Հայաստանը՝ ֆրանսիական հայտնի «Paris Match» հանդեսի հատուկ համարում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 6, 2009 13:21

Ֆրանսիական հայտնի «Paris Match» հանդեսը, որը լույս է տեսնում մեկուկես միլիոն տպաքանակով, հոկտեմբերի առաջին համարում 16 էջանոց հատուկ գունազարդ ներդիր է հատկացրել Հայաստանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից հայտնել են, որ «Հայաստանի վերազարթոնքը» խորագրով ներդիրը բացառիկ լուսանկարների եւ տեքստերի միջոցով ներկայացնելու է այսօրվա Հայաստանը, նրա կշիռն ու տեղը տարածաշրջանում ու աշխարհում:

Ներդիրը բացվում է ֆրանսիական հասարակության երեք հանրաճանաչ դեմքերի խոսքերով. ֆորմուլա 1-ի բազմակի չեմպիոն Ալեն Պրոստը, հայտնի երգչուհի Էլեն Սեգարան, հանրահայտ հեռուստալրագրող, «Պարի սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Շառլ Վիլնյովը պատմում են իրենց հայկական արմատների եւ Հայաստանի հետ կապի մասին:

«Իմ երեխաների երակներով հայկական արյուն է հոսում, նրանք դաստիարակվել են հայկական ոգով եւ գիտեն իրենց նախնիների պատմությունը»,- ասում է Ալեն Պրոստը:

Երգչուհի Էլեն Սեգարան պատմում է իր մանկական հուշերի, Շառլ Ազնավուրի հետ երեք տարի առաջ Հայաստանում տված բացառիկ համերգի մասին:

Իսկ Շառլ Վիլնյովն ասում է, որ իր համար հայկականությունն առաջին հերթին հիշողության առջեւ պարտքն է:

Ներդիրում ներառված է նաև հարցազրույց՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Հանդեսի ղեկավարության կարծիքով՝ Հայաստանին նվիրված ներդիրը, որի աշխատանքներն սկսվել են դեռեւս մեկ տարի առաջ, ամենահաջողվածներից է եւ մեծ հետաքրքրություն է առաջացրել ընթերցողների շրջանում:

Դիտվել է 1195 անգամ:
Print Friendly

Leave a Reply