ԱՄՆ-Ռուսաստան մրցակցությունը եւ թուրք-հայկական սահմանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | October 6, 2009 14:40
margara-closed-border-11-300x172

Փակ սահման. Մարգարայի կամուրջը, որը Թուրքիա տանող ճանապարհն է:

Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի հնարավոր բացման վերաբերյալ քննարկումներում, թերեւս, դուրս են մնացել այնպիսի հարցերի վերլուծությունը, ինչպիսիք են` սահմանի բացումից ու դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո Հայաստանի սահմանում ռուսական զորքերի մնալու խնդիրը, Իրանի գործոնը, եւ ընդհանրապես թուրք-հայկական սահմանի բացման համատեքստում ԱՄՆ-Ռուսաստան մրցակցությունը:

Հակամարտությունն այս դեպքում սահմանի բացել-չբացելու հարցի շուրջ չէ, թե’ Վաշինգտոնը, եւ թե’ Մոսկվան խրախուսում են սահմանի բացումը: Բայց թե ով կվերահսկի այդ գործընթացը, այստեղ կա լուրջ հակասություն: Կախված նրանից, թե աշխարհաքաղաքական այդ երկու ուժերից որի հովանավորության ներքո տեղի կունենա այդ գործընթացը, ըստ այդմ` Հայաստանի արտաքին քաղաքականության դաշտում էական փոփոխություններ տեղի կունենան: Ընդհանրապես ողջ Կովկասում տեղի կունենան ուժերի արմատական վերադասավորումներ, որոնք տարածաշրջանում կառաջացնեն քաղաքական ու տնտեսական նոր արդյունքներ եւ նոր հետեւանքներ:

Ռուսաստանը նախկինում միշտ ընդդիմացել է թուրք-հայկական սահմանի բացմանը« քանի որ անհանգստացած է եղել Հայաստանում ու այդպիսով Կովկասում սեփական վերահսկողության կորստի վտանգով` սահմանի բացումով Հայաստանը Թուրքիայի միջոցով ավելի արագ կինտեգրվի Արեւմուտքին: Այն, որ Հայաստանի նախագահը հենց Մոսկվայում հայտարարեց, որ հրավիրում է Թուրքիայի նախագահին` Երեւան, վկայությունն էր Ռուսաստանի արտաքին կուրսի փոփոխության մասին: Դժվար չէր կռահել, որ Ռուսաստանը, փաստորեն, արդեն աջակցում է սահմանի բացմանը:

Այժմ Ռուսաստանի համար հասունացել է հայ թուրքական սահմանի բացման անհրաժեշտությունը, քանի որ իր ձեռքն է վերցրել հայկական երկաթուղին, Իրան-Հայաստան գազամուղը: Հետեւաբար, սահմանի բացման դեպքում էներգակիրների փոխադրումները կիրականացնեն Ռուսաստանի էներգետիկան տնօրինող ուժերը ֆիանսական ու նաեւ քաղաքական եկամուտներ ապահովելով Մոսկվային:

Վերջին շրջանում Թուրքիայի հետ Ռուսաստանի կնքած էներգետիկ համագործակցության պայմանագրերը նոր իմպուլս հաղորդեցին Ռուսաստան-Թուրքիա-Հայաստան-Ռուսաստան համագործակցության հնարավոր ֆորմատի համար:

Հայ-թուրքական երկխոսությանն աջակցելու Ռուսաստանի մյուս կարեւոր դրդապատճառներից է սեփական հարավային ուղիների վերականգնումը: Անցյալ տարվա օգոստոսյան պատերազմի հետեւանքով Ռուսաստանը կտրվել է հարավին կապող Վրաստանով իր ավանդական ճանապարհներից ու այլընտրանքային ուղիների ակտիվացման կարիք ունի: Այդ նոր ուղիները միաժամանակ մեկուսացնում են Վրաստանը, քանի որ առաջիկայում իրականացվելիք համագործակցության նախագծերը, փաստորեն, շրջանցելու են նրան:

Ռուսաստանի ավանդական քաղաքականության փոփոխությունը նոր անորոշություն առաջացրեց ԱՄՆ-ի համար, որ այսուհանդերձ շարունակում է մնալ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման ավանդական միջնորդն ու ավանդական հովանավորը: 1990-ականներից սկսած Վաշինգտոնը (նաև Մեծ Բրիտանիան) ամենատարբեր ձեւերով խրախուսում են հայ-թուրքական ժողովրդական դիվանագիտությունը:

