Ծրագրեր օլիմպիական խաղերից առաջ

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | April 1, 2012 15:30

Այս օրերին մարզասերների ուշադրությունը բևեռվել է Կատարի մայրաքաղաք Դոհային, որտեղ անցկացվում է  մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի մրցաշարը: Այն ուշագրավ է, քանի որ տարին օլիմպիական է, և աշխարհի ուժեղագույնները հնարավորություն են ստացել մրցության բովում ստուգելու իրենց կարողությունները: Հայաստանի պատիվն են պաշտպանում Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Արթուր Դավթյանը, Սերոբ Սողոմոնյանը, Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը: Ստուգատեսն ավարտվելու է մարտի 30-ին:

Մրցավայր ուղևորվելուց առաջ մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հայտնեց, որ ընտրությունը կատարվել է վերջերս  Երևանում կայացած Հայաստանի առաջնության արդյունքով: Ընդ որում, որոշվել են ոչ միայն  աշխարհի գավաթի խաղարկության մրցափուլի, այլև մայիսի 20-28-ը Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում կայանալիք Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունների մասնակիցները: Վերջին ստուգատեսում մեր երկրից հանդես են գալու 5 մեծահասակ և 3 երիտասարդ մարմնամարզիկ: Այսինքն` մերոնք  ուժերն են չափելու ոչ միայն մեծահասակների և երիտասարդների անհատական, այլև այդ երկու մրցաշարերի թիմային մրցումներում:

Ի դեպ, Եվրոպայի առաջնության Հայաստանի հավաքականի կազմն ուրիշ է, թեև դարձյալ առաջատարն Արթուր Դավթյանն է: Նրա թիմակիցներից Վահան Վարդանյանը և Վահագն Ստեփանյանը պայքարելու են բազմամարտում` հավաքականի բարձր արդյունքը ապահովելու համար: Հարություն Մերդինյանը հույսեր է ներշնչելու միայն իր նախասիրած մրցաձևում` նժույգաթափերում: Վահագն Դավթյանը փորձելու է պարգևի տիրանալ օղակների վրա վարժություններում: Երիտասարդներից հանդես են գալու Արմեն Պետրոսյանը, Արամ Մովսիսյանը, Վիգեն Խաչատրյանը:

Ակնկալվում է, որ այդ ստուգատեսում մերոնք եղանակ ստեղծողների թվում կլինեն: Ընդ որում, հին աշխարհամասի առաջնությունը երկու տարին մեկ անգամ է անցկացվում ու երկու տարիքային խմբերի մարմնամարզիկները պարգևներն են վիճարկում բազմամարտում և առանձին մրցաձևերում, նաև թիմային պայքարում: Այնպես որ մեր երկրի ներկայացուցիչների մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը կարևոր է, առավելևս, որ 2012-ին մարմնամարզության աշխարհի առաջնություն չի անցկացվելու:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը նշեց, որ Եվրոպայի առաջնության մասնակիցներին ընտրելը հեշտ չի եղել: «Բանն այն է, որ մեծահասակների հավաքականում ընդգրկվելու համար պայքարում էր 7 մարմնամարզիկ, մինչդեռ մրցավայր պետք է մեկնի մեր երկրի 7 ներկայացուցիչ: Ընդ որում, մինչև առաջնությունը ստուգողական երկու մրցում է անցկացվել: Վերջնական ընտրությունը կատարվեց Հայաստանի առաջնությունից հետո: Այդ է պատճառը, որ այդ ստուգատեսում մրցակցությունը մեծ էր: Մրցավարներին հրահանգ էր տրված խիստ լինել: Ուշագրավ է, որ այդ պայմաններում անգամ մեր առաջատարը` Արթուր Դավթյանը, բազմամարտում հավաքեց  87,2 միավոր` 4 միավորով ավելի, քան նա վաստակել էր տարեսկզբին  Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում: Դա վկայում է, որ մարմնամարզիկը բարելավել է իր պատրաստականության մակարդակը, այսինքն` նախապատրաստությունը ճիշտ ճանապարհով է ընթանում: Ընդ որում, եթե օլիմպիական խաղերում նա բազմամարտում այդպիսի, նույնիսկ փոքր-ինչ ավելի ցածր ցուցանիշ ունենա, ամենայն հավանականությամբ եզրափակիչ դուրս կգա և պայքարը կշարունակի 24 ուժեղագույնների մրցավեճում: Եվ անկախ զբաղեցրած տեղից` դա կարող է մեր համար նվաճում համարվել»,- ասաց Սերոբյանը:

Քանի որ Եվրոպայի առաջնությունում հանդես է գալու մեր թիմի հնաբնակներից Վահագն Ստեփանյանը, հետաքրքրվեցինք, թե ինչով է պայմանավորված 29-ամյա մարմնամարզիկի վերադարձը:

