Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) հույսերը չարդարացան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 24, 2012 21:25

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում մերժել է միանգամից երեք դիմում: ԿԸՀ անդամներն այսօրվա նիստում քննարկեցին ու մերժեցին «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության մարտի 22-ին հանձնաժողովին հասցեագրած դիմումը, որով մտահոգություն էր հայտնվում առ այն, որ չկա իրավական մի նորմ, որը կերաշխավորի դիտորդական անկողմնակալ առաքելությունը, ինչն էլ իրենք պատրաստվում են իրականացնել այս ընտրությունների ժամանակ:

Ըստ ԿԸՀ եզրահանգման՝ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Մինչդեռ ներկայացված գրությամբ ԿԸՀ-ից խնդրվում է սահմանել իրավական նորմ, որով կլրացվի ՀՀ Ընտրական օրենսգիրքը՝ այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրության 62-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ-ում օրենսդիր իշխանությունն իրականացնում է ՀՀ Ազգային ժողովը:

Այսօրվա նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց նաև թիվ 19 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) դիմումի քննարկումը, այն պատճառաբանությամբ, որ այդ բովանդակությամբ դիմումների մասին որոշում կայացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը:

Հակոբ Հակոբյանը ԿԸՀ-ին դիմել էր չեղյալ համարել թիվ 19 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Սեյրան Սարոյանի գրանցումը, քանի որ նա Հայաստանից բացակայել է: Մինչդեռ մեծամասնականով պատգամավորության թեկնածուի գրանցման կամ չգրանցման որոշում կայացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը:

«Նշվածից ակնհայտ է, որ ներկայացված դիմումը չի կարող հանդիսանալ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկման առարկա: Ուստի դիմումը պետք է հասցեագրվի այն ընտրական հանձնաժողովին, որի իրավասության սահմաններում է բարձրացված հարցի լուծումը»,- նիստում հայտարարեց Մուկուչյանը:

Երրորդ դիմումը, որ մերժել է ԿԸՀ-ն, քաղաքացի Ռուբեն Թորոսյանի դիմումն է եղել, որի գրեթե բոլոր դիմումները նույնաբովանդակ են ու ԿԸՀ-ում մերժվում են:

Աղբյուր` Panorama.am

Դիտվել է 1259 անգամ:
Print Friendly

Leave a Reply