Բրիտանական մամուլը «Չերչիլի սիրելի հայկական կոնյակի» մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 27, 2012 14:49

Լոնդոնյան «Evening Standart» պարբերականը գրում է, թե Ուինսթոն Չերչիլի սիրելի հայկական կոնյակը, որը «ինչպես ասում են, կարևոր դեր է խաղացել հետպատերազմական Եվրոպայի ձևավորման գործում», առաջին անգամ վաճառքի է հանվել Բրիտանիայում:

Բիզնես մեկնաբան Ջոնաթան Փրինի հոդվածում նշվում է, թե Չերչիլը համտեսել է հայկական կոնյակը Ստալինի հյուրասիրությամբ դեռևս 1945թ-ին Յալթայի կոնֆերանսի ժամանակ: Այնուհետև, Երկրորդ աշխարհամարտից հետո Սովետական Միության առաջնորդն ամեն տարի մոտ 400 շիշ կոնյակ է ուղարկել Չերչիլին:

«Այնուհանդերձ, երկար տարիներ բրիտանական հանրությունը զրկված է եղել հայկական կոնյակից, քանի որ դրա արտահանման խիստ սահմանափակ չափաքանակներ են գործել, որոնք հիմնականում պատվիրվել են Կոմունիստական կուսակցության վերնախավի համար»,- գրում է հեղինակը:

Նշվում է, թե «երկաթե վարագույրի» տապալումից 20 տարի անց առաջին անգամ «Վինորիում» ընկերությունը Լոնդոնում իրացնելու համար ներկրել է 10 000 շիշ կոնյակ: Մեկ շշի միջին արժեքը Լոնդոնում կազմում է 29 եվրո: Ներկրող ընկերության ներկայացուցիչը հույս է հայտնել, թե Արարատ ապրանքանիշի կոնյակները մոտ ապագայում վաճառքի կհանվեն ողջ Բրիտանիայում:

«Կարծես բոլորն անակնկալի են եկել, որ կոնյակը վերջապես հասանելի է բրիտանական շուկայում: Խմիչքների վաճառքով զբաղվող խանութներն ասում են, թե մեծ պահանջարկ կա, սակայն մարդիկ հիմնականում չգիտեն՝ որտեղից ձեռք բերեն կոնյակը»:

Հեղինակը հիշեցնում է, որ հայկական կոնյակը, որը եղել է նաև Ագաթա Քրիսթիի և Ֆրենկ Սինաթրայի սիրելի ըմպելիքը, պատրաստվել է Արարատյան դաշտավայրում 1887 թ-ից սկսած:

Panorama.am

Դիտվել է 1503 անգամ:
Print Friendly

Leave a Reply