ԱԻՄ-ը կլուծարվի՞
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | March 28, 2012 14:19
«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցությունն իր ծրագրերն ու գաղափարները ներկայացրել է բոլոր քաղաքական ուժերին` թե´ ընդդիմադիր և թե´ իշխանապետ. գաղափարները ողջունվել են, սակայն ընդառաջ եկողներ չեն եղել` դրանց իրականացումը համարելով անիրական: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը: «Մենք առաջարկներ ունեինք, որոնք կյանքի կոչելով` Հայաստանը կդառնար ամենաժողովրդավար երկիրը, սակայն դրանք ոչ մեկի կողմից չընդունվեցին, երևի իրենց մակարդակը դրան պատրաստ չէր»,-ասաց նա:
Փոխարենը իրենք էլ մերժել են այլ կուսակցությունների կողմից իրենց միանալու առաջարկները: Չեն ընդունվել նաև իրեն անհատապես արված առաջարկները. «Եթե ինչ որ ցուցակում տեղավորվելը իմ կյանքի նպատակը համարեի, ապա ինչի՞ համար է այն թիմը, որի հետ աշխատում եմ,-ասաց նա,-իսկ թիմով խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու որոշումը մի քանի պատճառ ունի. նախ և առաջ նախընտրական մթնոլորտը և նյութական միջոցների բաշխումն ընտրություններից առաջ մեզ համար ազդանշան էր, որ ցանկալի ընտրություն չենք ունենալու: Մենք հավաքեցինք որոշակի գումար, որը բավարար էր գուցե 5 տոկոս հաղթահարելու, բայց ոչ ընտրություն կոչվող միջոցառմանը լիարժեքորեն մասնակցելու համար»:
Հայրիկյանը հայտնեց, որ մարտի 31-ին տեղի է ունենալու ԱԻՄ-ի ներկայացուցչական խորհրդի ընդլայնված նիստ, որտեղ քննարկվելու է, թե ինքնուրույն չմասնակցելով` ինչ դիրքորոշում կունենան առաջիկա ընտրություններին: «Տարբերակները հետևյալն են` կոչ անել բոլորին չմասնակցել, քանի դեռ չի բացառվել ընտրակաշառքի մատուցումը ընտրողներին, մյուս տարբերակն էլ` տեսնել, թե ում ծրագրերն են մեզ համահունչ և աջակցել նրանց»,-ասաց ԱԻՄ առաջնորդը:
Հայրիկյանը համոզված է, որ այն կուսակցությունը, որի օգտին իրենք կոչ կանեն քվեարկել, 5-10 տոկոս ավել ձայներ կհավաքի, նույնն էլ հակառակը` որ կուսակցությանը դեմ կխոսեն, նույնքան ձայներ կկորցնի:
Մարտի 31-ին կքննարկվի նաև կուսակցության գործունեության հետագա ճակատագիրը: «Կուսակցությունը նրա համար է, որ մասնակցի քաղաքական գործընթացներին, իսկ եթե չի մասնակցում, ապա պետք է դառնա անցյալի հուշ»,-ասաց նա` նշելով, որ հնարավոր է քննարկվի ԱԻՄ-ի «զմռսման հարցը»:






Facebook
Tweet This
Email This Post
