Վե՛րջ ջինսերին. այս սեզոնին եղեք ավելի կանացի

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | October 5, 2009 20:08

showobjectphpՋինսեր, ջինսեր ու էլի ջինսեր… կարծես կանայք հեռացել են հմայիչ ու կանացի երեւալու ցանկությունից եւ առաջնորդվում են միայն հարմարավետության չափանիշներով, մինչդեռ տղամարդիկ այնքան են ուզում իրենց կողքին տեսնել բաց ոտքեր:Այս աշնանը կանայք հնարավորություն ունեն ոչ միայն նորաձեւ, այլեւ կանացի, քանի որ սեզոնի նորաձեւության ճիչը զգեստներն են:

Մանրագործվածքից զգեստներ.

Դրանք ոչ միայն ջերմություն ու հարմարավետություն կպարգեւեն ձեզ աշնանային անձրեւոտ եղանակին, այլեւ կկոծկեն կազմվածքի թերությունները, իսկ հագուստի վրա իշխող մուգ դարչնագույն, վառ կարմիր, դեղնավուն երանգներն էլ կապահովեն բարձր տրամադրություն:

Շատերը կընդունեն, շատերն էլ, գուցե, չհամակերպվեն այս մտքի հետ, քանի որ ջինսային ոճը գերակշռող դեր է գրավում հայ կանանց հագուկապի մեջ: Եվ, եթե դուք կտրականապես դեմ եք զգեստներին, ապա ձեզ համար եւս այս աշնանը նորաձեւ լինելու տարբերակներ կան, օրինակ` զգեստ-բլուզները:

Սեզոնի ամենանորաձեւ տենդենցներից` զգեստ-բլուզը, կարելի է հագնել ոչ միայն հաստ զուգագուլպաների, տրիկոների, այլեւ ջինսերի հետ:

Դիզայներները խորհուրդ են տալիս կրել խոշոր թեւնոցներ ու վզնոցներ, քանի որ զգեստ-բլուզների հետ գոտիներն այնքան էլ նորաձեւ չեն: Փոխարենը նորաձեւ են կրծքի տակ ամրացվող մեծ ժապավենները:

Հիշեք, կոշիկին համապատասխան պայուսակի ընտրությունն այլեւս դոգմա չէ: Պայուսակ կարող եք ընտրել նաեւ հագուստին համապատասխան: Եթե զգեստը միատոն է, ապա ցանկալի է ընտրել ծաղկավուն, գունագեղ պայուսակ եւ հակառակը:

Անձրեւային վերարկուներ եւ բաճկոններ

Չափազանց նորաձեւ են սեւ կաշվե բաճկոնները` մորթե օձիքներով: Նորաձեւ են նաեւ դասական ոճի` բաց շագանակագույն, կաթնագույն, խակ կանաչ, մոխրագույն երանգներով անձրեւային վերարկուները:

Ի դեպ, կաթնագույնի երանգները գերակշռում են Max Mara-ի հավաքածուի մեջ:

Նորաձեւության մեջ շարունակում են մնալ նաեւ լայն ուսերով եւ լայն թեւերով բաճկոններն ու թիկնոց-վերարկուները: Ընդհանրապես, այս սեզոնին շատ նորաձեւ է մորթին, որը գեղեցիկ է ոչ միայն օձիքի վրա, այլ նաեւ թեւերին:

Կիսակարճ թեւեր. սեզոնի տենդեցներից մեկը.

Կարճ թեւերով բաճկոնները, մորթե մուշտակները, որոնք նորաձեւության մեջ մուտք են գործել անցյալ տարի, այս աշնան գլխավոր տենդեցներից են: Նրանք, ովքեր անցյալ տարի համարձակություն չեն ունեցել կրելու կիսակարճ թեւերով բաճկոններ, ապա այս տարի կարող են փորձել: Կիսակարճ թեւերի դեպքում խորհուրդ է տրվում կրել երկար, մինչեւ արմունկը հասնող ձեռնոցներ:

Սպիտակ երանգը, որն այնքան էլ պրակտիկ չէ, եւս նորաձեւ է: Բացի այդ, հնարավորություն է տալիս տարբերվել բոլորից: Աշնանային հավաքածուների մեջ սպիտակ կիսավերարկուներ են ներկայացրել Alexander Wang-ը եւ Lacoste-ը:

Երեկոյան զգեստներ.

Սեզոնի հիթը փայլուն զգեստներն են` ոսկեգույն եւ արծաթագույն երանգներով: Սակայն խորհուրդ չի տրվում կրել երկու երանգների համակցությամբ զգեստներ: Եթե ընտրում եք արծաթագույնը, ապա ցանկալի է կրել արծաթյա զարդեր, իսկ ոսկեգույնի դեպքում` միայն ոսկյա: Երեկոյան զգեստների անբաժանելի մասն են մեծ ժապավենները, փոթուրները, վոլանները եւ կտորից հաստ գոտիները:

Տաբատներ.

Այս աշնանը նորաձեւության հիթը կաշվե տաբատն է: Դիզայներները խորհուրդ են տալիս դրանք կրել մորթու համակցությամբ` ժակետների, բլուզների կամ կարճ կաշվե բաճկոնների ու պիջակների հետ: Ինչ վերաբերում է ձեւին, ապա նորաձեւ են դեպի ներքեւ նեղացող տաբատները, որոնք ավելի են ընդգծում կնոջ կոնքերն ու ոտքերը:

Դիտվել է 3018 անգամ:
Print Friendly

Leave a Reply