Շավարշ Քոչարյանը կարծում է, որ Ադրբեջանը և Թուրքիան տանդեմով գնում են դեպի միջնադար

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 29, 2012 11:52

Ադրբեջանը և Թուրքիան իրենց տանդեմով գնում են դեպի միջնադար: Այդ երկու պետությունների կողմից նույնիսկ Սեուլի հարթակն է օգտագործվել Հայաստանի դեմ, որոնց ՀՀ նախագահը սպառիչ պատասխաններ է տվել:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Ադրբեջանը և Թուրքիան արդեն գիտակցում են, որ իրենց լսող չկա և այն ինչ ասում են, ասվում է ներքին սպառման համար: Նույնիսկ այն հարցը, ինչպիսին միջուկային անվտանգությունն է, նրանք օգտագործեցին էժանագին քարոզչության համար: Այդ երկու պետությունները պետք է գիտակցեն, որ աշխարհն առաջ է գնում և ԼՂ հարցը միջնադար տանելու բոլոր փորձերը դատապարտված են»,- ասել է փոխարտգործնախարարը:

Շավարշ Քոչարյանը նշել է, որ եթե իրոք Թուրքիան ցանկանում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարցում առաջընթաց գրանցվի, ապա պետք է չխառնվի այդ հարցին: «Այն, որ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորում է ԼՂ հարցում առաջընթացով, միայն խաթարում է այդ գործընթացին, ավելին, դա ավելի է դժվարացնում Բաքվի վիճակը»,- ասել է Քոչարյանը:

ՀՀ փոխարտգործնախարարի խոսքով` արցախյան հարցում Ադրբեջանը դարձել է օսմանյան կայսրության հայատյաց գաղափարախոսության կրողը: «Պատահական չէ, որ այսօր Ադրբեջանը նույն ձևով է պայքարում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, ինչ Թուրքիան: Ավելին, եթե Թուրքիան իրոք ցանկանում է, որպեսզի այդ հարցում լինի առաջընթաց, ապա պետք է վերջ տա Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությանը, իսկ լավագույնը կլինի այն, եթե ինքը ճանաչի ցեղասպանությունը, ինչը շատ լուրջ ազդակ կլիներ Ադրբեջանի համար: Հակառակ դեպքում ստացվում է, որ Թուրքիան դառնում է Ադրբեջանի պատանդը և Ադրբեջանը քարի պես կախվելով Թուրքիայի ոտքերից, թույլ չի տալիս նրան առաջ շարժվել»,- ասել է Շավարշ Քոչարյանը:

ՀՀ ԱԳ փոխնարարը նշել է, որ այն, ինչ ԼՂ հարցում փորձում են քարոզել Ադրբեջանը կամ Թուրքիան, այդ ուղղությամբ բնականաբար առաջընթացն անհնարին է: «Ավելին, այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի 20- ամյակն է, և այդ երկու պետություններն էլ փորձում են վարկաբեկել համանախագահությունը և խոսում նրա անարդյունավետության մասին, այն պարագայում, երբ անարդյունավետության պատճառն Ադրբեջանի դիրքրոշումն է: Հայկական կողմից միակողմանի զիջումներ կորզելը նախապես դատապարտված է, ավելին, դատապարտված է նաև ուժի կիրառման սպառնալիքով հաջողության հասնելը: Վերջիվերջո, մեկ անգամ նրանք դա արել են և ստացել են իրենց պատասխանը»,- ընդգծել է Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով` դրա մասին շատ հստակ Ադրբեջանին հիշեցրել է դովիլյան հայտարարությունը, ըստ որի` առկա իրավիճակը հետևանք է այն ուժային քաղաքականության, որը ժամանակին իրականացվել է և որը բերել է մարդկային զրկանքների: «Նման արկածախնդրությունը կբերի նոր զրկանքների: Հայտարարության մեջ Ադրբեջանին զգուշացվում էր, որ եթե կա իրական ցանկություն առաջընթաց գրանցելու ղարաբաղյան հակամարտության գործընթացում, ապա նա պետք է լինի կառուցողական: Ստատուս քվոյի պահպանվելն Ադրբեջանի պատճառով է»,- ասել է ԱԳ փոխնախարարը:

Դիտվել է 701 անգամ:
Print Friendly

Leave a Reply