Արթուր Աբրահամ-Պյոտր Վիլշեւսկի մենամարտին հաշված օրեր են մնացել

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 27, 2012 22:09


4 օր է մնացել Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ 32-ամյա Արթուր Աբրահամի ու 33-ամյա լեհ Պյոտր Վիլշեւսկու մենամարտին: Արթուր Աբրահամն այսօր անցկացրել է բաց մարզում, ապա մամլո ասուլիսի ժամանակ ասել է, որ մարտի նախապատրաստական փուլն ընթացել է ըստ ծրագրածի, եւ ներկայում ինքը լավ մարզավիճակում է:
“2,5 ամսից ավելի լրջորեն նախապատրաստվում էի մենամարտին: 5 շաբաթ մարզվել եմ Բեռլինից 100 կմ հեռավարության վրա գտնվող մարզաառողջարանային Քինբաում քաղաքում: Մրցակցիս ոճին համապատասխանող բռնցքամարտիկներ էին հրավիրվել Գերմանիա` սպարինգներ անցկացնելու: Հիմա ինձ մոտ ամեն ինչ հիանալի է: Չեմ թերագնահատում Պյոտր Վիլշեւսկուն, սակայն կարծում եմ, որ հաղթանակն իմը կլինի”,- ասել է Արթուր Աբրահամը:
Նշենք, որ հայ բռնցքամարտիկի մարզավիճակից գոհ է նաեւ նրա մարզիչը` Ուլի Վեգները:
“Այս ընթացքում մենք` ես եւ մարզիչս դիտել ենք մրցակցիս մարտերի տեսագրությունները` նրա սխալներն օգտագործելով մենամարտի իմ մարտավարությունը մշակելիս”,- հավելել է Արթուր Աբրահամը:
Հիշեցնենք, որ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը նախանշված է մարտի 31-ին, Գերմանիայի Քիլ քաղաքի “Sparkassen-Arena” մարզահամալիրում: Աբրահամի մրցակիցն է EBU վարկածով նախկին չեմպիոն 33-ամյա լեհ Պյոտր Վիլշեւսկին: Մրցելույթը ցուցադրվելու է Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում Հայաստանի ժամանակով ժամը 2.00 (մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը):

Դիտվել է 1146 անգամ:
Print Friendly

Leave a Reply