Համացանցը կարևոր է նախընտրական քարոզչության ընթացքում, բայց հասանելի չէ բոլորին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 27, 2012 23:00

Հեռահաղորդակցման ոլորտում առկա նվաճումները ներկայումս քաղաքական ուժերին լայն հնարավորություններ են ընձեռում ինտերակտիվ կապի ապահովմամբ կազմակերպել նախընտրական ակտիվ քարոզչություն, սակայն շատ կուսակցություններ և մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներ բավարար չափով չեն կարողանում օգտվել այդ հնարավորություններից:

Այդ բացը լրացնելու նպատակով Հանրային խորհրդի և «Ազգային համագործակցություն» հիմնադրամի հանրության հետ կապերի համացանցային ակումբում կազմակերպվել էր քննարկում` կուսակցություններին և պատգամավորի թեկնածուներին ներկայացնելու առաջարկությունների փաթեթ, թե ինչպես կազմակերպել նախընտրական քարոզչություն` օգտագործելով համացանցը:

Քննարկման հրավեր էր ուղարկվել բոլոր կուսակցություններին և մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին, սակայն ներկա էին միայն 4 կուսակցության ներկայացուցիչներ` «Օրինաց երկիր», «Հայաստանի կոմունիստական կուսակցություն», «Դեմոկրատական կուսակցություն և «Միավորված հայեր»:

Հանրային խորհրդի տեղեկատվության և հեռահաղորդակցության հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանը նշեց, որ «Ազգային համագործակցություն» հիմնադրամի հանրության հետ կապերի համացանցային ակումբը պատրաստ է լրացուցիչ հնարավորություն ընձեռել կուսակցություններին և թեկնածուներին` տեսանյութերի ուղիղ հեռարձակմամբ ներկայացնել իրենց հանդիպումներն ընտրողների հետ, կազմակերպել տեսաձայնային ուղիղ հեռարձակվող քննարկումներ, բանավեճեր, սոցիալական ցանցերում շփվել ընտրողների հետ, sociology.am կայքի «հեղինակային կարծիք» բաժնում տրամադրել անհատական էջեր, որտեղ նրանք կկարողանան տեղադրել իրենց նախընտրական ծրագրերը, տեսանյութերը, կներկայացնեն իրենց դիրքորոշումները, կպատասխանեն հարցերին, առաջարկություններին, խախտումների մասին ահազանգ կհնչեցնեն: «Մենք մեծ-մեծ խոսում ենք, սակայն հեռահաղորդակցության ոլորտում դեռևս բանանային պետության կարգավիճակում ենք»,-նկատեց Սադոյանը:

Կուսակցությունների ներկայացուցիչները նույնպես փաստեցին, որ համացանցը լայն հնարավորություններ է ընձեռում նախընտրական քարոզչությունն առավել ինտերակտիվ և օպերատիվ դարձնելու գործում, սակայն միաժամանակ նշեցին, որ այսօր Հայաստանում համացանցից օգտվում է հասարակության  20-25 տոկոսը:

Դիտվել է 1368 անգամ:
Print Friendly

Leave a Reply