ԱՄՆ-ի համար Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հատկապես հիմա կենսականորեն կարեւոր շահ է` սահմանի բացմամբ ԱՄՆ-ը կարող է լուծել արտաքին քաղաքական դաշտում մի շարք կարեւոր խնդիրներ:

1-ին, սահմանի բացումով Կովկասում Թուրքիան կդառնա յուրահատուկ վերահսկիչ ուժ և կհավասարակշռի Ռուսաստանի գերակա դիրքը տարածաշրջանում:

Այս պարագայում` Վաշինգտոնը պարբերաբար ակնարկել է, որ սահմանի բացման դեպքում, Թուրքիայի հետ շփման գծի հայկական սահմաններում ռուսական զորքերի մնալն այլեւս անհարկի կլինի: Այս առումով ՆԱՏՕ-ական Թուրքիայի ու Հայաստանի փակ սահմանը ԱՄՆ-ի ու Ռուսատանի միջեւ եղած վերջին պատն է կովկասյան «ռազմաճակատում»:

2-րդ, ավելի իրատեսական կդառան Թուրքիայի ԵՄ-ին ինտեգրվելը: Այն հանգամանքը, որ Թուրքիան կքայքայի ԵՄ-ի առանց այն էլ վերակազմակերպման կարիք ունեցող համակարգը, ներառյալ դեմոգրաֆիկ պատկերը, փաստ է: Սրա մասին են հենց ահազանգում հատկապես Գերմանիան ու Ֆրանսիան: Բայց ԵՄ-ն ԱՄՆ-ի դաշնակից մնալով հանդերձ, նաեւ մրցակից է ԱՄՆ-ին, մասնավորապես Ֆրանսիան ու Գերմանիան, որոնք սերտ կապեր ունեն Ռուսաստանի հետ եւ աջակցում են Ռուսաստանի տարածաշրջանային էներգետիկ ծրագրերին: Ուստի, Թուրքիայի մուտքը Եվրոհամայնք ու դրանով պայմանավորված Եվրոպական համակարգի թուլացումը կօգնի ԱՄՆ-ին իր ազդեցություն ուժեղացնել Եվրոպայում:

3-րդ, Հայ-թուրքական սահմանի բացմամբ Հայաստանը Թուրքիայի միջոցով կինտեգրվի Արեւմուտքին, հնարավոր է անդամակցի եվրոատլանտյան կառույցներին, որով կնվազի Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա:

4-րդ, անցյալ տարվա ռուս-վրացական պատերազմն ու համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ստիպեցին ԱՄՆ-ի դեմոկրատական ադմինիստրացիային` տեսնել Հայաստանի տարանցիկ-տրանզիտ դերը որպես միջինասիական, կասպյան ավազանի ու Իրանի էներգառեսուրսների փոխադրման տարանցիկ ճանապարհ: Դեպի Եվրոպա փոխադրվելիք այդ ռեսուրսները կկրճատեն Եվրոպայի, գրեթե, բացարձակ էներգետիկ կախումը Ռուսաստանից:

Իրան-Հայաստան-Թուրքիա-Եվրոպա փոխկապակցված այս համակարգը կնվազեցնի ԱՄՆ-ի համար իրանական միջուկային սպառնալիքը, քանի որ, ինչպես ԱՄՆ կառավարության շրջանակներում վաղուց շրջանառվում է, Իրանի ինտեգրացումը տարածաշրջանային ծրագրերի մեջ նրան ավելի կանխատեսելի կդարձնի: Իրանն իր հերթին կստանա տնտեսական վիթխարի դիվիդենտներ: Այսպիսով` հաշվի առնելով Հայաստանի բարիդրացիական հարաբերությունները Իրանի հետ, Թուրքիա-Հայաստան կամուրջը կարող է լինել լավագույնը Արեւմուտքի ու Իրանի միջեւ:

Այս ռազմավարության իրականացման ու դրա հաջողության դեպքում ԱՄՆ-ը կլուծի Ռուսաստանի հետ հաջորդ` Իրանը Ռուսաստանի ազդեցության գոտուց հանելու խնդիրը: Իրանն ու Ռուսաստանը« չնայած դաշնակիցներ են «ընդհանուր թշնամու»` ԱՄՆ-ի դեմ, բայց ինչպես ասում է Փալմերստոնը`«չկան մշտական դաշնակիցներ ու չկան մշտական թշնամիներ, կան մշտական շահեր»: Իսկ ներկա պահին Իրանի նկատմամբ միջազգային տնտեսական սանկցիաների հնարավորությունն առավել քան երբեւէ իրատեսական է դարձել ու սպառնում է Իրանի տնտեսության կործանմանը:

