«Հայկական ծրագրերը» 25 տարեկան է

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 28, 2012 12:03

Հայկական ծրագրեր ընկերությունը 25 տարեկան է: Այն Հայաստանի հազվագյուտ ընկերություններից է, որոնք աշխատում են քաղաքակիրթ մեթոդներով, կիրառում տեխնոլոգիական նորույթներ, կատարելագործվում: Ներկայում Հայաստանի բանկային համակարգի եւ ձեռնարկությունների ճնշող մեծամասնությունն աշխատում է ընկերության մշակած համակարգերով, որոնք լավագույնն են: Ընկերության անելիքների, ծրագրերի մասին զրուցեցինք տնօրեն Աշոտ Խաչատրյանի հետ:

Պարոն Խաչատրյան, Հայկական ծրագրեր ընկերությունն արդեն քսանհինգ տարի է մշակում է բանկերի, հիմնարկ-ձեռնարկությունների ֆինանսական կառավարման համակարգեր, այն ֆինանսական կառավարման ավոտմատացման շուկայում լավագույնն է: Ինչպե՞ս է հաջողվել դառնալ առաջատար:

Մենք արագ հասկացանք երկու բան: Նախ, որ չի կարելի զբաղվել ամեն ինչով, պետք է բոլոր ուժերը կենտրոնացնել մի ուղղությամբ: Երկրորդ` պետք է աշխատել ոչ թե պատվերների վրա, այլ տիրաժի: Այսինքն, ստեղծել ունիվերսալ փաթեթներ, որոնք պետք կգան շատ պատվիրատուների: Եւ, քանի որ Հայաստանում շատ թե քիչ կայուն պահանջարկ կար հաշվապահական և բանկային համակարգերի շուկայում, մենք կենտրոնացանք այդ ոլորտի վրա:

Մենք նաև ձևակերպեցինք մեր աշխատանքային սկզբունքները, որոնք խստորեն պահպանում ենք: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում աշխատակիցների մասնագիտական վերապատրաստմանը, մեր համակարգերի որակին, պատվիրատուների և պետության հետ հարաբերություններին:

Մենք հասկացանք, որ արագ մեծ արդյունքների ձգտելը վտանգավոր է և խանգարում է երկարաժամկետ նպատակներին: Ու քանի որ տրամադրված էինք (և ենք) երկար աշխատել Հայաստանում, ընտրեցինք երկարաժամկետ նպատակները և մոտեցումները: Այսպիսի գործելակերպը մեծ համբերություն և համառություն է պահանջում:

Իսկ մնացածը ժամանակի խնդիր է: Քսանհինգ տարին քիչ ժամանակ չէ ինչ որ արդյունքների հասնելու համար:

Մեր շուկայում գործարար դառնալը և բարի համբավ ունենալըկարծես թե անհամատեղելի է: Ձեր պարագայում այդպես չէ: Ինչո՞ւմ է գաղտնիքը: 

Գաղտնիք չկա: Կա տերմինաբանական խառնաշթոփ: Մեզ մոտ բոլոր թալանչիներին, կաշառակերներին անվանում են գործարարներ: Նախարարը, պատգամավորը կամ իշխանությունների հովանավորչությունից օգտվողը չի կարող գործարար կոչվել: Նա պետք է կոչվի թալանչի: Որևէ մեկը կարող է գործարար կոչվել, եթե գործում է շուկայական ազատ մրցակցության պայմաններում և մերժում է ցանկացած հովանավորչություն: Այդպիսի գործարարներ Հայաստանում կան և շատանում են:

Գործարարությունը հզոր դաստիարակող հատկություն ունի, դու պատասխանատվություն ես կրում աշխատակիցներիդ և նրանց ընտանիքների, պատվիրատուների, պետության նկատմամբ:

Գործարարությունը նաև մեծ ինքնամաքրման հատկություն ունի: Այսօրվա թալանողները կամաց-կամաց դուրս են մղվելու: Եթե մարդու խելքը և դաստիարակությունը թույլ է տալիս կաշառք տալ վերևներին ու խաբել ժողովրդին, նա երկար չի մնա շուկայում: Այդպես է եղել ամբողջ աշխարհում, այդպես կլինի մեզ մոտ:

Դուք մեծ տեղ եք հատկացնում մասնագետներին: Վերջին 20 տարվա ընթացքում Հայկական Ծրագրեր ընկերությունը ինֆորմացիոն տեխնոլոգիաների և տնտեսագետ մասնագետների թիվը հինգից մինչև 110-ի է հասցրել:

Եւ բոլորը բարձրակարգ մասնագետներ են: Պատմեմ, թե ինչպես ենք մենք ընդունում և վերապատրաստում մասնագետներին:

Մեզ մոտ կազմակերպվում են ծրագրավորման դասընթացներ և բանկային ու հաշվապահական համակարգերի ուսուցման դասընթացներ: Դասընթացներին մասնակցել ցանկացողների թիվը մեծ է, այստեղ մենք անում ենք առաջին ընտրությունը: Դասընթացների ընթացքում դասախոսներն ընտրում են իրենց լավ դրսեւորած ուսանողներին: Սա երկրորդ փուլն է: Այդ լավերը հրավիրվում են հարցազրույցի, որի ընթացքում ընտրվում են լավագույնները և որոնց մենք հրավիրում ենք աշխատանքի, փորձնական ժամանակով: Սա երրորդ փուլն է: Եւ երբեմն հարկ է լինում փորձաշրջանի ընթացքում հրաժեշտ տալ որոշներին:

