Թուրքիայում հայաստանցի 21-ամյա Նարինեն սեռական շանտաժի զոհ է դարձել և ինքնասպանություն գործել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 24, 2012 12:13

Աշխատելու համար խորթ հոր և եղբոր հետ Ստամբուլ տեղափոխված հայաստանցի 21-ամյա Նարինե Մկրտչյանը դարձել է ազգությամբ թուրք Օրհանի շանտաժի զոհը և ինքնասպան եղել։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Նարինեի եղբայրը՝ Ժորան պատմել է, որ Նարինեն սիրահարված է եղել Օրհանին և մտադիր է եղել ամուսնանալ նրա հետ, սակայն Օրհանը խաբելով Նարինեին՝ քնել է նրա հետ և գաղտնի նկարահանել մերկացած Նարինեին։  Այնուհետ Օրհանի եղբայրը՝ Բարըշը Նարինեին ստիպել է իր հետ էլ պառկել՝ սպառնալով նրա մերկ կադրերը ցույց տալ եղբորը։ Բարըշը մերժում ստանալուց հետո Նարինեի եղբորը ցույց է տվել տեսագրությունը։

Ժորան զայրացած վիճել է Նարինեի հետ և ապտակել նրան։ Դրանից հետո Օրհանը և Բարըշը Նարինեից գումար են պահանջել՝ այս անգամ սպառնալով նրա մերկ կադրերը տեղադրել ինտերնետում։ Նարինեն փորձել է աշխատանքի վայրից հայթայթել պահանջված գումարը, սակայն անհաջողության է մատնվել և ինքնասպանություն գործել՝ ցիանիդ խմելով։

Ինքնասպանության օրը հայրն ընդմիջմանը տուն է եկել և տեսել Նարինեի անշնչացած մարմինը ու կանչել Ժորային։ Քանի որ հայր և որդի անօրինական են գտնվում Թուրքիայում, խուսափել են գնալ ոստիկանություն։ Նարինեի թաղման հարցերով զբաղվել է նրա թուրք ծանոթներից մեկը։

Աղջկա ինքնասպանության մասին լսելուց հետո շտապ Թուրքիա է ժամանել մայրը՝ Նունե Մկրտչյանը և դիմել իրավապահ մարմիններին։ Մահվան գործը հետաքննող դատախազը թույլ չի տվել Նարինե Մկրտչյանի փաստաբանին ծանոթանալ գործին։

 

 NEWS.am

Դիտվել է 841 անգամ:
Print Friendly

Leave a Reply