Մարտի 1-ի փաստահավաք խումբն այլևս չի գործում. անհանդուրժողականությունը շարունակվում է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 11, 2009 17:59

111Հունիսի 6-ին Հանրապետության նախագահի հրամանով` մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի աշխատանքների դադարեցման մասին կարգադրությունը տարբեր արձագանքներ ունեցավ:

Նախօրեին մարտի 1-ի գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը կոչ էր արել բոլորին մարտյան դեպքերի մասին ունեցած ցանկացած տեղեկություն տրամադրել հանձնաժողովին: Անդրադառնալով փաստահավաք խմբի լուծարմանը` Նիկոյանն ասաց, որ ինքը կուզեր տեսնել խմբի աշխատանքի շարունակությունը, որը ցրվեց ներքին անհամաձայնությունների պատճառով։

«Փաստահավաք խումբ ես կվերադառնամ միայն այն դեպքում, եթե դուք՝ լրագրողներդ, 24 ժամ կարողանաք յոլա գնալ Անդրանիկ Քոչարյանի կամ 168 ժամ` Սեդա Սաֆարյանի հետ»,-ասաց խմբի անդամ Ռոբերտ Ավագյանը` պատճառաբանելով իր` խմբից դուրս գալը: Իսկ խմբի ղեկավար, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Վահե Ստեփանյանը մայիսի 19-ից դադարեց հաճախել խմբի նիստերին` պատճառաբանելով խմբում ստեղծված անհանդուրժողական մթնոլորտը:

Լուծարման գործընթացը, խմբի ընդդիմադիր ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանի գնահատմամբ, սկսել էր ավելի վաղ. «մայիսի 19-ին հայտնաբերելով, որ չհրկիզվող պահարանից պակասում են որոշակի փաստաթղթեր, որոնք Ստեփանյանը հանձնել է Նիկոյանին` մենք այժմ հույսը դրել ենք մեր հիշողության վրա»,-ասում է Քոչարյանը:

Իսկ մեկ այլ ընդդիմադիր անդամ Սեդա Սաֆարյանի կարծիքով` Նիկոյանին փաստահավաք խմբի աշխատանքները պետք չեն: «Մենք ունենք փաստ, որ նախագահի հրամանով փակված մարտի 1-ի գործը երբեք չի բացահայտվելու»,- ասում է նա:

Փաստահավաք խումբը գործունեության 7 ամիսների ընթացքում պատրաստել էր 160 միջնորդություն-հարցադրումներ` ուղղված պատկան մարմիններին` մոտ 100 գիգաբայթ հիշողությամբ: «Մենք կատարված աշխատանքների մասին արդեն պատրաստել էինք 15 էջից բաղկացած զեկույց, որը պետք է ներկայացնեինք Նիկոյանին, բայց խումբը ցրվեց»,-ասում է Քոչարյանը:

Ըստ Քոչարյանի` իրենք ուշի ուշով հետևելու են ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հրապարակումներին և հրապարակայնորեն հայտնելու են իրենց անհամաձայնությունը փաստերի աղավաղման դեպքում:

Փաստահավաք խումբն ստեղծվել էր Նախագահի հրամանագրով` 2008-ի հոկտեմբերի 23-ին: Խումբն ուներ 5 անդամ` 2-ը իշխանական կոալիցիայի, 1-ը ՀԱԿ-ի, 1-ը Ժառանգության և 1-ը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներ էին:

Դիտվել է 1376 անգամ:
Print Friendly

Leave a Reply