Ընդունվելուց հետո, բոլոր աշխատակիցները, քանի դեռ մեզ մոտ են աշխատում, անընդհատ որակավորման բարձրացման միջոցառումների են մասնակցում: Դրանք են` ներքին և արտաքին դասընթացները և սեմինարները: Նրանք հանձնում են Microsoft-ի մասնագիտական քննություններ: Կենտրոնական Բանկի, Ֆիննախի, Հաշվապահների միության քննություններ: Սա շատ ծանր աշխատանք է, բայց մեծ արդյունք է տալիս:

Սա մեր ներքին մասնագետների շրջանակն է: Մենք նաև մեծ մասնագիտական ուսուցման աշխատանք ենք տանում բուհերում, ուսումնական կենտրոններում և մեր պատվիրատուների մոտ: Շուկայում մեր համակարգերին լավ տիրապետող մասնագետների առկայությունը էապես հեշտացնում է համակարգերի շահագործումը:

Դաշտում ունե՞ք արդյոք մրցակիցներ, եթե այո, ապա ո՞ր ընկերություններ են: Սակայն, դատելով ձեր ընկերության պատվիրատուների ցանկից՝ տպավորություն է, որ շուկայում չունեք մրցակից: Որքանո՞վ է դա այդպես:

Մենք առաջատարն ենք և հաշվապահական, և բանկային համակարգերի շուկաներում: Մրցակիցներ իհարկե ունենք, թեև նրանք մեզ էապես զիջում են: Ընդհանրապես, մրցակից չունենալը լավ նշան չէ: Դա նշանակում է, որ շուկայում ընդամենը մի խաղացող կա և դա շատ վատ է, եթե նույնիսկ այդ մեկը դու ես: Միայն մի խաղացող կարող է լինել երկու պատճառով` կամ շուկան շատ է աղքատիկ, կամ այդ մեկը պետությունից մոնոպոլ դիրք է ստացել: Իսկ ինչո՞ւ է դա վատ նաև մոնոպոլիստի համար: Այն պարզ պատճառով, որ նա շատ շուտ սկսում է ճահճանալ, գործում է ոչ արդյունավետ և ամենափոքր ցնցումից դադարում է գոյություն ունենալ:

Բարձր տեխնոլոգիաների և մասնավորապես ՏՏ ոլորտում ավելի վտանգավոր են ոչ թե երևացող մրցակիցները, այլ որակապես նոր լուծումները, որոնք գալիս են անսպասելի տեղերից: Տեսեք, ստեղծվեցին անհատական համակարգիչները, ՏՏ հսկաներ IBM-ը և DEC-ը հետ մղվեցին, և առաջատար դարձան Microsoft-ը և Intel-ը: Զարգացավ ինտերնետը, և առաջատար է դառնում Google-ը: Մենք որքան հնարավոր է հետևում ենք նման զարգացումներին: Մեր ոլորտում նոր լուծումներ առաջացան Ինտերնետի հետ կապված:

Ձեր ընկերության գործունեության ընթացքում եղե՞լ են արդյոքոտնձգություններխոչընդոտելու փորձեր և այլն:

Գործնականում չեն եղել: Մեզ մի քանի անգամ հարկային տեսչությունը տուգանել է, բայց մենք ամեն անգամ դատի ենք տվել և շահել ենք:

Առաջիկայում ի՞նչ նոր սպասելիքներ կարող է ձեզնից ունենալ ֆինանսական և բանկային համակարգը: 

Եւ բանկերի ու վարկային կազմակերպությունների, և ձեռնարկությունների ճնշող մեծամասնությունն աշխատում է մեր համակարգերով: Հիմա մենք մեծ ուշադրություն ենք դարձնում Ինտերնետ Բանկինգի զարգացմանը և տարածմանը: Այս միջոցը սերտորեն ինտեգրված է և բանկային, և հաշվապահական համակարգերի հետ, և հսկայական առավելություններ է տալիս երկու կողմերին էլ: Ձեռնարկությունների հաշվապահներն իրենց հաշվապահական համակարգերից վայրկյանների ընթացքում բանկային գործարքներ են կատարում: Նրանք բանկ գնալ-գալու, հերթ կանգնելու ժամանակ չեն ծախսում: Բանկերն իրենց հերթին խնայում են շատ թանկարժեք աշխատատեղեր և տարածքներ: Միևնույն ժամանակ, էապես ավելի բարձրակարգ ծառայություն են մատուցում, և նրանց հաճախորդները շատ ավելի բավարարված են լինում:

Բանկերին և ծառայություններ մատուցող ձեռնարկություններին առաջարկում ենք հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգ, որը հիմնված է Microsoft CRM միջոցի վրա:

Աշխատում ենք առևտրական ձեռնարկությունների առաքման աշխատանքը ավտոմատացնող Դիստրիբուցիա ենթահամակարգի վրա: Այս ենթահամակարգը պատրաստ կլինի վեց ամսից:

Հիմնովին վերամշակում ենք միջին և փոքր ձեռնարկությունների համար նախատեսված ՀԾ-Հաշվապահ համակարգը: Այս համակարգով մենք մտադիր ենք դուրս գալ հարևան երկրների շուկաներ:
Սիրանույշ Պապյան

Դիտվել է 1291 անգամ:
Print Friendly

Leave a Reply