Սիլվա Համբարձումյան. «Դեռ մեջս զգուշության մտածմունք կա»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | March 31, 2012 7:00

Օրեր առաջ վերջապես հայտնի դարձան առաջիկա խորհրդարանական ընտրությունների համամասնական և մեծամասնական բոլոր ցուցակները, որոնցից պարզ դարձավ նաև` գործարար Սիլվա Համբարձումյանը, որ մինչ այդ հայտարարել էր մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու մտադրության մասին, այնուամենայնիվ, նման քայլի չի գնացել:

Հարցին, թե ինչու նման որոշում կայացվեց, Սիլվա Համբարձումյանը պատասխանեց. «Քանի որ ինքը (Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը) մեծամասնականով չի դրել, ինձ պետք չէ, մեկ է` դեպուտատ չի դառնալու, նորից մարզպետ պետք է աշխատի: Պարզ չէ՞»:

Սիլվա Համբարձումյանը, որ մինչ այս ուսումնասիրում էր տարբեր կուսակցությունների, այդ թվում և ՀՀԿի ու ԲՀԿի նախընտրական ծրագրերը, այդպես էլ չմտավ որևէ կուսակցություն: Փոխարենը խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո` մայիսի 7-ից, անդամկցելու է մի կուսակցության, որի անունն այս պահին չի նշում:

Բայց կտեսնեք` այդ կուսակցության աշխատանքն ինչ լավ կընթանա»,- ասաց Սիլվա Համբարձումյանը, ու սկսվեց մեր զրույցը:

  Տիկին Համբարձումյան, վերջերս մամուլն անդրադարձավ Ձեր և ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի գործնական հարաբերություններին: Ըստ այդմ, Վարդան Այվազյանը Ձեզ պարտք է շուրջ 70 000 ԱՄՆ դոլար: Ի պատասխան Այվազյանն ասել է, թե փաստորեն ամբողջ հանրապետությունը պարտք է Սիլվա Համբարձումյանին: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Իսկ հանրապետությունն ինքն ու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյա՞նն են: Այո, նա պարտք է ինձ: Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ ես նրանից գնեցի Սյունիքի մարզի Տաշտուն համայնքի «Ջրկապ» հանքավայրը, որի կոորդինատներն ուրիշ տեղ էին, անունը` ուրիշ: Երբ կոորդինատները հանձնում էին ինձ, նկատեցի այդ հակադրությունը, խնդրեցի ընկերությունը հետ վերցնել և վերադարձնել իմ գումարները: Ընկերության արժեքը 500 000 դոլար էր, որը մաս-մաս մարելուց հետո այժմ կազմում է 70. 000 դոլար: Արդեն երկու-երեք տարի է՝ անընդհատ զանգահարում եմ նրան. մեկ ասում է՝ գնամ Թիֆլիս գամ՝ հարցերը կլուծենք, մեկ գնամ Չինաստան գամ, ամեն ինչ կկարգավորենք: Երբ ԱԺ-ում տեսնում էի նստած, զանգում էի վարորդին ու խնդրում իր շեֆին տեղյակ պահել, որ ինձ հետ կապվի, բայց մինչև օրս զանգում է…

Ե՞րբ գնեցիք հանքավայրը:

– Նա այդ ժամանակ  արդեն բնապահպանության նախարար չէր. 2008-ն էր: Իրականում այդ կոորդինատներով հանք գոյություն չուներ:

Վարդան Այվազյանի կողմից առարկություն չեղա՞վ:

Ոչ, ես նրանից ընկերությունը գնում էի այդ հանքավայրի համար, ընդ որում, ոչ թե արդյունահանման, այլ ուսումնասիրությունների նպատակով: Ճիշտն ասած, նրա պարտքի մասին մտադիր էլ չէի բարձրաձայնել, բայց քանի որ նա հայտարարեց, թե ուզում է ինձ «քցի», շատ բարկացա:

Ըստ Ձեզ, նա ինչո՞ւ է ուզում «քցել»:

– Չգիտեմ: Հավանաբար կազինոյի փողերը չեն հերիքում:

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ դատական գործն ի՞նչ փուլում է:

– «Մարիոթ Արմենիայի» գործը կարճվեց: Բայց դատարանն ինձ տրամադրեց միջադեպի տեսագրությունը, որը կբազմացնեմ ու կբաժանեմ առաջիկա մամուլի ասուլիսին: Ասեմ, որ արդեն տրամադրել ենք տեսագրությունը որոշ կայքերի: Այն մեծ աղմուկ բարձրացրեց, ու մարդիկ իմացան` ով է Սուրիկ Խաչատրյանը: Իսկ դատական գործը չի կարճվել, քննիչն է փոխվել, նոր քննություն է ընթանում, կարծում եմ՝ օրենքը կհաղթի:

Նախընտրական փուլը որքանո՞վ անդրադարձավ քրգործի կարճման վրա:

– Անկեղծ ասած, երբ մամուլի ասուլիս էի հրավիրել, չէի մտածում, որ նախընտրական փուլ է, և քանի որ սերտ կապեր չունեմ քաղաքականության հետ, չէի էլ կարող մտածել, որ կմտնեմ քաղաքականության մեջ: Հիմա էլ քաղաքականության մեջ չեմ մտել: Բայց շատերին թվում է, թե ինձ ինչ-որ մեկը դրդում է, որ նման հայտարարություններով հանդես գամ, կամ ինչ-որ մեկի հանձնարարություններն եմ կատարում: Բայց ես երբևիցե որևէ մեկի հանձնարարությունները չեմ կատարել:

Ամեն դեպքում, մամլո ասուլիսի զարգացումները հետաքրքիր էին, և դրանից հետո լուրեր տարածվեցին Ձեր առաջադրվելու մասին:

– Ես հայտարարեցի, որ որտեղ Սուրեն Խաչատրյանն առաջադրի իր թեկնածությունը, այնտեղ ես էլ կառաջադրվեմ, որպեսզի տեսնեն, որ մարդ առանց փողի էլ կարող է ընտրվել: Հիմա ես սպասում եմ նրա վերջին քայլին: Իսկ եթե անկեղծ ասեմ, չեմ ուզում պատգամավոր դառնալ, քանի որ իմ գործունեությունը հիմնականում դրսում է, Հայաստանում քիչ եմ լինում:

Այսինքն՝ որևէ քաղաքական ուժի կողմից հրավեր չե՞ք ստացել:

– Ոչ, դեռ ոչ մեկն ինձ չի դիմել, և ես ինքս էլ որևէ մեկին չեմ դիմել: Երևի բոլորն էլ սպասում են, թե ում կընտրեմ, բայց ուզում եմ նորից շեշտել՝ եթե Սյունիքի մարզպետն առաջադրվի, ես ևս կառաջադրեմ իմ թեկնածությունը, որպես անկուսակցական կգնամ, իսկ հետո կընտրեմ, թե որ կուսակցության մեջ մտնեմ:

Իսկ Մադլեն Թաշչյանի դատական գործն ընդդեմ Ձեզ ի՞նչ փուլում է:

– Դատական նիստը հետաձգվել է: Հստակ օրը չեմ հիշում:

Տիկին Համբարձումյան, հիմա Հայաստանում քանի՞ հանք ունեք:

– Մետաղական մեկ հանքավայր ունեմ՝ «Տերտերասարը», իսկ հետախուզման փուլում վեց հանքավայր կա, որտեղ դեռ աշխատում են:

Իսկ Հայաստանից դո՞ւրս:

– Գանայում, Տանզանիայում, Կամբոջայում…

Բոլորն էլ ոսկու հանքե՞ր են:

– Բացառությամբ մեկի. Կամբոջայինը պղնձի հանք է:

Հետաքրքիր է՝ Տանզանիայո՞ւմ, թե՞ Հայաստանում է ձեռնտու բիզնեսով զբաղվել:

– Դրսում: Ավելին՝ նույնիսկ Աֆրիկայում են օրենքները լավ գործում: Ինչ վերաբերում է Հայաստանում հաստատվելուն, կարող եմ ասել, որ իմ երկու գործարաններով արդեն հաստատվել եմ Հայաստանում:

Վիրավորվա՞ծ եք:

– Իհարկե, կա՛մ պետք է դառնանք օլիգարխ, կա՛մ էլ ունեցվածքով բավարարվենք: Դաշտը դաշտ չէ: Եվ ուզում եմ հավատալ, որ առաջիկա ընտրությունները չեն լինի լցոնումներով, այլ կլինեն ազատ և արդար:

Ի դեպ, թիկնապահի ծառայություններից օգտվո՞ւմ եք:

– Այո, դեռ զգուշության մտածմունք կա մեջս:

 Հարցազրույցը վարեց

Նարեկ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ

  

Դիտվել է 1812 անգամ:
Print Friendly

Leave a Reply