Բացի դրանից« Իրանն ու Ռուսաստանը գազի բնագավառում լուրջ մրցակիցներ են: Ուստի Իրանի շահերից է բխում Արեւմուտքին գազ մատակարարելն ու միայն այս պարագայում կարող է իրականանալ ամերիկյան «Nabucco» գազատարի նախագիծը« որը բավարար գազ չունենալու ու ռուսական «South Stream» գազատարի իմիջի բարձրացման պայմաններում կորցրել է իր դերը:

Հայ-թուրքական երկխոսության գործընթացն իրականում սկսեց ակտիվանալ հենց այս` ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ սկսված մրցակցության արդյունքում:

Ռուս-թուրքական մերձեցումը մարտահրավեր էր ԱՄՆ-թուրքական հարաբերություններին, որը սառել էր իրաքյան պատերազմի պատճառով:

Այս պայմաններում ԱՄՆ-ի համար Թուրքիայի դեմ նոր որակի «զենք» դարձավ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման սպառնալիքը: Թերեւս այդ «զենքի» օգտագործմամբ էր պայմանավորված ապրիլին հրապարակված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման «ճանապարհային քարտեզը», որով Թուրքիան առաջին անգամ համաձայնեց Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորել առանց «Լեռնային Ղարաբաղի» ու «Հայոց ցեղասպանության» նախապայմանների:

Դրան հետեւեց Ռուսաստանի հարաբերական պասիվությունը հայ-թուրքական գործընթացի նկատմամբ: Իսկ Թուրքիայի համար անհրաժեշտ դարձավ խուսափել ԱՄՆ-ի ճնշումներից: Թուրքիան սկսեց խոսել նախապայմաններից« փորձեց արտաքին քարոզչությամբ ցույց տալ Ադրբեջանի ու ներքաղաքական դժգոհությունը, որպեսզի նվազեցնի արտաքին ճնշումները, համոզում էր միջազգային հանրությանը, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը չափազանց դժվար է (այդ քաղաքականությունը մինչ օրս շարունակվում է):

Ապա« 2 ամիս առաջ Ռուսաստանի հետ կնքած էներգետիկ պայմանագրերով Թուրքիան հերթական անգամ «երես թեքեց» Արեւմուտքից (ռուս-վրացական պատերազմի ժամանակ եւս Թուրքիան չէր աջակցել ամերիկյան ալյանս Վրաստանին ու սիրաշահելով Ռուսաստանին« չեզոքություն պահեց ողջ գործընթացում)` խիստ հարցականի տակ դնելով ամերիկյան ՙNabucco՚-ի իրականացման հնարավորությունը:

Սակայն« իրադարձությունների զարգացման այս տեմպի ընթացքում Թուրքիան արդեն հայտնվել էր փակուղու մեջ© ճկունությամբ հայտնի թուրքական դիվանագիտությունը չհասցրեց վերահսկել գործընթացը« որում Թուրքիան արդեն թաթախվել էր: Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ Անկարայի քաղաքական կամքի դրսեւորմամբ արդեն շահագրգռված են բոլորը« թե’ ԱՄՆ-ը« թե’ Ռուսաստանը« թե’ Եվրոպան:

Ամերիկյան բարձր ամբիոններից շարունակում են հնչել` «հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների ու ողջամիտ ժամկետներում», եւ վերահաստատում, որ ԱՄՆ-ը շահագրգռված է հայ-թուրքական սահմանի բացմամբ:

Այսպիսով` Թուրքիան արդեն կոնկրետ քայլեր պետք է աներ, կա’մ դուրս գար Հայաստանի հետ բանակցություններից, կա’մ իրական կամք ցուցաբերեր:

1-ին տարբերակը կարժանանար ԱՄՆ-ի` Ռուսաստանի ու շահագրգիռ վերպետական այլ ուժերի սուր դժգոհությանը եւ կիջեցներ Թուրքիայի այն խաղաղարար իմիջը, որ վերջին տարիներին փորձում է ստեղծել Էրդողանը:

Ճնշումներից խուսափելու ու նաեւ սեփական շահերը հաշվի առնելով էր, որ Թուրքիան ընդունեց նաեւ օգոստոսի 31-ին հրապարակված հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները: Այս արվեց ԱՄՆ-ի ակնհայտ ազդեցությամբ: Պատահական չէ, որ արձանագրությունները ստորագրելու ժամանակ Ցյուրիխում բացի Հայաստանից, Թուրքիայից ու շվեյցարական կողմերից, հավանաբար ներկա կլինի ԱՄՆ Պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը:

