Ջեռուցման փող չունե՞ս, հետո՞ ինչ

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | March 29, 2012 11:41

Տարիներ առաջ էր, որ Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում նորակառույց բնակարաններ էին տրամադրվում փախստական ընտանիքներին: Այդ ժամանակ որոշ ընտանիքներ  հրաժարվեցին բնակվել քաղաքի ծայրամասում, սակայն եղան նաեւ համաձայնողներ։ Նրանցից շատերն այսօր դժվար կացության մեջ են հայտնվել. 3 տարի առաջ հատկացված բնակարաններն արդեն վերանորոգման կարիք ունեն, իսկ հատակը` հիմնանորոգման։

Բնակարանների գրեթե բոլոր պատերը խոնավ են, եւ հնարավոր չէ ազատ շնչել. բնակիչներն ասում են, որ խոնավության պատճառով արդեն տարբեր հիվանդություններ են ստացել։ Բնակիչները մեղադրում են շինարարներին, իսկ կառավարությանպատասխանատուները, բնականբար, համամիտ չեն նրանց հետ:

«Առաջին տարվանից էլ այսպես էր վիճակը` խոնավանում էր, պատերից ջուր էր կաթում»,- պատմում է բնակչուհի Անուշ Առուշանյանը, ում հավաստմամբ` այդ հարցով մի քանի անգամ դիմել են իշխանություններին, սակայն ի պատասխան` միայն լսել են, որ պատճառը տան ոչ օպտիմալ ջերմաստիճանն է։ «Չենք հասկանում միայն ա՞յս տներին է դա վերաբերում։ Գյուղերում երկար տարիներ առաջ կառուցված տներ կան, բայց պատերն այսպես չեն խոնավանում»,- ասում է մեր զրուցակիցը` հավելելով, որ բնակարանի ոչ մի մասում օդանցք չկա։

«Հատակն էլ է վնասվել, շարժվում են տախտակները եւ փտում»,- ասում է փախստական կինը, ում 4 հոգանոց ընտանիքը Ստեփանակերտում վարձով էր ապրում մինչ այդ` նկուղային հարկերում։ Ամուսինն էլ արցախյան պատերազմի հաշմանդամ է։

«Այս տարի 10 մետր փայտ ենք վառել, հարեւանս էլ գազ է վառել, բայց միեւնույն վիճակն է տներում։ Մյուս հարեւանս էլ ջեռուցում է անցկացրել, բայց էլի փոփոխություն չկա։ Մասնագետներն ասում են, որ 70 աստիճանի վրա պետք է պահել»,- շարունակում է տիկին Առուշանյանը։

«Երբ եկանք` թվում էր, թե նորմալ է ամեն ինչ, իսկ հետո արդեն պատերը սկսեցին խոնավանալ։ Առաջին տարին տանելի էր այս ամենը, բայց հիմա արդեն հնարավոր չէ»,- ասում է մեկ ուրիշ բնակչուհի, որն ապրում է նորապսակ զավակների հետ։«Ամբողջ օրը պլիտա ենք վառում, որ խոնավությունը մի քիչ անցնի, բայց արդյունք չկա։ Սա թոքախտի, ալերգիայի եւ այլ հիվանդությունների բուն է»,- ասում է նա` ցույց տալով բնակարանի վնասված մասերը։

Բնակիչները մեզ պատմեցին, որ կառավարության աջակցությամբ մի քանի բնակարանների հատակն արդեն փոխվել է նորով, իսկ մնացածների ճակատագիրն անհայտ է։

ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը մեզ տեղեկացրեց, որ փախստականներից ով դիմում է նախարարությանը, անպայման աջակցություն է  ստանում, բայց միայն հատակի վերանորոգման հարցով, քանի որ, ըստ նախարարի, հատակի փտելու պատճառն անորակ փայտն է, որ տարիներ առաջ օգտագործվել է բնակարանների կառուցման ժամանակ։ Ի դեպ, այդ բնակարանները ժամանակին կառուցել է վերաբնակեցման վարչությունը, իսկ քաղաքաշինության նախարարությունը միայն տարիներ հետո ավելացրել է սանհանգույցն ու բնակարանը վերանորոգելուց հետո հանձնել շահագործման։

Նախարարի հավաստմամբ` Աջափնյակում ապրող փախստականներից ով էլ դիմի` աջակցություն կստանա հատակի վերանորոգման համար, բայց պատերի խոնավացման հարցը բնակիչներն իրենք պետք է լուծեն` նորմալ ջեռուցելով իրենց բնակարանները։ Ըստ Կարեն Շահրամանյանի, խոնավացման միակ պատճառը ոչ օպտիմալ ջեռուցումն է բնակարաններում, եւ այստեղ նախարարությունը ոչինչ անել չի կարող։

Ակնհայտ է, սակայն, որ այսօր կենտրոնացված ջեռուցում ունենալու հնարավորություն արցախցիներից շատերը չունեն, հատկապես` սոցիալապես անապահով խավը, որոնց մի մասն էլ բնակվում է օրեցօր վթարային դարձող այս բնակարաններում։

 

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ստեփանակերտ, ԼՂՀ

Yerkir.am

Դիտվել է 1540 անգամ:
Print Friendly

Leave a Reply