«Հայերը» փլուզված. Նելլին, Ժակլինը եւ Արշալույսն ասում են, որ չեն կարողանում դուրս պրծնել Նադեժդա Սարգսյանի ձեռքերից

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | October 5, 2009 20:18
img_4

Դիզայներ Վահան Խաչատրյանը վկայում է, որ գերմանացիները ծրարով փող են տվել Նադեժդա Սարգսյանին, որ նա աղջիկներին բաժանի, սակայն չի տվել: Ժակլին Թումանյանը, Նելլի Պողոսյանը եւ Արշալույս Սարգսյանը շոու բիզնեսում իրենց ճանապարհին թշնամանքի խոչընդոտների են հանդիպում:

Նախկին «Հայեր» խմբի երգչուհիներ Նելլի Պողոսյանը, Ժակլին Թումանյանը եւ Արշալույս Սարգսյանը սառը պատերազմի մեջ են իրենց նախկին պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանի հետ: Թեեւ փլուզվել է «Հայեր» խումբը, սակայն տիկին Նադյայից աղջիկների կախվածությունն այնքան ուժեղ է, որ չեն կարողանում բաժանվել նրանից:

«Պատերազմը հին է, բայց արտահայտվեց անցյալ սեպտեմբերին, երբ աղջիկները հրաժարվեցին երգել, – ասում է Արշալույսի մայրիկը` Մարինե Ավագյանը: – Այն ժամանակ իրական պատճառը քողարկեցինք, ասեցինք, թե երեխաներն ավարտում են 10-րդ դասարանը, չեն կարողանում համատեղել երգն ու ուսումը»:

Իսկ աղջիկներն էլ պնդում են, որ փլուզման իրական պատճառն այն է, որ 8 տարի երգելով խմբում` նրանք ոչ մի կոպեկ չեն ստացել, իսկ Նադեժդա Սարգսյանը հարստացել է իրենց հաշվին:

Այս տարի «Հայեր» խմբի երգչուհիներն` առանց Էմմիի, որոշեցին նորից վերադառնալ երգարվեստ` բեմում հանդես գալով «Նելլի, Ժակլին, Արշալույս» անվամբ: Սակայն աղջիկների ճանապարհը փակվեց, նկարահանված տեսահոլովակները ընդամենը մի քանի անգամ հայտնվեցին եթերում: Աղջիկներն ասում են, որ մի շարք հեռուստաընկերություններ եւ նույնիսկ թերթեր հրաժարվում են նախկին «Հայեր» խմբի անդամներին ներկայացնել:

Աղջիկների վերջին տեսահոլովակների ռեժիսոր, դիզայներ Վահան Խաչատրյանն ասում է, որ Նադեժդա Սարգսյանը «ուլտիմատում» է ներկայացրել բոլոր հեռուստաընկերություններին, որ կամ աղջիկներին ցույց տան, կամ Էմմիին, իսկ նրանք էլ Էմմիին են ընտրել. «Նա համ Նադյայի աղջիկն ա, համ էլ կարող ա Եվրատեսիլ գնա», – բացատրում է աղջիկներին մերժելու պատճառը Խաչատրյանը:

Աղջիկները ասում են, որ Նադեժդա Սարգսյանը ԶԼՄներին ընկերական խնդրել կամ էլ սպառնացել է, որ նրանք մոռանան Նելլիի, Ժակլինի եւ Աշայի անունները: Ըստ տիկին Մարինեի` «Արմենիա» հեռուստաընկերության առավոտյան ծրագրի ժամանակ, երբ ընդամենը 2 րոպե էր մնացել, որ աղջիկները տաղավար գային եւ նույնիսկ հայտարարվել էր նրանց անունները, տիկին Նադյան զանգել եւ պահանջել է, որ եթերից հանեն նրանց, իսկ հաղորդավարն էլ ասել է, որ հյուրերն ուշացել են:

Աղջիկներն ասում են, որ միայն «Դար 21» ու «Երեւան» հեռուստաընկերություններն են ցուցադրում իրենց երկու տեսահոլովակները:

