Կառավարությունը մասնավորեցնում է մի շարք պետական ձեռնարկություններ
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | Աննա Մուրադյան | October 6, 2009 15:06
Ձախից՝ Արմեն Մելիքյան, Վահրամ Գասպարյան
Այսօր «Նասդաք Օէմէքս Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանն այսօր ասաց, որ կառավարության սեպտեմբերի 23-ի որոշմամբ 6 պետական ընկերությունների մասնավորեցումը կնպաստի բորսայի կայացմանը. «սրա արդյունքում կօգտագործվեն թափանցիկության և հանրությանն ավելի մատչելի մեխանիզմներ»:
Կառավարությունը որոշել է «Ընդերքաբան», «Երևանի ջրամատակարարման ուղեմաս», «Քաղաքաշինության գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ», «Ատոմսերվիս», «Կապուտակ» ու «Նարեկ» հանգստյան տներ ՓԲԸ-ները սահմանված կարգով վերակազմակերպել նույնանուն ԲԲԸ-ների:
ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության բաժնի պետ Վահրամ Գասպարյանն ասում է, որ ներկայացված ընկերությունները 100 տոկոս պետական ընկերություններ են, և 100 տոկոսն էլ ենթակա է մասնավորեցման:
«Կառավարությունն առաջարկել էր մի շարք ձեռնարկություններ, որոնցից ընտրվել են սրանք այն չափանիշի համաձայն, որ նախորդ տարին աշխատել են շահույթով, այսինքն՝ գործող ձեռնարկություններ են»,- ասաց Մելիքյանը:
Կառավարության որոշման ուժի մեջ մտնելուց հետո՝ (ստորագրման հաջորդ օրվանից) 2 ամսվա ընթացքում, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով կիրականացվի այդ ընկերությունների գնահատումը: Գնահատված չափին համապատասխան քանակի բաժնետոմսեր կտեղակայվեն ֆոնդային բորսայում, որոնք էլ կարող են ձեռք բերել ներդրողները:
Թե հետագայում ինչպիսի ճակատագիր կունենան այս ընկերությունները, Մելիքյանն ասում է, որ «կախված է նրանից, թե ինչ մարկետինգ պլանով կաշխատեն և ինչպիսի մենեջմենթ ծրագիր կիրականացնեն»:
Ըստ Գասպարյանի` կառավարությունն ունի մոտ 500 մասնավորեցման ենթակա ընկերություններ, որոնցից 100-ում պետությունը 50 տոկոս և ավելի սեփականատեր է:






Facebook
Tweet This
Email This Post
