«Չես կարող բասկետբոլիստ լինելով` մասնակցես Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղին». Պ. Հայրիկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 28, 2012 14:34

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը կուսակցությունների համամասնական ցուցակները մանրամասնորեն չի նայել, սակայն պատահական աչքով ընկել են արվեստագետների անուններ: Նա կարծում է` այդ մարդիկ պիտի հասկանային, որ քաղաքականությունը մասնագիտություն է,  և իրենք հոյակապ են իրենց մասնագիտության մեջ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով «Անկախ»-ի հարցին, թե ինչպես է դիտարկում ոչ քաղաքական գործիչների մուտքը խորհրդարան, ասաց Պարույր Հայրիկյանը:

Այս առթիվ նա օրինակ բերեց կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխամյանի` խորհրդարանի անդամ դառնալը. «Նա մի անգամ ասել էր, թե էդ ինչո՞ւ Հայրիկյանը կարող է երգեր գրել, ես չեմ կարող դառնալ քաղաքական գործիչ,-հիշեց Հայրիկյանը,-բայց իմ  երգերը գոնե հայտնի են, իսկ դու 4 տարի պառլամենտում զբաղեցրիր Հայրիկյանի տեղը, ասա´ մի դրվագ, որով ես քեզ հիշեմ` որպես քաղաքական գործիչ»:

Հայրիկյանը հետևյալ սկզբունքի կողմնակից է` «Կեսարինը` Կեսարին, Աստծունը` Աստծուն». «Չես կարող բասկետբոլիստ լինելով` մասնակցես Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղին»,-կարծում է նա:

Ցուցակներում լրագրողների առատ գոյությունը ևս Հայրիկյանը չարդարացրեց` չնայած որ լրագրողները համեմատաբար ավելի մոտ են կանգնած քաղաքականությանը. «Եթե Նաիրա Զոհրաբյանն իրեն արդարացնում է և դարձել է «Բարգավաճ Հայաստանի» կարկառուն դեմքը, նա դրա համար երկար տարիների պառլամենտական աշխատատանքի է մասնակցել, իսկ պառլամենտը սովորելու տեղ չի, եթե այնտեղ ոչ քաղաքական գործիչները սկսում են քաղաքական գործունեություն սովորել, դա արվում է ժողովրդի հաշվին»,-նշեց նա:

Դիտվել է 714 անգամ:
Print Friendly

Leave a Reply