Մարգար Օհանյանի համար դատախազը 8 տարվա ազատազրկում է առաջարկել
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | March 27, 2012 19:24Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` մարտի 27-ին, մեղադրող Հարություն Հարությունյանն առաջարկեց Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանին ազատազրկել 8 տարով:
Իր խոսքում նա նշեց, որ ամբաստանյալներ Մարգար Օհանյանը, Ստեփան Կարախանյանը, Սամվել Մախմուրյանը եւ Արա Լեւոնյանը մեղավոր են իրենց մեղսագրվող արարքի մեջ եւ պետք է համապատասխան պատիժ կրեն:
Դատախազը երկու ժամից ավելի մեղադրական ճառ կարդաց: Նա առաջարկեց Ստեփան Կարախանյանին դատապարտել 6 տարի ազատազրկման, Արա Լեւոնյանին` 5 տարի վեց ամիս պայմանական ազատազրկման, Սամվել Մախմուրյանին` 5 տարի ազատազրկման, սակայն առաջարկեց պատիժը պայմանական չկիրառել եւ սահմանել փորձաշրջան:
Մեղադրողը Մարգար Օհանյանի համար առաջարկեց 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով դատապարտել 7 տարվա ազատազրկման գույքի կեսի բռնագրավմամբ եւ 3 տարի ազատազրկման` 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Պատիժները մասնակի գումարելու արդյունքում նա առաջարկեց Մարգար Օհանյանին դատապարտել 8 տարի ազատազրկման` գույքի կեսի բռնագրավմամբ: Նա նաեւ դատարանին առաջարկեց, որպեսզի Մարգար Օհանյանի գույքի վրա դրված կալանքը չհանվի:
Դատախազ Հարություն Հարությունյանն իր ճառի ընթացքում հատուկ անդրադարձավ Մարգար Օհանյանի այն հայտարարությանը, թե իր հանդեպ հետապնդումը իրականացվում է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ուղղորդմամբ: Ըստ դատախազի` այդ հայտարարությունը արժանահավատ չէ ու եթե Մարգար Օհանյանն այլ անձանց, այդ թվում` իր նախկին ղեկավարության կողմից կատարած հանցանքի վերաբերյալ փաստեր ունի, կարող է ցանկացած պահի ցումունք տալ:
Նշենք, որ Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատիկանիշներով:
Ըստ այդմ, 2009 թվականի հունվարից մինչեւ 2011թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում ոստիկանության ՃՈ տրանսպորտային միջոցների շահագործման համար ՀՀ պետական բյուջեի եւ ՃՈ արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք է բերվել եւ ՃՈ 1-ին եւ 2-րդ սպայական գումարտակներին բաշխելու համար Օհանյանին է հատկացվել 2 480 720 լիտր բենզին:
Ըստ մեղադրանքի, Մարգար Օհանյանը յուրացրել է Ճանապարհային ոստիկանությանը հատկացրած 574 հազար 420 լիտր բենզինը` կտրոնների տեսքով, դրանով հասցնելով պետությանը 160 միլիոն դրամի (շուրջ 420 հազար դոլար) չափով վնաս:
NEWS.am