Սաթիկ Սեյրանյանը կորցրեց ինքնատիրապետումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 26, 2012 3:09

Ինչպես հայտնի է, խորհրդարանական ընտրություններում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ չի առաջադրել և հայտարարել է, որ պաշտպանելու է «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված թեկնածուներին: Մինչ այդ, սակայն, ասվել էր, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը թիվ 4 ընտրատարածքում սատարելու է «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանին: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալիկ Արզումանյանից փորձեցինք մեկնաբանություն ստանալ, թե իրենք կոնկրետ թիվ 4 ընտրատարածքում ո՞ւմ են սատարելու: Արզումանյանն ասաց, որ այդ հարցի վերաբերյալ ԶԼՄ-ներին կուսակցության մամուլի խոսնակը մեկնաբանություն տվել է, և դա իրենց պաշտոնական տեսակետն է: Նշենք, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամուլի քարտուղար Անժելա Խաչատրյանը մի քանի ԶԼՄ-ների ասել էր, որ կուսակցությունում Արաբկիր համայնքի թիվ 4 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներին սատարելու հարցը չի քննարկվել: Հիշեցնենք, որ այստեղ առաջադրվել է նաև «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Մենք ընտրությունների գնում ենք «ժառանգության» հետ դաշինքով, իսկ Զարուհի Փոստանջյանը դաշինքի թեկնածուն է, բայց մեկ անգամ եւս շեշտեմ, որ մենք կողմնակից ենք, որ յուրաքանչյուր ընտրատարածքում մեկ ընդդիմադիր թեկնածու լինի, որպեսզի ընդդիմադիրների ձայները չփոշիանան »,- ասել էր Անժելա Խաչատրյանը: Նշենք, որ նույն ընտրատարածքում առաջադրվել է նաև ՀՀՇ-ից` Արամ Մանուկյանը: Կարծիք կա, որ այս ընտրատարածքի ընդդիմադիր թեկնածուներից մեկը առաջիկայում դուրս կգա ընտրապայքարից: Այս հարցի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանից: Նա, սակայն, չուզեց լսել մեր հարցը, և որքան էլ զարմանլի է, փորձառու լրագրողն ու խմբագիրը մեկ այլ ԶԼՄ-ի ներկայացուցչին այսպես պատասխանեց. «Ամեն մի ախմախ լրատվամիջոցի ես չեմ պատասխանում»: Մենք էլ թերևս այսուհետ կմտածենք` ամեն մի ախմախ գործչի անդրադառնա՞նք, թե՞ ոչ: Նշենք նաև, որ Սեյրանյանը նեղսրտած էր մեր նախորդ հրապարակումներից մեկի համար, որտեղ մենք նշել էինք, որ նա ընտրությունների ժամանակ աջակցություն ստանալու ակնկալիքով հանդիպում է ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:
Կարինե Սարիբեկյան

hayeli.am

Դիտվել է 900 անգամ:
Print Friendly

Leave a Reply