Հայ-թուրքական գործընթացի ավարտի թերեւս նախավերջին փուլում` որպես հովանավոր հանդիսանում է ԱՄՆ-ը:

Սակայն, հաշվի առնելով այն« որ Հայաստանի էներգետիկ սեկտորի գրեթե 80 տոկոսը Ռուսաստանի կախվածության տակ է, իսկ Հայստանի երկաթուղիները պատկանում են «Ռուսական երկաթուղիներին», այն, որ Թուրքիան 70 տոկոս բնական գազի ու 25 տոկոս նավթի կախվածություն ունի Ռուսաստանից, ԱՄՆ-ի համար դժվար կլինի մենաշնորհային հովանավորություն ունենալ «հայ-թուրքական սահմանի վրա»:

Մասնավորապես« Իրան-Հայաստան-Թուրքիա-Եվրոպա գազի ամբիցիոզ կամրջի ստեղծման համար (որը ինչպես նշեցինք Իրանին կանխատեսելի դարձնելու ԱՄՆ-ի նպատակն է) ԱՄՆ-ին անհրաժեշտ է Ռուսաստանի «լռությունը»: Իսկ այդ «լռությունը» կարող է լինել գազը ռուսական խողովակաշարով տեղափոխելու ձեւով:

Այս առումով« չպետք է բացառել ռուս-ամերիկյան հնարավոր համագործակցությունը «հայ-թուրքական սահմանի վրա»:

Բացի այդ« անկախ ամերիկյան շահերի իրականացումից, Ռուսաստանն իր տնտեսական ու քաղաքական շահերը կարող է իրացնել այլ` Հայաստան-Թուրքիա-Արաբական աշխարհ ուղղությամբ, որը նոր համակշիռ կլինի Հայաստան-Թուրքիա-Եվրոպա ուղղությանը: Արաբական երկրների հետ Հայաստանով կապվելու Ռուսաստանի հնարավորությունը քաղաքական նոր լիցք կհաղորդի Մոսկվայի քաղաքականությանը` Մերձավոր Արեւելքում ամերիկյան ազդեցությունը հավասարկշռելու համար:

Այդուհանդերձ, Հայաստանյան սահմանների վրա ռուսական զորքերի մնալու հիմնախնդիրն օդից կախված է մնում: Այս հարցի շուրջ Ռուսաստանը փոխզիջման պատրաստ չէ: Հայաստանն էլ դեռ պատրաստ չէ կտրուկ արտաքին օրիենտացիոն փոփոխությունների, քանի որ ղարաբաղյան հարցում Թուրքիայի ռադիկալ պրոադրբեջանական դիրքը դեռ սպառնալիք է: Ռուսաստանը դեռեւս Թուրքական սպառնալիքի դեմ գարանտի դեր է կատարում: Սահմանի բացումն ու Թուրքիայի հետ հարաբերությունների ջերմացումը կարող է չեզոքացնել թուրքական վտանգը, որի շնորհիվ Հայաստանը պատրաստ կլինի առանց ռուսական զորքերի պաշտպանել իր սահմանը: Այդ դեպքում Հայաստանը «երես կթեքի» Ռուսաստանից ու անուղղակիորեն կմերձենա ԱՄՆ-ին: Դրանով կփլուզվի երկարատև «պատը» Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ եւ այդ փլուզումը կվկայի ԱՄՆ-ի հաղթանակը «կովկասյան ճակատում՚ ու ընդհանրապես ՙհետխորհրդային ճակատում»: Զորքերի դուրսբերումը բացասաբար կանդրադառնա Ռուսաստանի միջազգային հեղինակության վրա:

Ակնհայտ է, որ թուրք-հայկական սահմանի բացումից հետո սպասվելիք գործընթացները Հայաստանը կդարձնի ոչ թե շահերի բախման խաչմերուկ, այլ նրան կընձեռի շահեր ստանալու ընտրության հնարավորություններ:

Թուրքիայի ներկայիս կարեւորությունը` որպես էներգառեսուրսների փոխադրման համար ստրատեգիական երկիր, առաջիկայում պայմանավորված կդառնա Հայաստանի գործոնով: Այսինքն, Հայաստանի մուտքը Արեւելք-Արեւմուտք ու Հյուսիս-Հարավ ուղիների համակարգ, անուղղակիորեն կախման մեջ կդնի 4 կողմերում ընկած երկրներին:

Դիտվել է 2286 անգամ:
Print Friendly

Leave a Reply