«Dasaran.am» կրթական ծրագրին են միանում ՀՀ մարզերի դպրոցները

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | March 26, 2012 11:08
«Dasaran.am» կրթական ծրագիրն արդեն ավարտում է Երևանի դպրոցների ներգրավումն ու ընդլայնվում՝ իր գործունեության շրջանակներ ներառելով ՀՀ տասը մարզերի դպրոցները:

Այդ նպատակով մարտի 12-ից մեկնարկել է ՀՀ մարզերի դպրոցների ներկայացուցիչների վերապատրաստման գործընթացը, որն ուղղված է օպերատորների, ուսուցիչների և դպրոցների տնօրենների համար նախատեսված էլեկտրոնային գործիքի ծանոթացմանը: Ինտերակտիվ վերապատրաստման ընթացքում մասնակիցներին հնարավորություն է տրվում ոչ միայն մանրամասն ծանոթանալ կրթական ծրագրի կողմից ստեղծած էլեկտրոնային գործիքին (ինտերֆեյսին), այլև տեղում՝ համակարգիչների առաջ, գործնական առաջադրանքների միջոցով ամրապնդել ստացած տեսական գիտելիքները: Կրթական ծրագիրը տրամադրում է նաև  «Dasaran.am»-ից օգտվելու մանրամասն տպագիր ուղեցույց և ուսուցանող տեսանյութ, ինչպես նաև ապահովում ծրագրի հետագա աշխատանքների սահուն ու անխափան ընթացքը:

Վերապատրաստումներին արդեն մասնակցել են Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի մարզկենտրոնների դպրոցների օպերատորներ և ուսուցիչներ: Շիրակի, Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի և Լոռու մարզերում վերապատրաստումներն ամենայն հավանականությամբ կկազմակերպվեն տեղում՝  «Dasaran.am» կրթական ծրագրի մասնագետների մասնակցությամբ:

«Վերապատրաստման ընթացքում նյութը շատ պարզ մատուցվեց, դպրոցի բոլոր ուսուցիչներն արդեն լավ տիրապետում են էլեկտրոնային գործիքին և հաջողությամբ կատարում մուտքագրումները»,- ասում է Հրազդանի թիվ 9 դպրոցի օպերատոր Արմինե Մկրտչյանը:  Իսկ Աշտարակի Մուղնու գյուղի հիմնական դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Մերի Խոջոյանը նշում է, որ էլեկտրոնային գործիքը բավական պարզ է աշխատում, ուսուցիչների համար դժվարություն չի ներկայացնում դրանից օգտվելը:

Հիշեցնենք, որ «Dasaran.am» կրթական ծրագրին աջակցում են ՀՀ ԿԳ նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը, իսկ մարզերում համապատասխան գործունեություն ծավալելու նպատակով կրթական ծրագիրն ստացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի թույլտվությունը: «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքերով:

Dasaran.am-իմասին

«www.Dasaran.am» կրթական ծրագիրը, որի  առաքելությունն է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստել Հայաստանում կրթության որակի բարձրացմանը, գործում է 2009 թվականից: Այն  հասանելի է արդեն Երևանի 204 դպրոցներում, իսկ ս.թ. մարտ ամսվա ընթացքում ավարտին է հասցվելու մայրաքաղաքի բոլոր դպրոցների ներգրավումը: Վերջերս ծրագիրն ստացել է Երևանի քաղաքապետարանի աջակցությունը, մասնավորապես` ս.թ. փետրվարի 8-ին «Dasaran.am» կրթական ծրագրի համահիմնադիր Սուրեն Ալոյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի միջև ստորագրվել է  փոխըմբռնման հուշագիր: Ավելի վաղ ծրագիրն ստացել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությունը. 2011թ. օգոստոսին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ ստորագրվել է համագործակցության հուշագիր, համաձայն որի` ծրագիրն ստացել է պետական հովանավորություն և դարձել պարտադիր առաջին փուլում Երևանի, ապա` ՀՀ բոլոր մարզերի դպրոցների համար: Նշենք, որ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ ծրագրի՝ նախկինում վճարովի ծառայությունները 2011թ. օգոստոսից դարձել են լիովին անվճար:

Ծրագրի նպատակն է դյուրացնել  ուսուցիչ-աշակերտ-ծնող կապը, ինչպես նաև ամրապնդել որակյալ կրթության անհրաժեշտության և կարևորության գաղափարը, բացահայտել ու խրախուսել աշակերտներին ներդպրոցական, միջդպրոցական և համահայկական ինտելեկտուալ մրցույթների, խաղերի միջոցով, ձևավորել աշակերտների, ծնողների և ուսուցիչների հաղորդակցման հատուկ համակարգ և բարձրացնել դպրոցների գործունեության թափանցիկությունը:

Դիտվել է 2142 անգամ:
Print Friendly

Leave a Reply