Միզապարկի քաղցկեղ. ծխելն ուռուցքի գլխավոր պատճառն է

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | October 5, 2009 20:09

Տղամարդկանց միզապարկի ուռուցքները 4-րդ տեղն են օնկոլոգիական հիվանդությունների մեջ եւ կազմում են բոլոր միզասեռական հիվանդությունների 50%-ը: Այն տարեցտարի աճում է:

Հայաստանում միզապարկի ուռուցքն ամենատարածված հիվանդությունն է միզասեռական օրգանների ուռուցքների մեջ եւ, ըստ բժիշկների, նույնիսկ շագանակագեղձի քաղցկեղից ավելի հաճախ է հանդիպում:

Տղամարդկանց միզապարկի ուռուցքները 2-3 անգամ ավելի հաճախ են հանդիպում, քան կանանց մոտ: Հիվանդների տարիքը տատանվում է 30-60 տարեկանի մեջ, իսկ ամենից հաճախ միզապարկի ուռուցքները հայտնվում են 45-ից հետո:

Ուրոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Աշոտ Ծատուրյանը ենթադրում է, որ Հայաստանում ամեն 100 000 տղամարդուց մոտ 11-ի մոտ կա միզապարկի ուռուցք: Դրանցից մոտ 70%-ը, ըստ բժիշկի, մակերեսային քաղցկեղներ են (որոնց դեպքում ախտահարվում է միայն լորձաթաղանթը), մնացածը՝ ներթափանցող (ախտահարվում է նաեւ մկանային շերտը):

urologysanantonioaudioarchiveԾատուրյանն ասում է, որ Հայաստանում այս հիվանդության վիճակագրությունը աճում է, քանի որ դիագնոստիկ հնարավորություններն են զարգանում, եւ հիվանդություններն սկսել են ավելի վաղ հայտնաբերել: Սակայն, ըստ Ծատուրյանի, հայաստանցիների անառողջ ապրելակերպի պատճառով օբյեկտիվորեն աճում է նաեւ հիվանդների թիվը:

Ուրոլոգ Ռաֆի Ջանեցյանը ասում է, որ միզապարկի քաղցկեղի առաջացման գլխավոր պատճառներից մեկը ծխախոտն է: Բժիշկի խոսքերով, ծխող մարդու մոտ միզապարկի քաղցկեղի առաջացման հավանականությունը 2-3 անգամ ավելի մեծ է, քան չծխողների մոտ: Ծխելու հետեւանքով առաջացած քաղցկեղների մեջ միզապարկի քաղցկեղը գրավում է երկրորդ տեղը՝ թոքերի քաղցկեղից հետո:

Միզապարկի քաղցկեղի առաջացմանը նպաստում են նաեւ առանց պաշտպանական միջոցների մի շարք քիմիական նյութերի, կաշվեղենի, ներկերի, մետաղական նյութերի, գազի հետ շփումը, ինչպես եւ ծխախոտը, պարունակում են կանցերոգեններ, որոնք խթանում են ուռուցքային բջիջների աճը: Ովքեր հաճախ են շփվում այդ նյութերի հետ, ռիսկային խմբում են գտնվում:

Բժիշկները փաստում են նաեւ, որ միզապարկի քաղցկեղով սպիտակամորթներն ավելի հաճախ են հիվանդանում, քան սեւամորթները:

Միզապարկի քաղցկեղի կլինիկական նշաններից առաջինն արյունամիզությունն է, որի ի հայտ գալու դեպքում պետք է անպայման դիմել բժիշկի եւ հետազոտվել: «Արյունամիզությունը կարող է լինել ոչ միայն քաղցկեղի, այլ նաեւ միզաքարային հիվանդության կամ բորբոքային պրոցեսների, նաեւ դեղերի կողմնակի ազդեցության հետեւանք, կամ էլ ներկերի հետեւանքով առաջացած խաբուսիկ գունավորում, – ասում է Ջանեցյանը, – սակայն անհրաժեշտ է անպայման ստուգվել, որպեսզի ժխտվի ուռուցքային հիվանդությունը»:

Ուրոլոգ Ռաֆի Ջանեցյանը պատմում է, որ միզապարկի մակերեսային ուռուցքները բուժում են էնդոսկոպիկ վիրահատությամբ, որից հետո հիվանդը ստանում է քիմիոթերապիա, իմունոթերապիա եւ գտնվում է հսկողության տակ:

«Ուռուցքային հիվանդության բուժման նպատակն է ուռուցքի ամբողջական վերացումը, կրկնության կանխումը եւ հիվանդի կյանքի որակի ապահովումը», – նշում է Ջանեցյանը:

Միզապարկի քաղցկեղի բուժման մեթոդներից է միզապարկի հեռացումը եւ փոխարինումը արհեստական միզապարկով:

«Նոր միզապարկը պատրաստվում է հիվանդի աղիքի հատվածից, որից ստեղծվում է մկանալորձային սֆերիկ տոպրակ, որը դրվելով միզապարկի տեղում` կատարում է միզապարկի դեր: Այսինքն, դա արհեստական միզապարկ չի` բառիս բուն իմաստով, քանի որ այն պատրաստված չի արհեստական նյութերից», – ասում է Ծատուրյանը, որ տարեկան մոտ 25-30 նմանատիպ վիրահատություն է կատարում:

Այստեղ շատերը չեն անհանգստանում իրենց առողջության մասին եւ չեն հետեւում իրենց ապրելակերպին, մտածելով, որ «քանի խնդիր չկա, կապրենք, ոնց կուզենք, իսկ երբ խնդիր լինի, կբուժվենք»: Սակայն որոշ դեպքերում ավելի հեշտ է խուսափել հիվանդությունից, քան հետո բուժվել:

Ինչպե՞ս խուսափել քաղցկեղի առաջացումից: Բժիշկներն ասում են, որ միայն չծխելը բավական է մի շարք հիվանդություններից (որոնց թվում է նաեւ միզապարկի քաղցկեղը) խուսափելու համար: Շատ կարեւոր է նաեւ քիմիական նյութերի հետ շփման ժամանակ պահպանել անվտանգության բոլոր կանոնները, կրել ձեռնոցներ եւ այլ պաշտպանող միջոցներ:

45-ն անց յուրաքանչյուր տղամարդու Ծատուրյանը խորհուրդ է տալիս տարեկան մեկ անգամ ստուգել շագանակագեղձը եւ միզապարկը, քանի որ այդ տարիքում այդ օրգանների հիվանդություններն ավելի շատ են հանդիպում:

Դիտվել է 4115 անգամ:
Print Friendly

Leave a Reply