Սերոբյանը հայտնեց, որ Ստեփանյանն ամուսնանալուց հետո իրեն նվիրել էր ընտանեկան խնդիրներին և շուրջ երկու տարի հեռացել էր մարմնամարզությունից: Սակայն  վեց ամիս առաջ, երբ տեղեկանում է, որ Հայաստանի հավաքականը պատրաստվում է մարտական թիմ մրցասպարեզ հանել Եվրոպայի առաջնությունում, վերսկսել է մարզումները: Իսկ Հայաստանի առաջնությունում նա իր պատրաստականությամբ լավ տպավորություն է թողել: «Ի դեպ, նժույգաթափերում նա նոր բարդ տարր  է կիրառում: Խաչաձևումներից հետո, Վահագնը կանգ է կատարում, ապա` 90 աստիճանի դարձում: Պետք է այդ ամենը տեսագրվի և Մարմնամարզության միջազգային ֆեդերացիա ներկայացվի: Եվրոպայի առաջնությունում էլ Ստեփանյանն այդ տարրն ընդգրկելու է վարժությունների իր ծրագրում: Եվ  հավանականությունը մեծ է, որ դա  կկոչվի նրա անունով, քանի որ կլինի նժույգթափերի առաջին խմբի տարրերից ամենաբարդը»,- պարզաբանեց Հայաստանի հավաքականի մարզիչը:

Նախկինում  մարմնամարզության  միջազգային ֆեդերացիան  մի շարք տարրեր կոչել է հայ մարմնամարզիկների անունով, որովհետև նրանք են եղել դրանց առաջին կատարողները: Այդպիսի տարրեր կան օլիմպիական խաղերի, աշխարհի  չեմպիոններ Հրանտ Շահինյանի, Ալբերտ Ազարյանի, աշխարհի չեմպիոն Արթուր Հակոբյանի անուններով: Սակայն տևական ժամանակամիջոց է, ինչ հայ մարզիկի պատվին  մարմնամարզական տարր չի կոչվել, և Ստեփանյանը կարող է խախտել այդ դադարը: Եվ հնարավոր է, որ դա կատարվի Եվրոպայի առաջնությունում: Ընդ որում, հատուկ հանձնաժողովը տեղում կարող է այդ որոշումը կայացնել: Ըստ հավաքականի գլխավոր մարզչի` Ստեփանյանը հույս է ներշնչում, որ այդ մրցաձևում կդառնա ոչ միայն եզրափակչի մասնակից, այլև մրցանակակիր:

Ինչ վերաբերում է օլիմպիական խաղերի մեր մասնակցին, ապա նա հատուկ ծրագրով է նախապատրաստվում: Արթուր Դավթյանի առջև խնդիր չի դրված աշխարհի գավաթի խաղարկությունում մեդալներ նվաճել, սակայն նրա հենացատկերի ծրագրում բարդ կապակցություններ են, և դրանք վստահորեն կատարելու դեպքում կարելի է հաջողության հասնել ցանկացած մրցաշարում: «Հույս ունենք, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն կաջակցի, որ առաջիկայում մեր մարզիկը դրսում ուսումնամարզական հավաք  անցկացնի: Բանն այն է, որ ներկայումս Հայաստանում չկան միջազգային չափանիշներին համապատասխանող  պայմաններ: Մասնավորապես, Հայաստանում  մրցահարթակ չկա, որի վրա մարմնամարզիկները կարողանան ազատ վարժություններ կատարել: Եղածը շարքից դուրս է եկել, վնասվածքներ ստանալու հավանականությունը մեծ է: Բարդ հենացատկեր փորձարկելու հնարավորություն  նույնպես չկա, քանի որ ժամանակակից մարմնամարզական ներքնակներ չկան,  ամրափոկերը խորհրդային տարիներից մնացած ժառանգություն են և այլն: Նոր պիտույքների համար մեծ գումարներ են պահանջվում: Ցավոք, այս ընթացքում մի շարք միջազգային մրցումների ենք մասնակցել` առանց ուսումնամարզակական հավաք անցկացնելու: Ցանկալի է, որ  ուսումնամարզական հավաք կազմակերպվի ապրիլին, որպեսզի Եվրոպայի առաջնությունից առաջ շտկումներ կատարենք: Հունիսի 10-15-ը Երևանում կանցկացվի օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի սահմանած պարգևների խաղարկության միջազգային մրցաշարը:  Եվ Արթուր Դավթյանը մինչև օլիմպիական խաղերի մայրաքաղաք մեկնելն այդ ստուգատեսում վերջին անգամ  մրցումների իր  օլիմպիական ծրագիրը կփորձարկի»,- եզրափակեց Սերոբյանը:

Դիտվել է 1559 անգամ:
Print Friendly

Leave a Reply