Ինչո՞ւ այս տարի Նովրուզին իրանցիները քիչ եկան Հայաաստան. բողոքում են բոլորը (տեսաֆիլմ)

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | March 25, 2012 12:23

Իրանական Նովրուզ տոնն, ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ Հայաստան է բերել ավելի քիչ իրանցիների: Այս մասին փաստում են թե’ հյուրանոցների աշխատակիցները, թե’ հասարակ քաղաքացիները, թե’ այցելած իրանցիները, թե’ տաքսիների վարորդները:

Օրինակ` տաքսիների վարորդները բողոքում են, որ այս տարի քիչ իրանցիներ են եկել Հայաստան եւ իրենք չեն կարողացել նորմալ փող աշխատել: Հարցին, թե հնարավո՞ր էր իրանցիներին խաբել եւ ավելի շատ գումար պահանջել, վարորդներից մեկը պատասխանեց, որ այդքան էլ չէ, որովհետեւ նրանցից ոմանք «նայում են հաշվիչին, կոպեկ-կոպեկ հաշվում, նոր տալիս», քչերն են առատաձեռն լինում վարորդների նկատմամբ:

Իրանցիների քիչ հոսքը Հայաստան վարորդները բացատրում են «էս երկրի երկիր չլինելով»: «Դե ո՞վ կգա Հայաստան, այնքան թանկ է էս երկրում ամեն ինչ, Վրաստան կգնան էլի, ինչի՞ գան Հայաստան»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարորդների մեկը:

NEWS.am-ն այցելեց նաեւ Կենտրոնական ավտոկայան, որտեղ տեսանք իրանցիներով լի մի քանի ավտոբուսներ, որոնք արդեն մեկնում էին Թեհրան: Մեզ հանդիպած պարսիկները հիմնականում երիտասարդ տղաներ էին, կային նաեւ ընտանիքներ, ովքեր երեխաների հետ էին այցելել Հայաստան:

Իրանահայ Վոլգան NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ թեեւ Երեւանում տուն ունի, բայց այս անգամ Նովրուզին այցելելիս մնացել է հյուրանոցային համալիրներից մեկում: Հայաստանում 5-օրյա հանգիստը նրա վրա արժեցել է 1700 դոլար, ըստ որում` իրեն շռայլություններ թույլ չի տվել, հագուստ եւ այլ իրեր չի գնել: Նա եւս շեշտեց, որ այս տարի շատ քիչ իրանցիներ են եկել Հայաստան եւ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Իրանի հանդեպ միջազգային ճնշումների հետ կապված իրենց մոտ տեղի է ունեցել արտարժույթի թանկացում, որի հետեւանքով տարադրամով արտահայտված իրենց եկամուտները նվազել են:

Մեկ այլ իրանցի` Ահմադը, շեշտեց, որ Հայաստանում տարեցտարի գները բարձրանում են, ամեն ինչ թանկանում է: «Ես ընկերներ ունեմ, դրա համար եկա Հայաստան, ապրելու վայրի համար գումար չեմ վճարել, բայց էլի ահագին ծախսել եմ: Իրանի իմ ընկերները գերադասեցին այլ վայրեր գնալ` ԱՄԷ, Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան, որտեղ ավելի մատչելի է»,- նշեց Ահմադը:

Տարիներ ի վեր իրանցիներին իրենց Ամանորը երկրից դուրս նշելու հիմնական շարժառիթն այն է, որ «բաց երկրներում» ոգելից խմիչքների օգտագործման արգելք չկա, զվարճանքի եւ վայելքների վայրերը բաց են, կարելի է մի լավ լիցքաթափվել:

Նրանց Երեւան է բերել նաեւ իրենց սիրելի երգիչներին ունկնդրելու հանգամանքը, քանի որ իրանցի մի շարք երգիչներ արգելված են Իրանում, նրանք իրենց իրանցի հանդիսատեսի հետ հանդիպելու համար Նովրուզի կապակցությամբ համերգերով են հանդես գալիս տարածաշրջանի այլ երկրներում` Հայաստանում, Թուրքիայում, ԱՄԷ-ում, Ադրբեջանում: Այս անգամ, Վոլգայի խոսքով, մարզահամերգային համալիրում դատարկություն էր, շատ քիչ իրանցիներ կային` ի տարբերություն նախորդ տարիների:

Իսկ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց, որ իրանցիների այցի մասին համակարգված պաշտոնական տվյալները պարզ կլինեն ապրիլի վերջին, երբ բոլոր ատյաններից հավաքվի տեղեկատվությունը: Նրա խոսքով` Նովրուզի հետ կապված իրանցիները Հայաստան են գալիս մարտի 1-30-ն ընկած ժանանակահատվածում: Եթե 2010թ այս ժամանակահատվածում Հայաստան է այցելել 21 հազար իրանցի, ապա նախորդ տարի` 25 հազար, այս տարի եւս նրանք ակնկալում են, որ կպահպանեն աճի տեմպերը, եթե իհարկե չլինեն օբյեկտիվ խոչընդոտներ: Իսկ որպես օբյեկտիվ խոչընդոտ, Մեխակ Ապրեսյանի խոսքով, կարող է հանդիսանալ տնտեսական խնդիրը, փոխարժեքի բարձրացումը եւ այլն:

Նրա խոսքով` զբոսաշրջիկը Հայաստան մեկ այցելության ժամանակ ծախսում է միջինը 1000 դոլար` կախված իհարկե այստեղ մնալու ժամանակահատվածից, պայմաններից եւ այլն: Մտավախությանը, թե մեր հարեւան երկրները կարող են Հայաստանից «խլել» իրանցի զբոսաշրջիկներին, Զբոսաշրջության վարչության պետն արձագանքեց, որ մենք ամեն դեպքում պետք է պատրաստ լինենք մրցակցությանը եւ լինենք մրցունակ:

Նշենք, որ Նովրուզի տոնը կապված է գարնանային գիշերահավասարի հետ: Ըստ պատմաբանների` Նովրուզ տոնի արմատները գալիս են մ. թ. ա. 538 թ-ից, երբ Աքեմենյան Պարսկաստանի արքա Կյուրոսը հարձակվել է Բաբելոնի վրա: Իրանում ընդունված է տոնական սեղանին դնել 7 խորհրդանշական բարիք, որոնք պետք է սկսվեն պարսկերեն «ս» տառով: Դրանք են` խնձորը, փշատը, սխտորը, մետաղադրամը, քացախը, կանաչին ու ածիկը, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշական նշանակություն ունի: Խնձորն գեղեցկության խորհրդանիշն է, փշատը` բարության, սխտորը` առողջության, մետաղադրամը` կենցաղի ու հարստության, կանաչին` կյանքի, իսկ ածիկը` բերք ու բարիքի: Տնական սեղանի անբաժան մաս է կազմում նաեւ իրենց Սուրբ գիրքը` Ղուրանը:

Պատրաստեց` Ինգա Մարտինյանը

Դիտվել է 1705 անգամ:
Print Friendly

Leave a Reply