Նեղսրտած աղջիկներն ու նրանց ծնողները ցանկանում են միայն, որ տիկին Նադյան հանգիստ թողնի իրենց եւ թողնի, որ աղջիկներն էլ փող աշխատեն: Տիկին Մարինեն ասում է, որ Նադեժդայի մոտ երեխաներն առաջ չէին գնում, երեխաների հետ նորմալ աշխատանք չէին տանում, իսկ նա միայն խոստումներ է տվել ու խաբել իրենց:

«Մենք նոր ենք իմացել, որ արտասահմանյան համերգներից յուրաքանչյուրիս 5000 եվրո էր հասնում, ոչ միայն էդ գումարը մենք չենք տեսել, այլ հետո էլ Նադյան մուննաթ ա եկել, թե օդի փող ա տվել, տոմս ա առել», –ասում է Նելլին:

Աղջիկներն ասում են, որ դանակը հասավ ոսկորին անցյալ տարի, երբ բավական կլորիկ գումարի (ամբողջ գումարը նրանց հայտնի չէ) պայմանագրով երեք ամիս ձայնագրվեցին Գերմանիայում, իսկ վերջում տիկին Նադյան նրանց տվեց 100-ական եվրո, որ «շոփինգ անեն»:

Պայմանագրի գումարի չափի մասին բացահայտում է անում Վահան Խաչատրյանը, ով «Հայերի» հետ գնացել էր Գերմանիա որպես դիզայներ եւ թարգմանիչ. «Ես անձամբ եմ ներկա եղել գերմանացիների եւ Նադյայի խոսակցություններին որպես թարգմանիչ, ամենավերջում գերմանացիները ծրարի մեջ գումար տվեցին, որ աղջիկներին բաժանի, բայց էդ ամբողջը նա իրան պահեց», – ասում է Խաչատրյանը:

Նա նաեւ ասում է, որ Նադեժդա Սարգսյանը նաեւ գերմանացիներին է խաբել, թե նախագծի մեջ 50 տոկոս ներդրում կկատարի, սակայն չի կատարել, եւ գերմանացիները ստիպված են եղել ամբողջը վճարել:

«Մեր Գերմանիայի պրոդյուսերը հոգում էր մեր բոլոր ծախսերը, այնինչ Նադյան գնում էր ուտելիք բերում, հետն էլ սրանիցնրանից կտրոններ էր վերցնում, որ ավել գումար վերցնի պրոդյուսերից», –ասում է Արշալույսը:

Աղջիկները պատմում են, որ, խմբի բաժանումից հետո, Նադեժդա Սարգսյանի պատճառով իրենց ոստիկանություն են կանչել եւ մեղադրել, որ իրենք գողացել են տիկին Նադյայի նոր գնած համակարգիչը. «Զարմանքից քար էինք կտրել, քանի որ մենք նույնիսկ չգիտեինք Նադյայի նոր համակարգչի մասին, այն երեւի գնել էր մեր հեռանալուց հետո», – ասում է Ժակլինը:

Աղջիկները պայմանագիր ունեին կնքած Նադեժդա Սարգսյանի հետ, որի որոշ կետեր, աղջիկների պնդմամբ, Սարգսյանն իր օրինակում կեղծել է. «Ամեն անգամ երբ իրան դեմ էինք դուրս գալիս, դարակից հանում էր պայմանագիր կոչվածը, պտտեցնում օդի մեջ, բայց էդ պայմանագրի կետերն էլ կեղծ էին, որովհետեւ ինքն իրան նստել փաստաթուղթ էր գրել», – ասում է Նելլին:

Թեպետ պայմանագրով ամեն համերգից որոշակի գումար պետք է տրամադրվեր կատարողներին, սակայն, ըստ Նելլիի, Ժակլինի ու Արշալույսի, երբեք գումար չեն ստացել իրենց պրոդյուսերից: Աղջիկներն ասում են, որ իրենց պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանը ճնշել է իրենց, անվայել խոսքեր ասել, օրինակ` «…սողուներ եք, չեք կարող թռչել»:

«Նադյայից բաժանվելուց հետո մեկ տարի բուժվել ենք, մեր հոգեկան վիճակը սարսափելի էր», –ասում է Ժակլինը:

Նադեժդա Սարգսյանը հրաժարվեց «Անկախին» տալ իրեն ուղղված մեղադրանքների պատասխանները:

Դիտվել է 4220 անգամ:
Print Friendly

Leave a Reply