Հետո կարող է ուշ լինել…

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | March 28, 2012 16:05

Օրեր առաջ ֆեյսբուքյան «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունն իր էջում հանդես եկավ քաղաքական կուսակցություններին ուղղված կոչով՝ առաջարկելով իրենց նախընտրական ծրագրերում ամրագրել գիտության ֆինանսավորման անհրաժեշտ նվազագույն շեմ` համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 1 տոկոս` հետագա տարիներին ամենամյա 0.2 տոկոս ավելացման միտումով:

Այնուհետև, պատգամավորության թեկնածուների առաջադրման և կուսակցությունների ու դաշինքների ցուցակների ԿԸՀ  ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այդ կոչը վերահասցեավորվեց համամասնական ընտրակարգով առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին:

Այս պահի դրությամբ արձագանք եղել է «Ժառանգություն» կուսակցությունից, ՀՅԴ-ից և ՀԱԿ-ից:

Առաջինն արձագանքեց «Ժառանգության» ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանը՝ «Ժառանգության թե նախկին եւ թե ներկայիս նախընտրական ծրագրերում ամրագրված է ՀՆԱ-ից 3 տոկոս շեմը», այնուհետեւ Դանիել Իոաննիսյանը ավելի մանրամասնեց՝ “Ժառանգությունը” իր նախընտրական ծրագրում արդեն ներառել է ՊՖԳԱ-ի առաջարկությունները, մասնավորապես`
2013թ բյուջեով գիտության ֆինանսավորումը կլինի ՀՆԱ 1 տոկոսի չափով, իսկ ապա` յուրաքանչուր տարի աճելու է 0.2 տոկոսով: Բացի այդ, ծրագրում ներառված է լինելու նաև գիտատեխնիկական փորձաքննության մասին օրենքի ընդունումը»:

ՀՅԴ-ի տեսակետը հայտնեց ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ «Դաշնակցության նախընտրական ծրագիր. 87 կետ. 10 անգամ կաճի գիտության ոլորտի պետական ֆինանսավորումը՝ հասցնելով ՀՆԱ-ի 1-2%-ին: Ընդ որում՝ գիտության բնագավառի յուրաքանչյուր տարվա ծախսերը նվազագույնը կաճեն տվյալ տարվա պետական բյուջեի եկամուտների կանխատեսվող աճից ոչ ցածր»: Ա՛յ այսպես, «մեր հին ընկերը» ՊԳՖԱ-ի առաջարկածից ավելին է նախատեսում:

ՀԱԿ-ը ներկայացրել է մի փաստաթուղթ՝ «Բարձրագույն կրթության եվ գիտության զարգացման հեռանկարային ծրագիր», որը նախաձեռնության անդամների համար նորություն չէ եւ ծանոթ է անցած տարվա ընթացքում էջում ծավալված քննարկումներից: Հուսանք, որ գիտության ֆինանսավորմանը վերաբերող մասը տեղ կգտնի ՀԱԿ-ի նախընտրական ծրագրում, որը հիմա մշակման փուլում է:

ԲՀԿ 6—րդ համագումարում հաստատվեց կուսակցության նախընտրական ծրագիրը, սակայն ԲՀԿ պաշտոնական էջում կա միայն կուսակցության ծրագիրը (2007թ), որտեղ ասվում է՝ «…անհրաժեշտ է հասնել գիտության ոլորտին պետական բյուջեի ծախսային մասի առնվազն 3 տոկոսի հատկացմանը…»: Ենթադրաբար, նոր ծրագրում այս մասը չի փոխվել, քանի որ դեռեւս նշված տոկոսին չենք «հասել»:

ՀՀԿ նախընտրական ծրագիրը նույնպես դեռեւս գտնվում է մշակման փուլում՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ: Հետեւաբար կարելի ենթադրել, որ կլինեն «գիտելիքի վրա հիմնված» տնտեսության անհրաժեշտության մասին գեղեցիկ ձեւակերպումներ՝ առանց կոնկրետ թվերի եւ տոկոսների, ինչպես օրինակ՝ Կառավարության ծրագիր 2008-2012թթ.  փաստաթղթում (էջ 46-47): Կառավարության ծրագիր 2007թ. -ում էլ կրթության ոլորտի համար ասվում է՝ «2012 թվականին կապահովվի համախառն ներքին արդյունքի նկատմամբ առնվազն 3.5 տոկոս ցուցանիշ» (էջ 38), իսկ փաստաթղթում դրան անմիջապես հաջորդող գիտության ոլորտի մասին կրկին միայն գեղեցիկ ձեւակերպումներ են:

ՕԵԿ-ին գիտության խնդիրները հազիվ թե հետաքրքրեն: Նման ենթադրության համար հիմք է հանդիսանում ՊԳՖԱ-ի համարյա մեկ տարվա ակտիվ գործունեության ընթացքում (քննարկումներ, հանդիպումներ, մրցանակաբաշխություններ այլ միջոցառումներ) նրանց քար անտարբերությունը: Համացանցը հեղեղված է ՕԵԿ-ի՝ ընտրողներին դդմի ջեմ բաժանելու մասին լուրերով: Հենց դդմի՞ պիտի բաժանեին: Ափսոս, գիտության աշխատողները դժվար թե օգտվեն՝ դդում բառը կվանի…Չնայած, մյուս կողմից հայտարարվում է, որ «ՕԵԿ-ի համար չկա ընտրակաշառքի օր…»: Մյուսներն էլ ոնց որ պարապ նստած չեն՝ Ա. Բախշյանն ահազանգում է. «ՀՀԿ-ն 8 հազար, իսկ ԲՀԿ-ն` 13 հազար է բաժանում»:

Առհասարակ, ընտրությունների առավել թափանցիկություն ապահովելու նպատակով, արժե ընտրակաշառքը օրինականացնելու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ՝ իհարկե ձեւակերպման մեջ «կաշառք» բառը չօգտագործելով: Այդ քայլով բնակչության համար կապահովվեր ե՛ւ լրացուցիչ ինֆորմացիա, ե՛ւ ընտրության հնարավորության մեծացում, ե՛ւ, ի վերջո, անհարմար չէր լինի գումար վերցնելը:

Կարելի էր շարունակել կոչին արձագանքողների ու չարձագանքողների ցանկը, սակայն հենվելով սոցիոլոգ Ադիբեկյանի կանխատեսումների վրա (որոնք հատկապես ընտրությունների ժամանակ բավականին մեծ ճշգրտությամբ իրականանում են)՝ 5 տոկոսի արգելքը հաղթահարելու շանս մյուսները չունեն:

Վերջին տարվա ընթացքում հանրապետության նախագահը, խորհրդարանական եւ արտախորհրդանական կուսակցությունների, կառավարության մեծ թվով ներկայացուցիչներ, գիտնականներ՝ որը խոսքով, որը գործով, իրենց աջակցությունն են ցուցաբերել ՊԳՖԱ-ի կողմից վեր հանված հիմնախնդիրների լուծման գործին, սակայն, պետք է խոստովանել, որ  ամբողջությամբ վերցրած, դա կրել է կոսմետիկ բնույթ: Ինչպես նշում է ԳԱԱ նախագահ պարոն Ռ. Մարտիրոսյանը՝ «Եթե ուզում են գիտությունը լավ զարգանա, ՀՆԱ-ի 1%-ից պակաս չպետք է լինի ոլորտի հատկացումը: Եթե 1%-ից փոքր է, այդ երկրի գիտությունը կմահանա»:

Տարիների դառը փորձը ցույց է տալիս, որ նախընտրական ծրագրերում  գիտությանը վերաբերող շատ դրույթներ եւ կետեր մնում են բարի ցանկությունների ոլորտում: Այդ դեպքում արդյո՞ք անիմաստ չէ ՊԳՖԱ-ի կոչը: Այս հարցին երիտասարդ գիտնական Արամ Ջիվանյանը պատասխանեց. «Հետո կարող է ուշ լինել… Այն խեղդվողի վերջին ճիչն է և փրկության այլևս միակ հույսը: Հիմա կտրուկ քայլերի գնալու և գիտության հադեպ վերաբերմունքը կտրուկ փոխելու դեպքում միայն կկարողանանք հետ քաշվել անդունդի եզրից: Այլապես անկումն անխուսափելի է…»:

 

                                                                                                                 Ստեփան Գյոզալյան

Դիտվել է 1807 անգամ:
Print Friendly

Leave a Reply