնզե մեդալակիր է դարձել 4 մարզիկ` հունահռոմեական ոճի ըմբիշ Արտյոմ Տերյանը (Ադրբեջան` 1952, Հելսինկի), ջրագնդորդ Բաբկեն Մարգարյանը (Ռուսաստան` 1956, Մելբուռն), ակադեմիական թիավար Անուշավան Հասան-Ջալալովը (Ռուսաստան` 1976, Մոնրեալ), աթլետ Իգոր Տեր-Հովհաննիսյանը (Ռուսաստան` 1960, Հռոմ և 1964, Տոկիո):

Այլ երկրներից մրցանակակիր է դարձել 6 հայ մարզիկ: Ընդ որում, այս խմբի ներկայացուցիչների հաշվարկը սկսվում է 1920-ին և ավարտվում 2008-ին:

1920-ին Անթվերպենում հաջողությունն ուղեկից է եղել ջրացատկորդ Հայկ Փրիեսթին (ԱՄՆ): ԱՄՆ-ի փոխանցալողի հավաքականի կազմում1952-ին Հելսինկիում կայացած խաղերի լողի մրցումներում աչքի է ընկել Մերլի Ստեփանյանը: Բրոնզե մեդալակիրներ են դարձել նաև ձյուդոյիստ Բեռնարդ Չուլոյանը (Ֆրանսիա` 1980, Մոսկվա), թենիսիստուհի Մագդալենա Մալեևա- Բերբերյանը (Բուլղարիա` 1988, Սեուլ), հունառոմեական ոճի ըմբիշ Արտյոմ Կյուրեղյանը (Հունաստան` 2004, Աթենք), հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Վարդանյանը (Ուկրաինա` 2008, Պեկին):

Ի դեպ, Պեկինում կայացած օլիմպիական խաղերում բրոնզե մեդալակիր է դարձել նաև Արա Աբրահամյանը (Շվեդիա): Սակայն հայ մարզիկը, դժգոհ կողմնակալ մրցավարությունից, պարգևը ստանալուց հետո այն նետել է մրցագորգի վրա և հեռացել: Արդարություն որոնող հայ մարզիկի այս արարքը մեծ աղմուկ էր առաջացրել, և հետագայում հարցը քննվել է տարբեր ատյաններում:

 

 

Դիտվել է 1571 անգամ:
Print Friendly

Leave a Reply