Առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծերի փաթեթը նախատեսում է կասեցնել բնական ռեսուրսների գերշահագործումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 11, 2009 18:44

bnapahpan1

Այսօր ԱԺ պատգամավորների 65 կողմ, 1 դեմ, 5 ձեռնպահ ձայների բաշխմամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնավերահսկում իրականցնելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Ըստ այդ փաթեթի` շրջակա միջավայրն աղտոտող ու վնասակար նյութեր արտանետող կազմակերպություններում պետք է ներդրվի ինքնահսկման համակարգ:

«Ինքնահսկման նպատակն է համալիր միջոցառումների իրականացման միջոցով հնարավորինս կանխարգելել կամ նվազեցնել շրջակա միջավայրի վրա տվյալ կազմակերպության ունեցած վնասակար ազդեցությունը և բնական ռեսուրսների գերշահագործումը»,-պարզաբանեց ՀՀ Բնապահպանության նախարար Արմեն Հարությունյանը:

Այս համակարգի ներդնումը բավական ծավալուն ու ծախսատար գործընթաց է և նախատեսվում է իրականացնել 2 տարվա ընթաքում:

Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը դեմ արտահայտվեց այս օրինագծին` պատճառաբանելով, որ վերահսկողության այլ միջոցներ պետք է իրականացնել և ոչ թե նոր լաբորատորիաներ, հաշվիչ ու չափիչ սարքավորումներ տեղադրել:

Արմեն Հարությունյանի հավաստմամբ` մինչև երկրորդ ընթերցում հաշվի կառնվեն բոլոր դիտողությունները, և քվեարկությանը կներկայացվի ավելի համապարփակ օրինագիծ։

Դիտվել է 1118 անգամ:
Print Friendly

Leave a Reply