Արմեն Աշոտյանը 100 մլն-ի ծրագրի մասին. «Ցավում եմ, որ խնդիրը նորից հասել է ինձ»
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | March 28, 2012 18:20
«Վստահ եմ, որ գումարը տեղ է հասնելու, ումով և ինչպես, տեխնիկական խնդիր է: Եթե այս համակազմը ունակ չէ կյանքի կոչել իրենց բարձրաձայնած գաղափարները, ապա դա կանի մեկ այլ կազմ կամ մեխանիզմ»,- այսօր «Ազատություն» ռադիոկայանի «Մաքս TV»-ի եթերում ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` պատասխանելով «Անկախ»-ի հարցին, թե արդյոք երիտասարդ գիտնականները կզրկվեն 100 մլն դրամից, եթե այնուամենայնիվ 100 մլն ծրագրի խորհուրդը աշխատակարգի շուրջ համաձայնության չգա:
Հիշեցնենք, որ 2011-ի դեկտեմբերին ՀՀ նախագահը երիտասարդ գիտնականներին խոստացավ հավելյալ 100 մլն դրամ տրամադրել` գումարի տնօրինումը թողնելով գիտնականներին: Ստեղծվեց 100 մլն-ի ծրագրի խորհուրդը, որը համաձայնության եկավ իրականացվելիք ծրագրերի ուղղությունների շուրջ, սակայն աշխատակարգը չհաստատվեց 3 կետերի շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով:
«Ցավում եմ, որ երիտասարդ գիտնականների այդ հատվածը ներքին խնդիրներով տարված մոռացել է, որ նախագահի առջև ստանձնել է պատասխանատվություն ծրագիր իրականացնելու, ստացել է այդ վստահությունը, ստացել է երիտասարդ գիտնականների մանդատը պատասխանատու լինելու ծրագրի իրականացման համար,- ասաց Աշոտյանը:-Ցավում եմ, որ խնդիրը նորից հասել է ինձ, կարծում էի, որ ինտելեկտուալ երիտասարդության մոտ ինքնակազմակերպման մակարդակն այնքան բարձր կլինի, որ մի կողմ կդնեն տեխնիկական, միջանձնային խնդիրները, ամբիցիաները»:
Նախարարը նշեց, որ այսօր ԿԳՆ-ում խորհրդակցություն է լինելու, որի ժամանակ էլ կփորձեն խնդրին լուծումներ գտնել. «Գումարը խոստացված է ոչ թե այդ 9 հոգուն, այլ ՀՀ երիտասարդ գիտնականներին, եթե այս խորհուրդը ընդհանուր հայտարարի չգա, ապա կգտնենք մեկ այլ տարբերակ, որ գումարը հասնի օգտատիրոջը»:






Facebook
Tweet This
Email This Post
